Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է»

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ նորմալ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք իշխանությունն  ունի, մնում է, որ ընդդիմությունը եւս ունենա:

– Ի՞նչ տվեց ընտրական օրենսդրությանը նվիրված համաժողովը, օգտակա՞ր էր արդյոք, թե՞ հերթական ոչինչ չտվող միջոցառումն էր, որն անցկացվեց:

– Նախ, ասեմ, որ ընդդիմադիր հատվածի մոտ մի կարծիք է ձեւավորվել, թե ներկայացվել է օրենքի նախագծի վերջնական տարբերակ, որն անփոփոխելի է: Իրականում դա կոալիցիոն սկզբունքով մշակված (հեղինակը Դավիթ Հարությունյանն է) աշխատանքային նյութ է, որը ենթակա է քննարկման եւ փոփոխության՝ ըստ առաջարկների: Տարբեր կարծիքները հաշվի առնելով՝ ունենք այս նյութը, որը եւ դրված է քննարկման: Այն անցել է նաեւ միջազգային փորձաքննություն, հաշվի են առնվել տարբեր հասարակական կազմակերպությունների առաջարկները եւ այլն: Նշեմ, որ մեր կուսակցությունը, որպես իշխանությունը ներկայացնող ուժ, մշտապես հայտարարել է, որ բաց է ամեն տեսակի քննարկումների եւ ողջամիտ առաջարկությունների համար: Շեշտում եմ՝ ողջամիտ, քանի որ եղան որոշ առաջարկներ, որոնք պարզապես զավեշտի էին հասնում, քանի որ նույնիսկ տարրական քերականության առումով մարդը կարող է առաջարկություններ անել՝ կարդացած չլինելով երկրի գլխավոր օրենքը:

– Կասե՞ք, թե կոնկրետ ովքեր են նման առաջարկություններ ներկայացրել:

– Անուններ չասեմ, բայց, օրինակ, այսպիսի առաջարկ էր արվում՝ ընտրությանը մասնակցելը պետք է լինի պարտադիր: Մինչդեռ ընտրությունը, ըստ մեր Սահմանադրության, իրավունք է եւ ոչ թե պարտադրանք: Մարդը, ենթադրենք, զզվում է եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից, եւ չի ուզում մասնակցել ընտրության, հիմա, ի՞նչ, մարդուն պարտադրենք, որ գնա ընտրությա՞ն, ըստ ոմանց առաջարկի: Սա հակասահմանադրական նորմ է:

– Ըստ որոշ գնահատականների, ոչ մի օրենք էլ չի փրկի, եթե նորմալ ընտրություններ անցկացնելու համար չկա քաղաքական կամք:

– Համամիտ եմ, սակայն մեր ընդդիմադիր գործընկերները քաղաքական կամք ասելով հասկանում են, թե միայն իշխանությունը պետք է ունենա այդ կամքը: Մինչդեռ դա միայն իշխանությանը չի վերաբերում, որովհետեւ քաղաքական դաշտում իշխանությունը միայնակ չի գործում, դաշտում կա նաեւ ընդդիմություն, եւ կա հասարակություն: Եվ որպեսզի քաղաքականություն իրականացնողները՝ իշխանությունը եւ ընդդիմությունը, ուղղորդեն հասարակությանը, պետք է առողջ մթնոլորտ լինի: Եվ քաղաքական կամքը պետք է երկուստեք: «Ամեն ինչ վատ է» սկզբունքով շարժվելով հեռուն չես գնա: Եվ նույնիսկ ամենակատարյալ օրենսդրության եւ ամենակատարյալ ընտրությունների պարագայում կարելի է գտնել պատեհապաշտների, որոնք արջի ծառայություն են մատուցում իշխանություններին եւ այդպիսով սեւացնում ընտրության գաղափարը: Իսկ ոմանք էլ կարող են վեր կենալ եւ միջազգային տարբեր ատյաններում ասել, թե տեսեք-տեսեք, ընտրությունները կեղծված են: Սա ես ճիշտ չեմ համարում: Ցավով եմ ասում. մեկ-երկու գրանտ ստանալու համար ոմանք կարող են նաեւ հայրենիք ուրանալ: Այն, որ մենք ունենք ընտրությունների հետ կապված որոշակի խնդիրներ, դա էլ է փաստ, բայց դրանք ընդհանուր լուծման կարիք ունեն եւ չեն կարող միայն իշխանությանը վերաբերել: Ինձ համար անընդունելի է նաեւ, երբ ընտրություններից առաջ մեր ընդդիմադիր գործիչները իրենց կոչերում, ելույթներում նույնն են ասում՝ ամեն ինչ վատ է, փոխեն-չփոխեն՝ կեղծված է եւ այլն: Չեմ կարծում, թե սա ճիշտ մոտեցում է: Մենք մեր պետության կազմավորման նոր փուլ ենք անցնում եւ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Առաջին հերթին իշխանություններն են պատրաստակամ եւ ամեն ինչ անում են նորմալ, արդար, ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, այնպես որ՝ քաղաքական կամքը միայն իշխանության խնդիրը չէ:

– Ի դեպ, համաժողովի քննարկումներում կարծիք հնչեց, որ ողջ ընտրական պրոցեսը ընտրատեղամասում նկարահանվի: Ընդունո՞ւմ եք այս կարծիքը:

– Ոչ, չեմ ընդունում, որովհետեւ չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր է դրանով լուծվելու: Այսօր անցել են 90-ականները, երբ կարելի էր զանգել էլցանցի տնօրենին եւ հանձնարարել, որ տեղամասում հոսանքն անջատի՝ «գործ ունենք»: Այսօր ընտրակեղծիքների այդ փուլն անցել է, նկարահանում ենք՝ ի՞նչ խնդիր լուծելու համար:

– Օրինակ, հետեւյալ խնդիրը, որ մի մարդը մի քանի անգամ չքվեարկի:

– Կան մեծ թվով վստահված անձեր բոլոր տեղամասերում, իսկ հատկապես գյուղական վայրերում յուրաքանչյուրը գիտի, թե ով որ ժամին է գնում ընտրության: Մի մոռացեք, որ կա նաեւ գաղտնիության սկզբունքը, մարդը չի ուզում գնալ ընտրության, օրինակ, իր հարաբերությունները հարազատ հորեղբոր տղայի հետ չվատացնելու համար, ով կամ իշխանության դաշտում է եւ իր պահանջն է դրել, կամ ընդդիմության դաշտում է եւ համապատասխանաբար՝ իր պահանջն է դրել: Ուրեմն մենք ի՞նչ խնդիր ենք լուծելու՝ նկարահանելով: Եթե փորձելու ենք կրկնակի քվեարկությունները, ուրիշի անձնագրով քվեարկությունները կանխել, դրա համար կա ավելի արդյունավետ եղանակ, որով նաեւ մարդկանց հոգեբանորեն չենք ճնշի՝ հանձնաժողովների անդամների սեղանների շուրջ թող նստեն նաեւ վստահված անձինք եւ հետեւեն ընտրացուցակներին, անձնագրերի հավաստիությանը եւ այլն: Եվ, վերջապես, մի մոռացեք, որ քվեարկության գործընթացին հետեւելու համար արդեն իսկ գործող օրենքով էլ վստահված անձանց տրված են լայն լիազորություններ: Մյուս կողմից էլ, պետք չէ կանխակալ կարծիք հայտնել, թե մեկ է՝ կեղծվելու են, քանի որ մենք էլ կարող ենք կոնկրետ բաներ հիշել ոչ հեռավոր անցյալում իրենց (նախկիններին նկատի ունի- Մ. Ե.) կազմակերպած մի շարք ընտրությունների կեղծիքների մասով: Բայց մենք ետ չպետք է նայենք, եւ եթե ետ նայել՝ միայն դասեր քաղելու համար:

– Համաժողովի ընթացքում կարծիքներ հնչեցին, թե միեւնույն է՝ ամեն տեղ էլ ընտրակեղծիքներ լինում են, անգամ օրինակ էին բերել, թե քարով ընտրություն անողները պատրաստ են եղել անգամ քարերը կուլ տալ՝ ընտրության պատկերը փոխելու նպատակով: Մխիթարվե՞նք դրանով:

– Ցանկացած ընտրության պարագայում կարող են լինել կեղծիքներ, անգամ ամենաժողովրդավարական հռչակված երկրներում: Շատ պարզ տեսնում ենք, որ ժողովրդավարության, դեմոկրատիայի քողի տակ ԱՄՆ-ը մտնում է Աֆղանստան եւ իր խնդիրներն է լուծում, աշխարհը գիտի, թե ինչ խնդիրներ: Ֆրանսիայում հենց այս տարի ցույցի ժամանակ մարդիկ զոհվեցին եւ այլն: Բայց նրանք ժողովրդավարության դասեր են փորձում տալ ուրիշներին:

– Եթե վերացվի ընտրությունների ժամանակ «քյաշ» փող բաժանելու սովորությունը, արդյոք ավելի արդար ընտրություն չի՞ լինի:

– Համամիտ եմ, մանավանդ՝ այսօր չես կարող ժողովրդին փող բաժանելով ձայն ստանալ: Ընկալումը նույնպես այլ է, նույն ժողովուրդը կարող է օգտվել այս կամ այն քաղաքական ուժի մատուցած ծառայություններից, բայց գնալ եւ ընտրել մեկ ուրիշին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել