«Արցախի աշնանային գույները» խորագիրը կրող ցուցահանդեսը բացվեց Ստեփանակերտում: Այն արդյունք է համանուն նկարչական փառատոնի, որն անց է կացվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի եւ Շահումյանի (Քարվաճառի) շրջաններում՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ, «Բեյզ մետալզ» ընկերության աջակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված են 10 նկարիչների 70 գեղանկարչական աշխատանքներ: Դրանց ասելիքը 3 հիմնական շերտ ունի՝ Արցախի հրաշալի բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, հոգեւոր կենտրոնները եւ բնակավայրերը: Եվ այդ ամենը՝ տարբեր նկարչական ձեռագրերի գործադրմամբ մեկտեղվել են այստեղ:
Հանդիսավոր բացման ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծեց, որ հետաքրքիր եւ ինքնատիպ գեղանկարչական անդրադարձներ կան հայրենի եզերքին՝ բնաշխարհին, պատմաճարտարապետական հուշարձաններին, բնակավայրերին եւ մարդկանց: Մյուս ելույթ ունեցողների համոզումն էլ մեկն էր. ներկայացված կտավներում կա Արցախի ոգին եւ շունչը: Ճիշտ է, մի փոքր հովվերգական, բայց նաեւ հզոր եւ ազդեցիկ գույներով եւ նրբերանգներով:
Ցուցահանդեսի օրերին մարդաշատ էր Ստեփանակերտի մշակույթի պալատի նախասրահը, ուր ցուցադրվում էին գեղանկարչական աշխատանքները: Այցելուները տարբեր տարիքի, մասնագիտությունների տեր մարդիկ էին: Ամեն մեկը փորձում էր գտնել իրեն հոգեհարազատ կտավը, զրույցի բռնվում այստեղ գտնվող նկարիչների հետ՝ բազմաթիվ հարցադրումներով: Մի մասի համար էլ լիովին հայտնություն էր Քարվաճառը եւ Թարթառի հովիտը, դրանց նկարչական մարմնավորումները:
«Արցախի աշնանային գույները» ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Շատերի համար հայտնություն էին այն մոտեցումները, որոնք կիրառել էին Արցախի բնությունը, հոգեւոր կենտրոնները ներկայացնելիս: Օրինակ, Գանձասարին եւ Դադիվանքին յուրովի էին անդրադարձել ցուցահանդեսի մասնակից բոլոր գեղանկարիչները:
«Ցուցահանդեսը Ստեփանակերտում ներկայացվելուց հետո կտեղափոխվի Երեւան, ուր, դեկտեմբերի 8-ից սկսած, մեկ ամբողջ շաբաթ կկայանա ավելի ընդարձակ եւ ամբողջական ցուցադրություն»,- հայտնեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը: