Այս տարվա հոկտեմբերի 5-ին «Սփյուռքը անկախանում է Հայաստանից, եւ կառավարություն է ստեղծում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին համալսարանի Town & Gown սրահում կայանալու է «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագրով մեկօրյա գիտաժողով, որի նպատակն է հասնել հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակմանը: Պետք է ստեղծվեր աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց, որը պետք է ներկայացնի համայն աշխարհի հայությանը՝ բացառությամբ Հայաստանի եւ Արցախի հայերի, որոնք արդեն ընտրովի կառավարություններ ունեն: Ընտրված ներկայացուցիչների այսպիսի հավաքական մարմինը հետամուտ կլինի հայկական շահերին, կպաշտպանի հայության իրավունքները: Այս առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Առավոտին» ասել էր. «ՀՀ Սփյուռքի նախարարությունը ողջունում է հայկական Սփյուռքի ցանկացած համախմբում: Սփյուռքում կազմակերպություններ, կառույցներ ունենք, որոնք ոչ միայն համահայկական են, այլեւ 100 եւ ավելի տարիներ գործում եւ հայապահպանական մեծ դեր են խաղում մեր ժողովրդի կյանքում: Համախմբելու եւ մեկ ընտրովի մարմին ստեղծելու փորձը եւս կարեւոր է, քանի որ այն կնպաստի հիմնախնդիրների միասնական ձեւակերպմանը եւ դրանց լուծումներ գտնելուն, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք գործակցությունն առավել ընդգրկուն եւ գործնական դարձնելուն»:
Համաժողովը արդեն կայացել է, ինչպես «Նոյյան տապանին» տեղեկացրել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, գիտաժողովն ունեցել է 600 մասնակից ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Եվրոպայից: Մասնակիցները խանդավառությամբ են ընդունել Սփյուռքի ընտրովի ղեկավարության գաղափարը: Սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ հայերը պետք է ընտրեն իրենց ներկայացուցիչներին կամ ղեկավարներին: Նոյեմբերի 20-ի գիտաժողովը անհրաժեշտ քայլերից առաջինն է՝ մինչեւ համաշխարհային ներկայացուցչական կառույցի հավակնոտ նախաձեռնության իրագործումը: Այժմ հետազոտողների խումբը պետք է ուսումնասիրի եւ որոշի, թե տարբեր երկրների հայ համայնքները ինչպես են ընտրելու իրենց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջոցներ առաջարկի ընտրախախտումները կանխելու համար:
Ֆրանսիայի հայկական համայնքի փորձը, որ խիստ կարեւոր նախադեպ կարող է ծառայել Սփյուռքի մյուս համայնքների համար, սակայն միատեսակ ընտրական ծրագիրը չի կարող միանշանակ կիրառվել բոլոր հայկական համայնքներում՝ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր համայնք ապրում է յուրահատուկ իրավական եւ քաղաքական միջավայրում, յուրաքանչյուր երկրի համար անհրաժեշտ է մշակել ներկայացուցիչների ընտրության համապատասխան ծրագիր՝ խորհրդակցելով տեղական ղեկավարների հետ: