Կամ ինչու են խախտվում երգահանների, հեղինակների ու ստեղծագործողների իրավունքները
Հայ երգիչների կատարումները, երգահանների հեղինակային երգերը ադրբեջանական, վրացական եւ անգամ տեղական կայքերի կողմից հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքի կոպիտ խախտումների են ենթարկվել: Երեկ այս թեմայով «Կոնգրես» հյուրանոցում խոսեցին ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փոխտնօրեն Արամ Ոսկանյանը, «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանություն հ/կ ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը, երգահան Կարեն Գրիգորյանն ու «Armenian music centre»-ի ղեկավար Սամվել Ամիրաղյանը:
Պարզվում է, շաբաթներ առաջ երգահան Կ. Գրիգորյանը իմացել է, որ մի շարք կայքերում իր ձայնասկավառակը հանվել է վաճառքի, առանց թույլտվության: Այս փաստը մեծ հուզում է առաջացրել մյուս երգահանների, երգիչ-կատարողների, ինչպես նաեւ ձայնասկավառակ արտադրող ընկերությունների շրջանում: Կ. Գրիգորյանի խոսքով, ըստ դոմեյնների, պարզվել է, որ այդ կայքերը ադրբեջանական են, վրացական եւ հայկական. «Ադրբեջանական ավելի քան 15 կայքերում իմ գործերը ներկայացված են որպես ադրբեջանական երաժշտություն, ես էլ՝ որպես ադրբեջանցի: Ձայնասկավառակը կոչվում է «Emotions», այնտեղ կան 12 անգլերեն եւ 2 հայերեն երգեր, կատարողներն էլ հայկական էստրադայի ներկայացուցիչներն են՝ Լուսինա, Տիգրան Պետրոսյան, Վարդան Բադալյան, Juce, Էրիկ, Լիլու, Սիրուշո եւ այլն: Ադրբեջանական կայքում ձայնասկավառակի երգերի կատարողներն անվանափոխված են: Երկու հայալեզու երգերը հանված են, իսկ երգերի հերթականությունը՝ խախտված: Այդպես երգերը հանված են վաճառքի՝ կայքում: Երբ փորձեցի կապ հաստատել այդ կայքերից մեկի ադմինիստրացիայի հետ՝ իրավունքներս պաշտպանելու նպատակով, շատ կոպիտ պատասխան ստացա՝ բոլորին էլ անում ենք ու շարունակելու ենք անել… Այսինքն՝ դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը: Այս պատմության մեջ ինձ համար ամենատհաճ եւ վիրավորական պահն ադրբեջանական կայքում ազգությունս փոխելն է»:
Ինչ վերաբերում է վրացական եւ հայկական կայքերին, երգահանն ասաց. «Հայկական կայքերը տարածաշրջանից դուրս են՝ հիմնականում Միացյալ Նահանգներում են գործում»:
Ի տարբերություն ադրբեջանականի, վրացական կայքերում երգահանի հեղինակային երգերի տվյալները ներկայացված են ճշտությամբ. «Վրաստանում գործի ետեւում կանգնած են վրացահայերը, կարծում եմ՝ այնտեղի հայկական համայնքն է անում, որովհետեւ ներկայացված է այն, ինչ կա հայկական կայքերում: Այսինքն՝ պահպանված են հայալեզու երգերը, մինչեւ անգամ նշված են եղել տվյալներ, որոնք ձայնասկավառակի վրա ես ինքս չեմ գրել, օրինակ՝ արտադրման տարեթիվը»:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Ոսկանյանը նշեց, որ Հայաստանում բացակայում է մեդիագրագիտություն ասվածը: Ըստ նրա, առաջնահերթ պիտի լուծվի այդ հարցը:
«Հայհեղինակ» հ/կ ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը նշում է. «Հայաստանում չունենք հարակից իրավունքներով զբաղվող կազմակերպություն, անգամ Հայաստանի տարածքում չենք կարողանում այս խնդիրը լուծել, ուր մնաց՝ Հայաստանից դուրս: Հեղինակների իրավունքների խախտմամբ «Հայհեղինակ» ընկերությունը չի կարող զբաղվել»:
Երգահան Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք խորհրդակցել են իրավաբանների հետ, սակայն վերջիններս նշել են, որ անիմաստ է դատական գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, քանի որ երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները դրա հնարավրությունը չեն տալիս:
«Armenian music centre»-ի տնօրեն Սամվել Ամիրաղյանն էլ հայտնեց. «Մեկ ամիս առաջ ադրբեջանական կայքերի հետ կապված Մոսկվայում մեծ աղմուկ բարձրացրինք: Պարզվեց, որ դրանց ետեւում կանգնած են հայերը: Դրանց անձամբ ճանաչում ենք, հանդիպել ենք, խոսել: Ասում են՝ փող ենք աշխատում, ընտանիք պահում: Խոստացան, որ 10 օրում բոլոր կայքերից անօրինական վաճառվող երգերը կմաքրվեն, բայց դա տեղի չունեցավ: Ակնհայտ երեւում է, որ այս ամենը հսկվում է Երեւանից: Օրինակ՝ Juce-ի ձայնասկավառակի շնորհանդեսից 2 ժամ հետո այն հայտնվել է ինտերնետում: Այսինքն՝ գալիս մեր մոտից մի հատ CD են առնում եւ տարածում ողջ ինտերնետով: Սպասարկվում է այստեղից. պարզ չէ՞: Մի քանի փսլնքոտ լակոտներ են ղեկավարում այս ամենը: Հարցը լուծելու համար պետք է մի լավ ջղայնանալ: Հարցը պետք է լուծել նաեւ օրենսդրական ճանապարհով, որ մի քանի հոգի մի լավ պատասխան տան»: