Լրահոս
Օրվա լրահոսը

15-հազարանոց հանրահավաք Լիբանանում

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"HayNews.am-ին Լիբանանից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը տեղեկացրել է, որ Նահատակաց հրապարակում հայկական համայնքի բողոքի հանրահավաքն ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հուժկու է եղել: Հիշեցնենք, որ լիբանանահայ երեք քաղաքական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, բողոքի ցույց եւ հանրահավաք էին կազմակերպել ընդդեմ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Լիբանան այցելության: «Ողջ հրապարակը լեփ-լեցուն էր: Մոտ 15 000 մարդ կար, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներն էին. չնայած սկզբում նախատեսվում էր, որ 5000 մարդ կլինի: Հանրահավաքը բացեց Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քեոշկերյանը, ելույթներ ունեցան ռամկավարներից՝ Մարտիկ Ժամկոչյանը, Դաշնակցության ներկայացուցիչ Ավո Կիտանյանը: Լիբանանի թեմի առաջնորդը՝ սրբազան Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, փակեց հանրահավաքը: Բանախոսները դատապարտեցին Էրդողանի՝ Բեյրութ կատարած այցելությունն ու պահանջեցին, որպեսզի նա ներողություն խնդրի ինչպես հայ, այնպես էլ լիբանանցի ժողովուրդներից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից գործած անմարդկային ոճիրների համար: Այն նույն հրապարակում, որտեղ մենք հավաքվել ենք, 1915թ.-ին թուրքերը կախել են մոտ 20 լիբանանցի հայրենասերների, ովքեր պայքարում էին թուրքական բռնապետության դեմ»,- ասել է Շխրտմյանը: Հանրահավաքը լուսաբանել են բազմաթիվ լրատվական գործակալություններ, հեռուստաընկերություններ: ՍԴՀԿ օրաթերթի գլխավոր խմբագիրը նաեւ ավելացրել է, որ լուրերը, թե բախումներ են տեղի ունեցել հայերի եւ Լիբանանի իրավապահների միջեւ, չեն համապատասխանում իրականությանը. «Չարաչար սուտ է: Նման բան անողներն էլ մութ ուժեր են: Երեք կուսակցությունները, ողջ հայությունն այսօր մեկ բռունցք են, միասնական եւ համախմբված: Այսօր ոչ մի հայ աշխատանքի դուրս չի եկել՝ բոլորի խանութները փակ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել