Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականների որակը ջրի երես է դուրս գալու

Նոյեմբեր 25,2010 00:00

Նրանց գիտական աշխատանքներինը՝ նույնպես

Աշխարհում հայտնի «EL SEVIER» հրատարակչական հիմնադրամը գիտական ծրագրեր է առաջարկում նաեւ Հայաստանին: Արդեն մի քանի օր է, ինչ հիմնադրամի ներկայացուցիչները ծրագրի մասին գիտական շրջանակների համար ուսուցողական ու ճանաչողական դասընթացներ են անցկացնում: «Այս հրատարակչությունը, գիտական մի շարք  ամսագրեր տպագրելուց բացի, շատ կարեւոր ծրագրեր է առաջարկում, որոնցով ե՛ւ ամսագրի, ե՛ւ գիտաշխատողի, ե՛ւ  գիտաշխատանքի, մի խոսքով՝ ամեն ինչի  վարկանիշը ցանկացած պահի կարող ենք տեսնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) նախագահ Հարություն Կարապետյանը: Նրա խոսքով, երեք ամիս անվճար ու փորձնական ժամկետով  «EL SEVIER» հրատարակչական հիմնադրամը ծրագիրը ներդրել է մի շարք բուհերում ու գիտական հաստատություններում, բայց. «Խնդիրներ են առաջացել, պարզվում է՝ որոշ համալսարաններում ու կազմակերպություններում ծրագիրը փաստորեն փակ է, չեն օգտվում»: Պարոն  Կարապետյանի խոսքով, գիտաշխատողների համար «EL SEVIER» ծրագրերը անփոխարինելի նշանակություն ունեն, դրանք գիտաշխատողներին հնարավորություն են տալիս օգտվել ժամանակակից գրականությունից, իրենց աշխատանքը ներկայացնել արտասահմանցի գործընկերներին եւ լավ համագործակցության առիթ են. «Մինչդեռ պետական մակարդակով անհրաժեշտ հետաքրքրվածությունն է բացակայում: Պատճառն էլ մեկն է՝  ցանկացած գիտնականի վարկանիշը ջրի երես է հանում «EL SEVIER»-ի ծրագիրը, տեսնում ենք, որ շատ «հանճարեղ» գիտնականներ իրականում զրո են»:
Երեկ ԳԱՏԱՀ-ում հերթական ճանաչողական սեմինարն էր: «EL SEVIER» հրատարակչական հիմնադրամի զարգացման գծով ղեկավար Ահմեդ Ռոսթոմը «Առավոտի» հետ զրույցում պատմեց. «Մենք այստեղ ենք, որպեսզի համոզվենք, թե հայկական այն բոլոր կրթական հաստատությունները, որոնք արդեն ունեն մուտք  դեպի մեր առաջարկած արտադրանքը, որքանո՞վ են ազատ օգտվում դրանից: Աշխատում ենք, որպեսզի հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր հատվածում անվճար ու փորձնական այս ծրագիրը հետագայում ամբողջությամբ մուտք գործի հայկական շուկա: Ամեն օր աշխարհում 11 միլիոն գիտահետազոտող է մեր առաջարկած շտեմարանից օգտվում: Աշխարհում այսօր քիչ թվով երկրներ կան, ցավոք՝ Հայաստանն էլ է դրանց  թվում, որ մուտք չունեն գիտական շտեմարան: Ամեն վայրկյան 36 գիտական նյութ է բեռնվում շտեմարանի միջոցով»:
Նրա տարածաշրջանային գործընկեր Ալի Ջալաթին էլ հավելեց, որ  միայն նախորդ տարիներին հայ գիտնականների 2000-ից ավելի հոդված ու աշխատություն է տպագրվել հենց իրենց հիմնադրամի միջոցով. «Ցանկանում ենք նախ եւ առաջ պարզել գիտական ոլորտի ենթակառուցվածքների վիճակը ու համոզվել՝ հայ գիտնականները կկարողանա՞ն օգտվել մեր առաջարկած գործիքներից»: Հիմնադրամի անդամներն արդեն հանդիպել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, քննարկումներ ունեցել: Պարոն Ռոսթոմը նաեւ հավելեց, որ գնային ճկուն քաղաքականություն են վարում. «Երբ առաջարկում ենք մեր ծառայությունները, հաշվի ենք առնում տվյալ երկրի ՀՆԱ-ն, տնտեսական զարգացման մակարդակն ու առաջարկում զեղչերի շատ մեծ ծրագիր: Հայաստանն այսօր հսկայական գիտական ներուժ ունի՝ մարդիկ շատ լավ աշխատում են, բայց հնարավորություն չունեն տպագրվելու առավել հեղինակավոր գիտական հրատարակություններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել