Վրաստանի պատվիրակությունը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունն անզուսպ խնջույքով է նշել: Այդ մասին փոխանցում է news.ru-ն՝ վկայակոչելով պորտուգալական առաջատար թերթերից մեկի՝ Correio da Manha-ի հրապարակումը: Վերջինի համաձայն, վրացական պատվիրակությունը հյուրանոցում 80 մարմնավաճառների մասնակցությամբ աղմկոտ երեկույթ է կազմակերպել: Հյուրանոցի անունը հրապարակման մեջ չի մատնանշվում, թեեւ, news.ru-ի փոխանցմամբ, հայտնի է, որ վրացական եւ հայկական պատվիրակությունները կանգ են առել հինգաստղանի Tiara հյուրանոցում (նկարում): Պորտուգալական թերթը գրել է, թե խրախճանքն այնքան մասշտաբային է եղել, որ նույն հյուրանոցում կանգ առած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ստիպված է եղել բողոքել հյուրանոցի աշխատակազմին, որն էլ վրացի հյուրերից պահանջել է իրենց ավելի համեստ պահել: Հյուրանոցի ղեկավարությունը լրացուցիչ շփոթմունքի մեջ է ընկել, երբ ի դեմս երեկույթին մասնակցող եւ վրացիների կողմից իբրեւ պատվիրակության անդամ ներկայացված մի կնոջ՝ ճանաչել է «հնագույն մասնագիտություն» ունեցողի՝ մարմնավաճառի: Արդյունքում երեկույթը նախատեսվածից շուտ է ավարտվել: «Դեպքի վայր» է հրավիրվել ոստիկանությունը, որը տեղի ունեցած փաստերի առնչությամբ արձանագրություն է կազմել: ԶԼՄ-ների մատուցմամբ, խրախճանքին մասնակցել են նաեւ գագաթաժողովին մասնակցած հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Ինչպես շեշտում է թերթը, հյուրանոցը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, Պորտուգալիայի մայրաքաղաքի ամենաշքեղ եւ հեղինակավոր հյուրանոցներից մեկն է համարվում:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Վրաստանի ԱԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցած միջադեպը՝ հայտարարելով, որ Թբիլիսին դրա մասին ոչինչ չգիտի: Այդուհանդերձ, վրացական խորհրդարանի ընդդիմությունը պահանջել է հետաքննել Լիսաբոնում ազգային պատվիրակության վարքի մասին հաղորդագրությունները:
Հայաստանի ԱԳՆ-ում պորտուգալական թերթի հրապարակումը որակել են որպես անհեթեթություն: Լիսաբոնյան Tiara հյուրանոցի ղեկավարությունը, որտեղ կանգ են առել վրացական եւ հայկական պատվիրակությունները, հայտարարել է, թե իր հյուրերի նկատմամբ որեւէ առարկություն չունի: Իհարկե, հյուրանոցի վարչակազմի արած հայտարարության մեջ խոսվում է բացառապես հայկական պատվիրակության մասին: «Որեւէ միջադեպ Հայաստանի պատվիրակության անդամների մասնակցությամբ չի գրանցվել: Մենք գոհ ենք նրանց օրինակելի պահվածքից»,- ասել է հյուրանոցի կառավարիչ Կոնսեշաո Ռիբեյրան:
Անկախ ամեն ինչից՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին գոհ է մնացել Լիսաբոնի այցելության արդյունքներից: Նա հասել է այն բանին, որ լիարժեք երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի հետ եւ նրանից ու ՆԱՏՕ-ից ստացել է Վրաստանին ալյանսի անդամակցության հարցում աջակցելու երաշխիքներ: