Օրենսդրական փոփոխությամբ հակամրցակցային համաձայնությանը մասնակցող ընկերությունների խոստովանության դեպքում՝ «մեղքերի քավություն» կտան:
Երբ Հայաստանի տնտեսությունում դրսեւորվում են գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության երեւույթներ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է սկսում, սակայն շատ դեպքերում տուգանքներ չի կիրառում՝ բավարար ապացույցներ չունենալու պատճառով: Համենայնդեպս, իրենց գործողությունն այսպես են մեկնաբանում հանձնաժողովի անդամները: Որպես արդարացում, հանձնաժողովը վստահեցնում է, որ իրենց լիազորություններն այնքան սահմանափակ են, որ չեն կարողանում խորապես ուսումնասիրել եւ, ասենք, ինչպես եվրոպական երկրներում է ընդունված, հետաքննական աշխատանքներ տանել՝ ստուգելով հաշվապահական մատյաններից մինչեւ տնտեսվարողի անձնական նոթատետրերը: «Ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, դժվար է հայտնաբերել հակամրցակցային համաձայնության (կարտելային) տարրեր»,- նման կարծիք հայտնեց Գերմանիայից ժամանած փորձագետ Էբերհարդ Ֆեեսը, որը 22-23-ը Ծաղկաձորում կազմակերպված «Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանումը» թեմայով սեմինարի ժամանակ 2 օր լրագրողներին բացատրում էր, թե ինչպես պետք է պայքարել նման երեւույթների դեմ: Պրոֆեսոր Ֆեեսի ներկայացմամբ՝ լինում են դեպքեր, երբ կարտելային տարրերն առկա են, սակայն տարիներով չի հաջողվում բավարար ապացույցներ ձեռք բերել: Գործը գլուխ է գալիս, երբ հակամրցակցային հանձնաժողովին կարտելի անդամներից մեկը խոստովանում է հակամրցակցային համաձայնության մասին, ինչի համար տվյալ սուբյեկտը ազատվում է հսկայական տուգանքներից: ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրների օրենսդրական դաշտում գործում է, այսպես ասած, ներողամտության համակարգը, այսինքն՝ խոստովանողին չեն պատժում: Պարոն Ֆեեսի կարծիքով, սա ամենաարդյունավետ միջոցն է կարտելների դեմ պայքարի. «Պետք է Հայաստանում էլ ընդունվի այդ օրենքը, որը թույլ կտա բացահայտել կարտելներին»: Նշենք, սակայն, որ խոստովանությունը մեր հասարակությունում հիմնականում դիտարկվում է «գործ տալու» նման մի բան: Եվ երբ լրագրողները օտարազգի փորձագետներին բացատրում էին, որ հայկական հոգեբանության առկայությամբ դժվար թե այդ մեթոդն աշխատի, փորձագետներից մեկը բերեց հետեւյալ օրինակը. իսպանացիները, որոնք ցլամարտի սիրահար են եւ հայերի պես, այսպես ասած, «թասիբի մեռած», ներողամտության մեթոդը ներդնելուց հետո մեծագույն հաճույքով խոստովանում էին հակամրցակցային համաձայնության մասին. «Ներողամտության մեթոդի ներդրումից հետո հակամրցակցային հանձնաժողովը բազմաթիվ կարտելներ հայտնաբերեց: Նույնիսկ կարտելի անդամ հանդիսացող ընկերություններից մեկի իրավաբանը, որը պետք է «գործ տար», մի քանի գիշեր քնել է հանձնաժողովի մուտքի մոտ կայանած իր ավտոմեքենայի մեջ, որպեսզի իր հերթը շուտ հասնի»:
Օրինակ, պատկերացրեք նման մի երեւույթ մեր դեղերի շուկայում: Ասենք, մի օր երեկոյան Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ) եւ մի երկու այլ խոշոր դեղ ներմուծողներ, երեկոյան սաունայում բանավոր պայմանավորվում են դեղերի գները անհիմն բարձրացնել: Հանձնաժողովը մինչ բավարար ապացույցներ հավաքի, որպեսզի տուգանի ընկերություններին նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով, Սամվել Ալեքսանյանը ներկայանում է հանձնաժողով եւ խոստովանում, որ հակամրցակցային համաձայնության են եկել: Հանձնաժողովը այս դեպքում կների Ալեքսանյանին, իսկ մյուսներին կտուգանի: Բայց հանձնաժողովի այդ ներողամտությունից հետո, մեր հասարակության մեջ, հատկապես գործընկերների շրջանում գործարարը ձեռք կբերի «գործ տվողի» համբավ: Ուստի, մնում է այն, որ հանձնաժողովի լիազորություններն այնքան հզորացնեն, որ ինքնուրույն բացահայտի եւ կարողանա ապացուցել կարտելային վարքագիծը:
Միջազգային փորձագետների հետ քննարկվեց նաեւ վերջերս ձվի եւ պանրի շուկայում տեղի ունեցած աժիոտաժը: Հիշեցնենք, որ հավի ձվի շուկայում կասկածներ կային, որ ընկերություններից մեկը դեմպինգային քաղաքականություն է վարել: Սակայն հանձնաժողովը պարզել էր, որ դեմպինգ չկա, ընդամենը արտադրության ծավալների աճ է եղել, ինչի հետեւանքով ձուն այդքան էժան է վաճառվել: Միջազգային փորձագետն այս առնչությամբ ասաց, թե չի բացառում, որ իրոք դեմպինգ է եղել, սակայն հանձնաժողովը չպիտի վարույթ սկսեր. «Հնարավոր է, Հայաստանում դեմպինգի նման մի բան է եղել, բայց դատարանում դա ապացուցել անհնար կլիներ, դա հանձնաժողովի համար ինքնասպանություն կլիներ»:
Լրագրողների համար կազմակերպած սեմինարին մասնակցեց նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը: Դեսպանն էլ էր կարծում, որ հայաստանյան օլիգարխիկ-կարտելային կառույցներն անհրաժեշտ է ջարդել, չնայած դա բավականին դժվար գործ է: Պարոն Շմիդթի ներկայացմամբ՝ դրա համար քաղաքական կամք է պետք. «Կարտելները քանդելն անհրաժեշտ է տնտեսական դաշտում մրցակցություն ապահովելու համար: Որպեսզի տնտեսական մրցակցության հանձնաժողովը կարողանա կոտրել կարտելային կառույցները, պետք է աջակցություն ստանա կառավարության եւ Ազգային ժողովի կողմից: Կարտելների նկատմամբ պետք է կիրառվեն խիստ պատժամիջոցներ՝ հետագա չարաշահումները կանխելու համար»: