Լրահոս
Օրվա լրահոսը

Գագաթաժողով՝ հանուն գագաթաժողովի

Նոյեմբեր 26,2010 00:00

ՀՀ ԱԳ նախկին նախարարի կանխատեսումները

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Project Syndicate-ի կողմից հրապարակված «Կովկասի հրամայականը» իր հոդվածում Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովի նախաշեմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կանխատեսումներ է արել: Այդ մասին տեղեկացնում է «ԱրմԻնֆո» գործակալությունը:

Նախկին նախարարի հոդվածում նշվում է, որ Աստանայում ԵԱՀԿ-ն վերջին 10 տարվա ընթացքում առաջին եւ սառը պատերազմից հետո ընդամենը չորրորդ անգամ գագաթաժողով կգումարի: «Բնավ պատահական չէ, որ գագաթաժողովների միջեւ տասնամյա ընդմիջումը համընկավ աշխարհում Ռուսաստանի դիրքերի վերանվաճման հետ, որոնք թուլացել էին Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին: Ռուսաստանի «վերածնունդի» արդյունքում հետխորհրդային պետությունները եւ հին Եվրոպան ներառող միակ համաեվրոպական եւ տրանսատլանտյան կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի ներսում ծագեցին մի շարք տարաձայնություններ՝ ընտրական գործընթացների մոնիտորինգից մինչեւ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը. ամենատարբեր խնդիրների շուրջ ԵԱՀԿ անդամ 56 պետությունների միջեւ չկա ընդհանուր համաձայնության դաշտ: Ավելին, Ռուսաստանի եւ մյուսների միջեւ լուրջ հակադրություններ կան շատ խնդիրների, այդ թվում՝ նոր, այլընտրանքային անվտանգության համակարգի շուրջ, որը, Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի պատկերացմամբ, կարող է գործել ԵԱՀԿ հովանու ներքո: Ունենալով մի շարք անհամաձայնություններ եւ փոխարենը ոչ մի նշանակալի համաձայնագիր, որ պատրաստ լինի ստորագրության Աստանայում, սա նման է գագաթաժողովի՝ հանուն գագաթաժողովի: Չունենալով նախապես ծրագրված ձեռքբերումներ՝ պատվիրակությունները եւ նրանց ղեկավարները սկսելու են փնտրել որեւէ ձեռքբերման հնարավորություն՝ աշխարհին ներկայացնելու համար ԵԱՀԿ-ի ամենատարբեր՝ մարդկային, տնտեսական կամ անվտանգության չափումներում: Այդ փնտրտուքը կարող է ուշադրությունն ուղղել ԵԱՀԿ տարածքում միակ հակամարտությանը՝ Ղարաբաղին, որտեղ ԵԱՀԿ-ն ուղղակի դերակատարում ունի: Ի տարբերություն ռուս-վրացական պատերազմի, վստահաբար կարելի է ասել, որ բախման դեպքում կողմերի հնարավորություններն այնքան անհավասար չեն, որ նույնքան մեծ միջազգային ուշադրության արժանանան: Բայց հաշվի առնելով Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ՝ Ղարաբաղի շուրջ զինված գործողությունների վերսկսումը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության: Հավանաբար այդ պատճառով է խոսվում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Նման հեռանկարը պարունակում է թե մեծ հնարավորություն, թե մեծ ռիսկեր»,- գրել է ԱԳ նախկին նախարարը:

Նրա դիտարկմամբ, Աստանայում կողմերի համար ընդունելի ծրագիր կարող է ծնվել այն դեպքում, եթե այդ ծրագիրը կառուցվի այն գաղափարի վրա, որը նախկինում փակուղի մտած բանակցությունները տեղից շարժելու հնարավորություն ստեղծեց: «Խոսքը հանրաքվեի գաղափարի մասին է, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդը կորոշի սեփական երկրի վերջնական կարգավիճակը: Այս հանգամանքներում հանրաքվեի առավելությունն այն է, որ ընդունում է, թե հակամարտության հիմքում կա երկու հիմնարար սկզբունք՝ ժողովուրդների ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Սակայն մինչ այժմ չկա համաձայնություն հանրաքվեի ժամկետի վերաբերյալ: Այդ խնդիրը շարունակում է մնալ հակամարտող կողմերի միջեւ մնացած խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը:

Եթե Աստանայում բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ամրապնդվի հանրաքվեի գաղափարը եւ առաջարկվի երկու կողմերի համար ընդունելի ժամկետ, սա կարելի է համարել զգալի ձեռքբերում: Այդ դեպքում գագաթաժողովը կարելի է համարել հաջողված, ԵԱՀԿ-ն նույնպես հաջողություն կարձանագրի, եւ Ղարաբաղը հակամարտության հոմանիշից կվերածվի խաղաղության հոմանիշի»,- ասված է Վարդան Օսկանյանի հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել