Սկանդալային Դօրիանի նույնքան սկանդալային «Սատանան մայրամուտին» պատմվածքը նոյեմբերի 23-ին տպագրվել է «Ինքնագիր» գրական հանդեսում: Այն պատմում է Հայաստանում ապրող միասեռական տղամարդկանց սիրո մասին: Առաջին անգամ պատմվածքն ընթերցողի դատին է հանձնվել նախորդ տարվա գարնանը՝ հեղինակի անձնական կայքում: Նույն տարվա օգոստոսին այն արժանացել է «Անկախ» պարբերականի սահմանած գրական մրցանակին, ինչն էլ հասարակությունում հուզական մեկնաբանությունների առիթ դարձավ:
«Հիշում եմ, թե ինչպես էին ինձ հետապնդում այդ պատմվածքի համար՝…ազգայնական մի կազմակերպություն օրինապահ մարմինների ուշադրությունն էր հրավիրում վրաս՝ ինձ համարելով լուրջ վտանգ հասարակության համար: Մարդիկ էլ կային, որ որոշել էին անձամբ «զբաղվել» ինձնով: Երեւի գրականությունը Հայաստանում այնքան մոդայիկ չէր, որքան միասեռականությունը, այդ պատճառով էլ ոմանք չզգացին, որ «Սատանան մայրամուտին» տեքստ է, ոչ թե սեքս: Համոզված եմ, որ այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է»,- ասում է Դօրիանը: Պատմվածքի հետ մեկտեղ ամսագրում հրապարակվել է նաեւ հեղինակի ինքնակենսագրությունը, որտեղ վերջինս առաջին անգամ պատմում է իր ծանր մանկության մասին՝ հիշատակելով, որ 10 տարեկանից դպրոց հաճախելու փոխարեն սեւագործությամբ եւ մանր գողություններով է զբաղվել: