Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին լրագրողին պեդոֆիլ է անվանել

Նոյեմբեր 25,2010 00:00

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերթական անգամ հասարակությանն ապշեցրել է իր հերթական սկանդալային հայտարարությամբ, որը նա արել է Լիսաբոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: Նախագահը զայրացել է, երբ քննադատաբար տրամադրված լրագրողը նրան կոռուպցիոն գործարքներին մասնակից լինելու վերաբերյալ հարց է տվել: Խոսքը վերաբերում է 1994թ.-ին Ֆրանսիայի կողմից Պակիստանին սուզանավերի մի խմբաքանակ վաճառելու մասին: Կասկածներ կան, թե այդ միջոցների մի մասը պակիստանցիները վերադարձրել են Ֆրանսիային՝ որպես կաշառք, որը ֆրանսիացիները ծախսել են այն ժամանակվա վարչապետ Էդուարդ Բալլադյուրի նախընտրական արշավի վրա: Սարկոզին այն ժամանակ եղել է երկրի բյուջեի նախարարն ու Բալլադյուրի նախընտրական շտաբի անդամը:
Սարկոզին մինչեւ հիմա էլ, իհարկե, հերքում է իր առնչությունն այդ սկանդալային՝ «Կարաչիգեյթա» անունը ստացած գործարքին: Այդ գործարքը ուշադրության կիզակետում էր հայտնվել 2002-ին, երբ Կարաչի քաղաքում ավտոբուսի պայթեցման արդյունքում զոհվել էր սուզանավերի սպասարկմամբ զբաղվող 11 ֆրանսիացի: Դեռ այն ժամանակ ենթադրվում էր, որ պայթյունի պատճառը կարող էր գործարքի ֆինանսական կողմը լինել:
Ահա այս գործարքի վերաբերյալ լրագրողի հարցն էր, որ հունից հանել էր նախագահ Սարկոզիին: «Աշխարհը ցնորվել է: Ձեզնից որեւէ մեկն իրականում չի կասկածում ինձ այն բանում, որ ես, իբր, կարող էի հավելավճարներ կամ կաշառք ստանալու կազմակերպիչ լինել: Դա անհավանական է»,- Reuters-ի մատուցմամբ, հայտարարել էր Սարկոզին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում լրագրողների հետ կուլիսային զրույցի ժամանակ, որը մասնավոր բնույթ է կրել եւ, նախապես պայմանավորվածության համաձայն, ձայնագրման ու հրապարակման ենթակա չի եղել: Le Figaro թերթի տվյալներով, իր այս միտքը պատկերավոր ներկայացնելու համար Սարկոզին դիմել է լրագրողներից մեկին ու ասել. «Ահա դուք: Ես ձեր դեմ ոչինչ չունեմ, բայց ինձ թվում է, որ դուք պեդոֆիլ եք: Ով է ինձ ասե՞լ: Դա իմ անձնական համոզմունքն է: Դուք կարո՞ղ եք արդարանալ»: Իսկ լքելով սենյակը՝ Սարկոզին բացականչել էր՝ «մինչեւ վաղը, իմ պեդոֆիլ բարեկամներ»: Ձայնագրման ոչ ենթակա այս զրույցը, այնուամենայնիվ, հայտնվել է մամուլում՝ դառնալով հերթական սկանդալ: ԶԼՄ-ները, այդուհանդերձ, նշում են, որ Սարկոզին ստիպված է լինելու ցուցմունքներ տալ դատավորին, եւ նա մտավախություն ունի, որ ֆրանս-պակիստանյան սկանդալային գործարքի վերաբերյալ պատմությունը կարող է 2012թ. նախագահական ընտրություններում հարվածել նրա վարկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել