Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ

Նոյեմբեր 26,2010 00:00

Համաշխարհային բանկի վերլուծությունների համաձայն, Հայաստանի ծրագրերի իրականացման գրասենյակները (ԾԻԳ), իրենց գործառույթներից բացի, նաեւ գերատեսչությունների լիազորություններն են կատարում: «Վերլուծության հիմնական եզրահանգումն այն էր, որ ԾԻԳ-երը իրենց վրա են վերցրել նաեւ ոլորտների քաղաքականության մշակման պարտականությունը, ինչը անթույլատրելի է»,- երեկ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ, ՀՀ կառավարությունն ու Համաշխարհային բանկը համալիր ծրագիր են իրականացնում, ինչի արդյունքում. «Ծրագրերի իրականացման գրասենյակները ընդամենը գործառույթներ իրականացնող մարմին պետք է լինեն, իսկ քաղաքականության համար պատասխանատվությունը նախարարությունները պետք է կրեն: Խնդիրն այն է, որ ԾԻԳ-երում, վարկային միջոցների հաշվին, կարողանում էինք ապահովել բարձր վարձատրություն, եւ, բնականաբար, կարող ուժերը հայտնվում էին հենց այնտեղ, ինչի արդյունքում էլ փուլ առ փուլ քաղաքականության շատ տարրեր անցան ԾԻԳ-երին»: Վարչապետը նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսել են նախարարությունների կարողություններն ավելացնել. «Մասնավորապես, նախատեսում ենք ԾԻԳ-երում տարեցտարի աշխատակազմերի կրճատումներ անել՝ գումարները թողնելով նախարարների տնօրինության տակ, նրանք կարող են ազատորեն վարձատրել այն մարդկանց, ում կարողություններն ավելի բարձր են ու ովքեր կատարում են ավելի ծավալուն աշխատանքներ»: Պարոն Սարգսյանը նկատեց, որ ԿԳ եւ ԱՆ նախարարների նախաձեռնությամբ ու գործադիրի հավանությամբ, ԾԻԳ-երի նախկին երկու ղեկավարներ վերջերս նշանակվեցին փոխնախարարներ. «Սերգեյ Հարությունյանը առողջապահության նոր փոխնախարարն է: Նա ունի մեծ հեղինակություն միջազգային կառույցներում, քանի որ տարիներ շարունակ աշխատել է նրանց հետ, իսկ ոլորտի գիտակները նրա կարողությունները շատ բարձր են գնահատում: Երկրորդ նշանակումն էլ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանինն էր, ով տարիներ շարունակ ղեկավարում էր Համաշխարհային բանկի՝ կրթության, գիտության ոլորտը: Այս նշանակումներով կարող ենք ԾԻԳ-երի ու նախարարությունների ինտեգրացիան իրականացնել: Այս նշանակումները լուրջ կարողություններ են ձեւավորելու երկու նախարարություններում՝ ռեֆորմներն ավելի մեծ թափով առաջ տանելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել