Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ» ԸՆԴԼԱՅՆՎԵԼ Է

Նոյեմբեր 25,2010 00:00

Հիմնադրամը նաեւ շնորհալի պատանիներ է ներկայացնում աշխարհին

\"\"

Հայ իրականությունում բարեգործական մշակութային միջոցառումների ավանդույթը ձեւավորել է կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը՝ 19-րդ դարի երկրորդ կեսին: Նրա կազմակերպած առաջին համերգները նվիրված էին Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի սոցիալապես անապահով հիվանդներին, Պոլսի հայկական վարժարանում սովորող անապահով երեխաներին եւ այլն: Մեր օրերում բարեգործական համերգները նոր թափ ստացան 1988թ. երկրաշարժից հետո, որի առաջին նախաձեռնողներից էին անվանի ջութակահար, դիրիժոր Վլ. Սպիվակովը, Շարլ Ազնավուրը եւ այլք:
Երրորդ տարին է՝ ինչ «Ազգային պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ՝ Մարիամ Շահինյան) ընդլայնել է գործունեության շրջանակները՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոնդոնյան ներկայացուցչության (ղեկավար՝ Արմինե Կարապետի) հետ, վերջինիս հրավերով եւ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի աջակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվում է «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագիրը: Հիշեցնենք, որ «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը երաժշտասերների շրջանում հեղինակություն եւ համընդհանուր ճանաչում է վայելում «Ազգային պատկերասրահ», «Վերադարձի» ամենամյա միջազգային ու Ալտի եւ թավջութակի հանրապետական փառատոների անցկացմամբ:
Վերջերս Լոնդոնի հեղինակավոր St. John Smith Sguare մեծ համերգասրահում բարեգործական համերգով ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած 6 շնորհալի պատանի երաժիշտներ, այդ թվում՝ նաեւ մարզաբնակ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Մարիամ Շահինյանը: Վերջինս նշեց, որ այս ծրագիրը տիկին Արմինե Կարապետի հետ 6 ամսվա աշխատանքի արդյունք է: Նախորդ երկու տարիների բարեգործական համերգների հասույթը փոխանցվել է զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին, այս տարվանն էլ՝ ուղղվել սահմանամերձ գյուղերի դպրոցների վերանորոգմանը: «Պատանի երաժիշտների ընտրությունը երկար ժամանակ է պահանջում: Ներկա ենք լինում այս կամ այն երաժշտական հաստատության հաշվետու համերգներին, զրուցում մանկավարժների հետ: Ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ ենք կազմում Լոնդոնում կայանալիք համերգային ծրագրերը, ընդգրկելով ինչպես համաշխարհային երաժշտական գրականության, այնպես էլ հայ կոմպոզիտորների երկեր: Ընտրված երաժիշտներից կազմում ենք դուետներ, տրիոներ: Այս տարի 6 երաժիշտ ներկայացրինք Երեւանից եւ Արարատի մարզից: Նախորդ տարիներին էլ 15 պատանի է ելույթ ունեցել Լոնդոնում՝ Երեւանից, Վանաձորից, Գյումրիից, Աբովյանից, Արթիկից: Նշեմ, որ մեր երեխաները հանդես են գալիս դաշնամուրի նվագակցությամբ եւ հաջողության մեջ իր բաժինն ունի կոնցերտմայստեր Էլլա Մելիք-Հուսյանը»,- տեղեկացրեց Մ. Շահինյանը: Նա հավելեց նաեւ, որ Լոնդոնում հայ երեխաների համար կազմակերպվում են մշակութային էքսկուրսիաներ, իսկ այս տարի նրանք հանրահայտ Քովեն Գարդեն օպերային թատրոնում դիտել են Վերդիի «Աիդան»:
Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամը ներկայացնելու է երեկո՝ նվիրված ճանաչված կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել