Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՆՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ

Նոյեմբեր 25,2010 00:00

Սակայն պայքարը դեռ շարունակվում է եւ հավատում ենք,  որ չեմպիոն կամ չեմպիոններ անպայման ունենալու ենք:

\"\"Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկան աղջիկների եւ տղաների առաջնություններում երիտասարդ ծանրորդները շարունակում են պայքարը:
Երկրորդ օրվա ավարտին թեեւ հայ մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել էին 9 մեդալ (արծաթե՝ 6 եւ բրոնզե՝ 3) եւ այդ հաշվարկով ընթանում էին 11-րդ հորիզոնականում, սակայն չեմպիոնական ոսկի մեր հավաքականը դեռ չուներ: Հայ մարզասերը վերջին երեք-չորս տարիներին սովորել է հատկապես Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում հայ ծանրորդներին տեսնել պատվանդանի ամենավերին աստիճանին: Եվ հուրախություն բոլորիս, անցած ու այս տարվա աշխարհի առաջնություններում եւս մեր մարզիկներն սկսել են ոսկե մեդալ նվաճել:
Կիպրոսում Եվրոպայի 20 տարեկանների չեմպիոն դառնալու մեր ամենահավանական թեկնածու 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի՝ հրում վարժությունում անսպասելի ստացած զրոներից հետո, նույն օրը երեկոյան մեր թիմերի հավաքածուն, այնուամենայնիվ, համալրվեց եւս չորս բրոնզով, որոնք բերեցին 69 կգ քաշային կարգայինները: 20 տարեկանների պայքարին մասնակցող մեր միակ ներկայացուցիչը՝ Զորիկ Պողոսյանը, 163 կիլոգրամով երրորդը ճանաչվեց հրում վարժությունում, սակայն երկամարտում 293 կգ-ով ստիպված եղավ բավարարվել յոթերորդ տեղով:
\"\"Նույն քաշային կարգի ավագ (23 տարեկաններ) տարիքային խմբում հանդես եկան Վանիկ Ավետիսյանն ու Դավիթ Մուրադյանը: Գրեթե հավասար հնարավորություններ ունեցող թիմակիցներից Լիմասոլի մրցահարթակում ավելի հաջող աշխատեց առաջինը: Վանիկը թե պոկում (135 կգ), թե հրում (165 կգ) վարժություններում եւ թե երկամարտում (300 կգ) պայքարին մասնակցող 13 ծանրորդների մեջ ցույց տվեց երրորդ արդյունքը եւ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Երկամարտում նրանից հինգ կիլոգրամ պակաս՝ 135+ 160=295, բարձրացրեց եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում ընկերոջը հաջորդեց Դավիթ Մուրադյանը:
Եվրոպայի այս առաջնությունում հայ ծանրորդներ կան նաեւ այլ երկրների թիմերում: Հունաստանի հավաքականի անդամ, 62 կգ քաշային Արմեն Առաքելյանն արդեն ավարտել է պայքարը՝ երկամարտում 241 կիլոգրամով հանգրվանելով վեցերորդ հորիզոնականում: Իսկ Ռուսաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Դավիթ Բեջանյանը (105 կգ), որը ներկայացրել է նախնական ամենաբարձր հայտը, դեռ իր խոսքը պիտի ասի:
Երեկ հերթը 77 կգ քաշայիններինն էր: 23 տարեկանների մրցակցությունում հանդես էին գալու մեր հանրապետության երկու ներկայացուցիչներ՝ Արայիկ Միրզոյանը եւ Աղասի Աղասյանը: Նրանք երկուսն էլ պայքարելու էին ամենաբարձր տեղերի համար: Համենայնդեպս, եւ Արայիկը, եւ Աղասին, որոնք ներկայացրել են նախնական հավասար հայտ (345 կիլոգրամ), դրա հնարավորություններն ունեին: Բավական է ասել, որ նրանց մոտակա միակ մրցակցի՝ ռումինացի Ալեքսանդրու Ռոսուի նախնական հայտը 340 կգ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել