Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՎԵՃ

Նոյեմբեր 26,2010 00:00

\"\"«Դուք՝ այդպե՞ս, մենք էլ՝ այսպես» թեմայի շուջ

Հայրենի իշխանությունների ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելը դարձել է «պրինցիպի հարց». սա արդեն պարզ ու միանշանակ է վաղուց: Կոնգրեսը, որին 2008թ. մարտի 1-ից հետո արգելվում է Ազատության հրապարակում ոչ միայն հանրահավաք, այլեւ 10 հոգանոց նստացույց անցկացնել, իր ձեւակերպմամբ՝ «հրապարակը վերանվաճելը» դիտարկում է որպես իշխանությունների նկատմամբ ընդդիմության ու հասարակության տարած միջանկյալ հաղթանակ: Իշխանությունը սկզբունքորեն վախենում է հենց այդ «վերանվաճում» եւ «հաղթանակ» բառերից ու դրա հետեւանքներից՝ համարելով, որ դա կնշանակի իշխանության թուլություն եւ ընդդիմությանն արված «խոշոր» զիջում, մահացու հարված իշխանության կայունությանը: Ստացվում է՝ այսօր իշխանությունը պատրաստ է ընդդիմության ճնշման տակ նույնիսկ քաղբանտարկյալներին ազատ արձակել, քան թույլ տալ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել:

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 24-ին Երեւանի քաղաքապետարանը հերթական՝ արդեն 35-րդ անգամ մերժել է ՀԱԿ-ին դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել՝ պատճառաբանելով, թե դեկտեմբերի 6-ից այնտեղ ամանորյա տոնակատարությունների փորձերն են լինելու: ՀԱԿ-ին առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի մոտ, իսկ ահա երթը, այսպես ասած՝ արտոնվել է: Կոնգրեսի ներկայացուցչի հարցին՝ ինչո՞ւ այդ փորձերի անցկացման մասին իրազեկումը փակցված չէ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «իրազեկումները մուտքագրվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում՝ ըստ դրանք ստանալու հերթականության, իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում՝ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում», համաձայն սահմանած համապատասխան վայրում, Գ. Բաղդասարյանը հայտարարել էր, թե այդ միջոցառումը քաղաքապետարանն է իրականացնում, ուստի ձեւական կլիներ, որ ինքն իրեն այդ մասին իրազեկեր: «Առավոտին» Գ. Բաղդասարյանն ասաց, թե քաղաքապետարանում ստացված՝ «միջոցառումներ անցկացնելու բոլոր իրազեկումները գրանցվում են մեզ մոտ, դա կլինի քաղաքապետարանի, թե իրավաբանական կազմակերպությունների կամ անհատների կողմից, եւ արձանագրվում են համապատասխան գրանցամատյաններում»: Լ. Զուրաբյանը, սակայն, մեզ հետ զրույցում պնդեց՝ խոսքը ոչ թե համապատասխան մատյաններում գրանցել-չգրանցելու, այլ օրենքով նախատեսված ու բոլորին տեսանելի վայրում փակցված լինելու մասին է:

Այն, որ քաղաքապետարանին իրավունք է տրվել հենց այդպես՝ իրեն օրենքից դուրս դնել, փաստում է նաեւ այն հանգամանքը, որ քաղաքապետարանի՝ Ազատության հրապարակում ամանորյա միջոցառումների փորձերը սկսելու են դեկտեմբերի 6-ից միայն, մինչդեռ քաղաքապետարանն ինքն իրեն դրա մասին իրազեկել է դեռ նոյեմբերի 16-ին՝ միջոցառման անցկացումից 24 օր առաջ, սակայն համապատասխան օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են «այդ միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, եւ ոչ շուտ, քան քսան օր առաջ»: Թերեւս հասկանալի է, որ քաղաքապետարանը շտապել է օրենքից ու ժամանակից առաջ ընկնել՝ ընդդիմության համար հրապարակում միջոցառում անցկացնելու համար որեւէ ազատ օր ու հնարավորություն չթողնելու համար: Ի վերջո, եթե քաղաքապետարանը Կոնգրեսի հանրահավաքները հրապարակում արգելելու հատուկ նպատակ չունի, ապա Գ. Բաղդասարյանին, եթե նա, իհարկե, ընդդիմության հանրահավաքներն արգելելու կամ արտոնելու՝ իշխանությունների քաղաքական որոշումները դակողը չէ միայն, ոչինչ չի խանգարում հենց օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով առաջնորդվելով՝ Կոնգրեսին առաջարկել հանրահավաքն անցկացնել ուշ երեկոյան ժամերին, երբ արդեն մութ է, ու հրապարակում ո՛չ մանուկներն են ատրակցիոններից օգտվում, ո՛չ էլ տոնավաճառն է գործում:

Երբ երեկ մենք դիմեցինք Գ. Բաղդասարյանին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք Ազատության հրապարակի վերաբացումից՝ ս.թ. մայիսի 24-ից հետո հրապարակում հանրահավաք անցկացնելու ընդդիմության իրազեկումները ամենատարբեր պատճառաբանությամբ 35 անգամ մերժելը շատ չէ՞ դրանք զուգադիպություններով, նախատեսված այլ միջոցառումներով եւ օրենքի շրջանակներում գործելու հավաստիացումներով արդարացնելու համար, քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչը էլի պնդեց, թե ինքն առաջնորդվում է օրենքով, բայց նախ՝ վիճակագրական տվյալներ հրամցրեց՝ «45 իրազեկումներ են եղել երթի եւ հանրահավաքի անցկացման մասին, 41-ում՝ երթ եւ հանրահավաք է, 4-ը՝ միայն երթ: Չորս երթերի իրազեկումներն ընդունվել է ի գիտություն: 41 իրազեկումներից երկուսը ամբողջությամբ ընդունվել է ի գիտություն, մյուս 41-ի երթերն ընդունվել են ի գիտություն՝ առանց որեւէ փոփոխության»: Բայց նույնիսկ այս վիճակագրությունը մատնում է քաղաքապետարանի միտումնավորության մասին: Հիշեցնենք, որ ամբողջությամբ ի գիտություն ընդունված իրազեկումներում որպես հանրահավաքի անցկացման վայր նշված է եղել Մատենադարանը, իսկ երթերի դեմ իշխանությունը, ինչպես տեսնում ենք, առարկություն չունի: Նա առարկում է բացառապես Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու դեմ: Իսկ դա արդեն կամ «պարանոյա» է, կամ, որ ավելի ռեալ է՝ քաղաքական որոշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել