Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԻՂ ԽՆԴԻՐ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"Պատանեկությանս տարիներին, երբ ես առաջին անգամ Ջավախքից գալիս էի Երեւան՝ տեսա Արարատը: Մինչ այդ տեսել էի ոչ թե գրքերում, թերեւս դասագրքերում չկար Արարատի պատկերը, այլ բացիկների վրա: Եվ Թալինից Արարատյան դաշտ իջնելուց տեսա Լեռը Սրբազան: Հետո ոչինչ, որ մեր պատմության դասատուին երեւանյան կրկեսի ժամանակավոր հյուրանոցում ծեծեցին, ով մեզ Հայաստան էր բերել: Մենք բոլորս պատրաստ ու ուժեղ տղաներ էինք, բայց չփորձեցինք օգնել մեր դասատուին, որովհետեւ մենք եկել էինք մեր երանելի հայրենիքը, որտեղ մեզ բոլորովին չէր թվում, թե այդպես կընդունեն: Հետո, շատ ավելի ուշ, երբ ես իմ հայրենիքում ուսանող էի, հասկացա պարզ մեկ բան, որ մենք սխալ էինք, որ մեր ուսուցչին տեր չկանգնեցինք, քանի որ այդ հարբած պատահական ձեւակերպումը բոլորովին էլ իմ հայրենիքը չէր: Ինչպես այսօր իմ հայրենիքը չեն այն մարդիկ, որոնց թվում է, թե իրենք են մեր երկիրը պահում…

Այսօր զարմանալիորեն կա ընդունված առաջին կարծիք, երկրորդ կարծիք, կա դիմություն եւ չընդդիմություն: Ես երրորդ կարծիքն եմ: Բայց բարի եղեք, տիկնայք եւ պարոնայք, երրորդ կարծիք բոլորովին էլ չի նշանակում երրորդական կարծիք… Եվ ես՝ երրորդ կարծիքս, ասում եմ. – Թողեք անձնական, չափազանց անձնական նկրտումները՝ ինքնահաճո, ինքնանպատակ, անհայրենական, եւ հավաքվեք Սրբազան Լեռան պատկերի առաջ, որը Էր եւ Է:

Տարօրինակ է, սակայն, բախտի բերումով Աստծո ամեն օր ես աշխատանքի գնալիս եւ վերադառնալիս նայում եմ, որ տեսնեմ Լեռը, երբ մանկությունից երազել էի: Եվ մտածում եմ. – Մի՞թե կարելի է այլ բան մտածել, դավադիր բան մտածել, քանի որ քո դեմն է Լեռը Սուրբ…

Մտածում եմ նաեւ, որ Լեռանն ուխտագնացության եկած աշակերտներին եւ նրանց պատմության դասատուին չի կարելի վիրավորել, ով իր աշակերտներին բերել էր ցուցադրելու Սուրբ Լեռը, քանզի ինչպես մենք, եւ ուսուցիչները նույնպես՝ անցողիկ են, բայց իրենց արժանապատվությունն իրենց աշակերտների մեջ պետք է լինի: Ուսուցչին չպաշտպանողը լեռը չի կարող հասկանալ, քանի որ լեռը հավերժական է եւ ճակատագիր: Այսինքն թե՝ մեր դիմաց ուղիղ խնդիր է դրված, անենթակա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել