Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ ԷՐ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"Գերազանցությամբ մագիստրատուրան ավարտած Գոհարը իրեն նետեց կամրջից

«Առավոտը» տեղեկացրել էր, որ կիրակի երեկոյան Կիեւյան կամրջի տակ, «Մարիաննա» նավ-սրճարանի հարեւանությամբ, հայտնաբերվել էր երիտասարդ աղջկա դիակ: Նրա պայուսակից գտնված՝ 2001-ին տրված Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) ուսանողական տոմսից պարզ է դարձել, որ նա Գոհար Խաչատրյանն է: Ի՞նչը կարող էր երիտասարդ աղջկա ինքնասպանության պատճառ դառնալ, հարց, որ հետաքրքրում է շատերին: «Առավոտը» այցելեց ԵՊՏՀ, որտեղ տեղեկացանք, որ Գոհար Խաչատրյանը բուհի մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ է՝ անցյալ տարի գերազանցությամբ ավարտել է մագիստրատուրան՝ ստանալով կոմերցիա մասնագիտությունը: Ընդհանուր առմամբ Գոհարին դասավանդած բոլոր մասնագետներն էլ կարծում էին, որ նա խելացի, կիրթ ուսանողուհի էր: Զրուցեցինք մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Պարույր Քալանթարյանի հետ, ով Գ. Խաչատրյանին դասավանդել է մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Նախկին ուսանողուհու մասին նա պատմեց. «Գոհարը մագիստրատուրան ավարտել է գերազանցության դիպլոմով: Սակայն անցյալ տարի առաջին կիսամյակին նա հիվանդության պատճառով երկար ժամանակ դասերից բացակայեց: Թե կոնկրետ որն էր խնդիրը, հայտնի չէ: Նա խմբի ավագն էր, ամբիոնի բոլոր աշխատակիցները գոհ էին նրանից: Իմ անձնական տպավորությամբ՝ Գոհարենց ընտանիքի նյութական պայմանները բավականին ծանր էին: Հիվանդության շրջանում նրանց խմբի ուսանողները զանգել են Գոհարին, սակայն հեռախոսը նրան չեն փոխանցել, երեւի ինչ-ինչ խնդիրներ կային, որոնց մասին մենք հստակ չգիտենք»:
Կոմերցիայի ամբիոնի վարիչ Գագիկ Չատինյանն էլ նշեց. «Գոհարը լուրջ, բարի, հայ աղջկա տիպար էր: Բացարձակ գերազանցությամբ ավարտեց բակալավրիատը, ու երբ մագիստրատուրայում նրան չտեսա, մտածեցի՝ պարզապես բացակայում է: Բայց երբ բացակայությունը երկար տեւեց՝ ներքին անհանգստություն զգացի, ուսանողներից հարցրի, ասացին՝ անառողջ է: Որոշ ժամանակ անց Գոհարը սկսեց դասի գալ: Եկավ ինձ մոտ, ասաց, որ չնայած երկար է բացակայել, բայց թույլ տանք դասերին մասնակցել: Ընդառաջեցինք, քանի որ խելացի աղջիկ էր: Սկզբում նկատում էի, որ դասերի ծանրաբեռնվածությանը չէր դիմանում, նույնիսկ ուսանողներից իմացանք, որ Աբովյան քաղաքից մայրն էր նրան ուղեկցում համալսարան: Բայց հետո հունի մեջ ընկավ: Անգամ կուրսընկերներին էր օգնում քննությունների ժամանակ: Ես վստահ էի, որ նա ուսումը շարունակելու է ասպիրանտուրայում, երկու տեղ էի պահանջել՝ մեկը նրան նկատի ունենալով: Գոհարը բավականին ուշ եկավ ինձ մոտ, ասաց, որ չի հասցրել անգլերենի քննությունը հանձնել: Իսկ եթե այդ ժամանակ հանձներ, արդեն համալսարանը նրա համար չէր վճարելու: Ասաց, որ ստիպված է 30 հազար դրամ վճարել: Նրան առաջարկեցի, որ այդ գումարը կվճարեմ, միայն թե քննությունը հանձնի եւ ընդունվի ասպիրանտուրա: Բայց դա եղավ մեր վերջին հանդիպումը…»: Խոսելով Գ. Խաչատրյանի մարդկային հատկանիշների մասին, պարոն Չատինյանը հիշեց. «Բավականին կազմակերպված աղջիկ էր: Թախծոտ հայացք ուներ: Այնքան մարդկային էր, որ երբ նրան տեղավորեցի «Դիուս» ֆիրմայում ուսանողական պրակտիկայի, ավարտելուց հետո այդ կազմակերպությունն իր անվճար օգնությունն էր առաջարկել: Էլ չեմ խոսում այն մասին, որ համալսարանում, երբ պետք էր լինում դիպլոմներում անգլերեն գրառումներ կատարել, միշտ նա էր օգնում»:
Գոհարի մագիստրոսական թեզի ղեկավար, կոմերցիայի ամբիոնի դոցենտ Հարություն Պապոյանն էլ նկատեց. «Կարգապահ, պատասխանատվության բարձր զգացումով, լավ դաստիարակություն ստացած ուսանողուհի էր: Սակայն մյուս ուսանողների նման կայտառ, զվարթ չէր, մի տեսակ ինքնամփոփ էր»: Կոմերցիայի ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Բուլանիկյանն էլ Գ. Խաչատրյանին դասավանդել է բակալավրիատում: Նա պատմեց. «Այդ 4 տարվա ընթացքում մեկ անգամ դիտողություն չի ստացել: Հումորի նուրբ զգացողություն ուներ, մարդկանց նկատմամբ ուշադիր էր, երբ հիվանդանոցից վերադարձել էի, անընդհատ իմ առողջության մասին էր հարցնում: Ուղղակի մտածել անգամ չեմ կարող, թե ինչու է նման բան կատարվել Գոհարի հետ»: Զրուցեցինք նաեւ Գոհարի համակուրսեցիների հետ, որոնք մասնակցել էին նրա հոգեհանգստի արարողությանը: Նրանք պնդում էին, որ իրենց կուրսընկերուհին ոչ մի առողջական խնդիր չուներ, առավել եւս հոգեկան խանգարումներ, ընդհակառակը, նա պատրաստ էր բոլորին օգնել. ողջ խումբը նրա տետրերից էր օգտվում: Անձնական խնդիրների, սիրահարվածության պատճառով ինքնասպանության դիմելու վարկածը եւս նրանք մեջտեղից հանեցին՝ նշելով, որ նման խնդիրներ ուսումնառության ընթացքում Գոհարի մոտ չեն նկատել: «Առավոտը» փորձեց կապվել նաեւ նախկին ուսանողուհու բարեկամների հետ: Սակայն միակ կոորդինատը, որը հնարավոր եղավ ձեռք բերել՝ Գոհարի բջջայինի համարն էր, որն այնքան ծանրաբեռնված էր, որ հաղորդագրություն անգամ ընդունել չէր կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել