«Ջրային օրենսգրքում լրացում ու փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երեկ կառավարության նիստում բուռն քննարկումների առիթ դարձավ: Նախագիծը ներկայացնելիս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախ բացատրեց, որ հարցը վերաբերում է փոքր հիդրոէլեկտրակայաններին. «Կառուցման ժամանակ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մինչեւ 5 տարի, ապա օգտագործման համար մինչեւ 15 տարի ժամկետով»: Այդ փոփոխությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի սրտով չէր, նա առաջարկեց փոփոխությունների իր տարբերակը. «Առաջարկում եմ մինչեւ 15 տարի ժամկետի փոխարեն գրել պարզապես 15 տարի, որովհետեւ, եթե գրում եք մինչեւ բառը, ապա ոչինչ չի հասկացվում»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ չհամաձայնեց. «Ինչո՞ւ չի հասկացվում, շատ լավ էլ հասկացվում է, եթե գրված է մինչեւ 15 տարի, նշանակում է հանձնաժողովը կարող է որոշում ընդունել 10 տարի հետո, իսկ դուք՝ 15 տարի գրելու ձեր առաջարկությամբ, սահմանափակում եք հանձնաժողովի լիազորությունները»: Պարոն Նազարյանն էլ հիմնավորեց իր պնդումը. «Քանի որ մենք երաշխավորված 15 տարի էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է գնենք, արտադրության լիցենզիա տալու դեպքում, ապա ինչպե՞ս հասկանանք ձեր ասածը, թե կարող է եւ մինչեւ 10 տարի լինել, բա էն 5 տարին ուր կորավ, չէ՞ որ ամբողջ ներդրումների խթանիչ մասը հենց այն է, որ երաշխավորված գնում ենք»: Վարչապետն էլ հակադարձեց. «Ռոբերտ Նիկոլայիչ, այսօր գործող օրենքով քանի՞ տարի է թույլատրելի ժամկետը՝ 3 տարի, չէ՞, բա ո՞նց եք հիմա անում: 3 տարին հասցնում ենք 15-ի, որովհետեւ խոսքը գնում է ջրային պաշարների գնահատման, նպատակահարմարության: Ձեր առաջարկով հանձնաժողովի լիազորություններն են նվազում, այդ դեպքում ինչպե՞ս վարվի հանձնաժողովը, եթե, օրինակ, տեսնի, որ ջրային պաշարների կամ ոռոգման խնդիրներ ունենք: Դուք հեղափոխական փոփոխություն եք առաջարկում, որի վրա պետք է ֆիքսվենք, այսինքն՝ անկախ ամեն ինչից տալիս ենք ու վե՞րջ, բայց ձեր մոտեցումը ինչքանո՞վ է պետության շահերը հաշվի առնում»: Ռ. Նազարյանն էլ առաջարկեց. «Էդ դեպքում գուցե էներգետիկայի մասին օրենքո՞ւմ էլ փոփոխություն կատարենք ու գրենք, որ մինչեւ 15 տարի ժամկետով կգնենք այդ հոսանքը, հակառակ դեպքում՝ հակասության մեջ ենք մտնում, ներդրողն էլ վստահ չի լինի իր ներդրումների համար»: Պարոն Սարգսյանն էլ հարցրեց, թե ինչու Նազարյանը մինչեւ հիմա այդ երեք տարին վերացնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել: «Նախաձեռնությամբ շատ եմ հանդես եկել, տարիներ շարունակ գրել եմ էդ մասին, նույնիսկ քննարկել էներգետիկայի նախարարի հետ»,- պատասխանեց Ռ. Նազարյանը:
Երկխոսությանը միջամտեց նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահբազյանը՝ համաձայնելով Նազարյանի պնդումներին. «Ռոբերտ Նիկոլայիչը ճիշտ է ասում, հակասություններ, իրոք, կան, փաստորեն պետության անունից երաշխավորում ենք 15 տարի ներդրումների ժամկետ, իսկ ջրայինի մասով սահմանափակում ենք, այս պահին երեք տարով, դուրս է գալիս, որ ներդրողը 9 անգամ իրեն տրված ժամկետի ընթացքում պարտավոր է գնալ ու ջրօգտագործման թույլտվություն վերցնել: Այս հարցը տարիներ շարունակ բարձրացվել է»: Վարչապետն էլ, ի վերջո, տեղի տվեց նրանց փաստարկներին ու առաջարկեց. «Այդ դեպքում էներգետիկայի մասին օրենքը փոխե՛ք, որովհետեւ ջրային պաշարներ եթե չեղան, ո՞նց եք Ջրային պետական կոմիտեի փոխարեն պատասխանատվություն վերցնում ու որոշում, որ 15 տարի ներդրողը կարող է ջրային ռեսուրսները օգտագործել»: