Ավստրիայում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նախկին թիկնապահի սկանդալային սպանության գործով անցնող եւ թիկնապահի սպանության մեջ կասկածվող Լեչա Բոգատիրովը անսպասելիորեն եւ նկարահանող խմբի շնորհիվ «երեւակվել» է Ռուսաստանում՝ այդ երկրի պետական հեռուստաընկերության եթերում: 26-ամյա Ումար Իսրայիլովի ենթադրյալ մարդասպանը հայտնվել է «Ռոսիա 2» հեռուստաալիքով հեռարձակված Գրոզնիից պատրաստված ռեպորտաժի կադրում: News.ru-ի մատուցմամբ, այդ մասին գրել է Der Spigel-ը: Վիեննայում ապրող չեչենները պնդում են, որ «Վեստի»-ով ցուցադրված՝ Գրոզնիում «արյունակիցների» հաշտության մասին պատմող տեսանյութում ճանաչել են Լեչա Բոգատիրովին:
Բոգատիրովի հայտնության մասին լուրը Der Spigel-ը որակել է որպես «քաղաքական սենսացիա՝ հեռուն գնացող հետեւանքներով»: Ըստ որոշ տեղեկությունների, «Վեստիի» տեսանյութը նկարահանված է եղել 2010թ. հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ Ավստրիայում քաղաքական ապաստան փնտրող Ումար Իսրայիլովը սպանվել է անցած տարի՝ իրեն առեւանգելու անհաջող փորձի ժամանակ: Այդ գործում առկա նյութերի համաձայն, Բոգատիրովը միանշանակորեն մերկացվել է սպանությունը կատարելու մեջ եւ հիմա գտնվում է հետախուզման մեջ: Ավստրիայի դատախազությունը պնդում է, որ սպանությունը կատարվել է Ռամզան Կադիրովի հրահանգով, եւ հարց է բարձրացրել նաեւ այս գործով նրան հարցաքննելու մասին: