Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵԴԱՎՇՉԻՆԱ» ՉԷ, ԳԱՂՈՒԹԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՆ

Նոյեմբեր 26,2010 00:00

Հայկական բանակում ստեղծված իրավիճակը, ըստ նախկին բարձրաստիճան սպայի, պետական հոգածության բացակայության արդյունք է:

«Արցախյան պատերազմում հաղթանակեց բարոյականությունը, նվիրվածությունը, որը հետագայում ռեժիմը փուլ առ փուլ, կամաց-կամաց տրոհեց եւ բերեց անբարոյական վիճակի: Իսկ այնտեղ, որտեղ հասարակությունն անբարոյական է, բարոյական զինվոր չի կարող լինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտոնաթող փոխգնդապետ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հայկական բանակը, որի հիմքում արցախյան պատերազմում հաղթանակած զինվորն ու սպան են, այսօր այսպիսի վիճակում: Գնահատականն, իհարկե, ընդհանրական է: Գառնիկ Մարգարյանը վստահ է, որ մեր հասարակությունում կան հազարավոր մարդիկ, ովքեր բարոյական արժեքներ կրող եւ դրանցով առաջնորդվող են, սակայն պարզապես չեն դիմանում ստեղծված անբարոյական մթնոլորտին: Վերլուծելով հայկական բանակի հիմնադրումը եւ ստեղծումը՝ իբրեւ ՊԱԿ, ՆԳՆ, սահմանապահ համակարգերում ծառայած նախկին զինվորական՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց. «Հենց սկզբից հոգ չտարվեց ցածր հրամանատարական կազմի պատրաստման մասին: Բանակում բարոյական մթնոլորտը ստեղծում է դասակի, վաշտի հրամանատարը, նրանց տեղակալները՝ սերժանտական եւ ցածր սպայական կազմը: Այս տեսակը չպատրաստվեց: Փորձ արվեց զինվորական ուսումնարանում, բայց տեսեք, թե ինչ պատրաստվածության, ինչ որակի սպաներ ու սերժանտներ տրվեցին բանակին: Իսկ երբ այս խավը բանակում բացակայում է կամ վատորակ է՝ սպասել լավ բանակ, լավ կարգապահություն, առաջադրանքի լավ կատարում՝ միամտություն է: Բանակում չի լուծվել նաեւ սոցիալական խնդիրը: Առկա է մեծ մասշտաբների կոռուպցիա. վերցնենք բարձրաստիճան հրամանատարական կազմը՝ նրանց դղյակները, այլ ունեցվածքը եւ եկամուտները»: Գառնիկ Մարգարյանը շատ կարեւոր է համարում բանակի կառուցվածքը եւ դերն ազգային անվտանգության համակարգում: Նա պատրաստ է բանավիճել ցանկացած օպոնենտի հետ, ով կարծում է, թե այսպիսի կառուցվածք եւ պատրաստականություն ունեցող բանակով մենք ի վիճակի ենք դիմակայելու այն արհավիրքներին, որոնք սպասվում են մեր երկրին ու ժողովրդին հարեւան Թուրքիայից եւ Ադրբեջանից: «Չմոռանանք, որ 1992 թվականին, պատերազմի ամենադաժան օրերին, թուրքական բանակի գլխավոր շտաբում, որն այդ երկրում լրջագույն դերակատարում ունի, որոշումներ էին ընդունվում Հայաստանը հոշոտելու մասին, ու եթե չլիներ Ռուսաստանը՝ դա իրականություն կդառնար: Այնպես որ, բանակի կառուցվածքային եւ որակական խնդիրների շուրջ լուրջ մտածել եւ գործնական քայլեր է պետք իրականացնել»,- ասում է մեր զրուցակիցը: Նա նաեւ զարմանում է վերջերս հնչող այն կարծիքներից, որ «դեդավշչինան» խորհրդային բանակից ենք ժառանգություն ստացել, ու հարց է ուղղում այդպես մտածողներին՝ իսկ ինչո՞ւ ռուսական բանակում այդ երեւույթը մասսայական բնույթ չի կրում: Պատասխանն ինքը գիտե. «Պետական վերնախավը՝ նախագահի ու վարչապետի մակարդակով, հասկացան, որ բանակի խնդիրը պետք է լուծել, քանի որ բանակը պետության հենասյուներից մեկն է, պետության, երկրի ազգային անվտանգության հարցեր լուծողներից առաջատարը: Իսկ մեզ մոտ խնդիրն այդպես դրված չէ: Շատ անգամ այն դիլետանտիզմի մակարդակի է հասնում: Կամ ասում են՝ պատերազմին մասնակցել է, լոմպաստներ հագցնենք եւ դարձնենք հրամանատար: Հարցերն այսպես չեն լուծվում: Դրա համար պետք է ունենալ նախ լրջագույն կրթական բազա, բարոյական ցենզեր: Այդ պարագայում արդեն 4-5 օր գնացած զինվորը չի դառնա «աֆտարիտետ» եւ լուծի զորամասի խնդիրները: Իսկ մեր զինվորական առանձին տեղամասերում ոչ թե «դեդավշչինան» է, այլ գաղութի օրենքները»: Գառնիկ Մարգարյանն, իհարկե, չի կարծում, որ կախարդական փայտիկով եւ միանգամից կարելի է բանակում կարգ ու կանոն ստեղծել. «Երկրում է տիրում այս իրավիճակը. նույն անբարո բարքերը, սոցիալական վիճակը, ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերները տանուլ են տրված: Այս պարագայում խոսել, մեղադրել այս կամ այն զինվորականի՝ շարքային, հրամանատար, թե նախարար, լուրջ չէ: Այս խնդիրները լուծելու համար լրջագույն պետական հոգատարություն է պահանջվում, որի սկիզբը դրված չէ: Ավելին, այս ռեժիմի պարագայում անհնարին է, չի լինի: Կոսմետիկ բաներով ոչինչ չես փոխի: Ես Սեյրան Օհանյանին հարգանքով եմ վերաբերվում՝ ի տարբերություն մյուս նախարարների. չեմ ճանաչում, առիթ չի եղել, բայց նայում եմ կենսագրությունը, անցած ճանապարհը: Նա ի վիճակի չի լինելու: Բանակում պետք է սպայական «կաստյակ» ստեղծվի: Դա պատերազմին մասնակցած այն շարքայիններն են, ովքեր բարոյական տեսակի կրողը լինելով՝ կռվում էին երկիրն ազատագրելու համար: Հետո նրանցից շատերը դարձան թալանչիներ, հիմա լոմպաստներ են հագել: Այսպիսի հրամանատարական կազմով Սեյրան Օհանյանն անգամ կոսմետիկ փոփոխություններ չի կարող անել»:

Ինչ վերաբերում է ոստիկանական համակարգին, նախկին բարձրաստիճան սպան հիշում է, որ այդ համակարգի խեղաթյուրման հիմքը դրվեց դեռ 1992-ին: Այդ ժամանակ նա ՆԳ համակարգում գլխավոր վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում: «ՆԳ անձնակազմի համակարգի առաջ այդ ժամանակ նախարար Վանո Սիրադեղյանը խնդիր դրեց ոչ թե հանրային, այլ ռեժիմի շահը պաշտպանել. սա 180 աստիճանով փոխեց իրավիճակը, եւ ժամանակի ընթացքում հայկհարությունյանների ու հովհաննեսվարյանների կողմից էլ ավելի կատարելագործվեց այդ համակարգը հակազգային եւ հակաժողովրդական դարձնելու գործընթացը»,- ասում է նախկին բարձրաստիճան սպան՝ վկայակոչելով ընտրական գործընթացները եւ դրանց շուրջ ծավալված իրադարձությունները: «Այդ լրջագույն պետական կառույցը դարձել է գործիք եւ իր ոչ հայկական անվան լիարժեք կրողը: «Ոստիկան». ոստիկանները 7-րդ դարում արաբ ոստիկաններն էին, ովքեր մահակով կոտրում էին հայ մարդու ողնաշարը: Միլիցիան էլ գուցե այն չէ, բայց դա ուրիշ ծագում ունի՝ իտալական ժողովրդական զինված ջոկատներն էին, որոնք ստեղծվեցին ու գործում էին՝ պաշտպանելով ժողովրդին ու ժողովրդի շահը»,- եզրափակեց Գառնիկ Մարգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել