Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխային հեքիաթ չպատմելը՝ բռնություն

Նոյեմբեր 25,2010 00:00

Հայաստանում բռնություններն անպատժելի են

Այսօր Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված է գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ: Այդ առթիվ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Այս տարվա հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում մահացած Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչ Զարուհի Պետրոսյանի դեպքի կապակցությամբ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվել են եւ ստեղծել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որն այսօր Կասկադի շրջակայքից երթ է կազմակերպելու: Երթի մասնակիցները համապատասխան մարմիններին ուղղելու են բաց նամակ, որով նպատակ ունեն նրանց ուշադրությունը հրավիրել նման դեպքերի եւ կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա: Նաեւ կազմակերպվելու է ստորագրահավաք՝ կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելող եւ պատժող օրենքների ու համապատասխան մեխանիզմների ներդրման եւ պարտադիր կիրառման նպատակով: Երթի ընթացքում կանցկացվի նաեւ դրամահավաք՝ Զ. Պետրոսյանի 1,5 տարեկան դստեր համար: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Բռնություն իրագործողը հաճախ ունենում է մանկական բարդույթներ, որի արդյունքում նրա մեջ ձեւավորվում է թշնամական վերաբերմունք շրջապատող աշխարհի նկատմամբ: Բռնություն կիրառողը կարիք ունի ինքնահաստատվելու եւ ինքնադրսեւորվելու»: Մ. Մեհրաբյանի խոսքով, մեր երկրում այսօր տարածված են բռնության  ընտանեկան, հոգեբանական, ֆիզիկական, սեռական տեսակները: Ըստ նրա, ընտանեկան բռնության տարածված դրսեւորումներից մեկն  այն է, երբ ամուսինը, դեմ լինելով կնոջ աշխատելուն, ստիպում է, որ թողնի աշխատանքը: Նրա կարծիքով՝ սա ավելի շատ հասարակության մեջ ներկայացվում է որպես խեղաթյուրված հոգատարություն: Ընտանեկան բռնության մեկ այլ օրինակ էլ, ըստ Մ. Մեհրաբյանի, այն է, որ ընտանիքի անդամներից մեկը մյուսին խոչընդոտում է կրթություն ստանալու կամ ունեցած որակավորումը բարձրացնելու հարցում: Նրա խոսքով՝ տարածված է նաեւ ֆիզիկական բռնությունը, որի դրսեւորում է նաեւ երեխայի մոտ ծխելը: «Բռնության տարատեսակներ են հանդիսանում դիտավորյալ բարոյական եւ հոգեբանական աջակցություն չցուցաբերելը, օրինակ՝ երեխան ցանկանում է քնելուց առաջ հեքիաթ լսել, բայց մայրը զբաղված է տնային գործերով: Սեռական բռնության զոհեր դառնում են հիմնականում կանայք, աղջիկներն ու երեխաները: Սեռական բռնությունը հաճախ լինում է ֆիզիկական ուժի գործադրմամբ, որը կարող է ավարտվել մահով»,- ասաց հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավարը:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» համահիմնադիր, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանն էլ կարեւորեց բռնության զոհի հետ տարվող աշխատանքը. «Մեր հասարակությունում կարծրատիպեր կան բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության զոհերի նկատմամբ: Մարդիկ հաճախ իրենց վերաբերմունքով, ծիծաղով ցույց են տալիս, որ դիմացինը զոհ է, բայց պետք է իմանալ, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ բռնության զոհ»:
«Կանանց ռեսուրսային կենտրոնի» սեռական բռնության դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթեւիկ Աղաբեկյանի խոսքով՝ մեր երկրում կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունն անպատժելի է. «Քրեական օրենսգրքի սեռական բռնության վերաբերյալ հոդվածներում կա կետ, որի համաձայն՝ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրած անձը կարող է ընդամենը դրամական տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի որոշակի չափով, ազատվել պատժից: Ստացվում է, որ երեխաների նկատմամբ կարելի է բռնություն գործադրել, վճարել որոշակի գումար եւ շարունակել այդ գործողությունները իրականացնել»: Հայաստանում բռնությունների թվի հետ կապված որեւէ վիճակագրություն մասնագետները դժվարացան ներկայացնել, քանի որ իրականացված սեփական հետազոտություն չկա: Մասնագետները նշեցին, որ 2 տարի առաջ արված հետազոտության համաձայն, կանանց նկատմամբ բռնության մեծ թվեր էին ներկայացված՝ 57%: Տ. Աղաբեկյանը հայտնեց միայն, որ «Կանանց ռեսուրսային կենտրոնում» ավելացել են բռնության վերաբերյալ հեռախոսազանգերը, եթե 2008-2009 թթ. տարեկան 30 զանգ էր լինում, ապա այժմ մեկ ամսվա ընթացքում են ստանում նույնքան զանգ. «Հասարակության մեջ մարդիկ ընկալում են միայն ծեծը եւ բռնաբարությունը, այսինքն՝ մնացած դրսեւորումները չեն ընկալում որպես բռնության տարատեսակ: Այսօր հայկական ընտանիքների մեծ մասում կա հոգեբանական բռնություն, որը մարդիկ եւս չեն ընկալում»: Հարցին՝ Հայաստանում կա՞ն տղամարդկանց նկատմամբ կանանց կողմից իրականացված բռնության օրինակներ, Տ. Աղաբեկյանն ասաց, որ իրենք մինչ այժմ նման դեպքի ականատես չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել