Լրահոս
Օրվա լրահոսը

Վասն տեղեկատվության ազատության

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"Հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների եւ դոնորների համատեղ ջանքերով

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» եւ «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, ՀՀ քաղծառայության խորհրդի որոշմամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի պետական տարբեր կառույցներում աշխատող քաղծառայողների համար կազմակերպվում են «Ամբողջականության հիմունքների տեղեկատվության ազատության եւ հասարակայնության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» ծրագրով վերապատրաստման եռօրյա դասընթացներ: Դասընթացների առաջին 15 շրջանավարտները երեկ ստացան ավարտական վկայականները: Այս տարվա նոյեմբերի 22-դեկտեմբերի 22 հատվածում կվերապատրաստվի 105 քաղծառայող: Նախաձեռնության ամենաակտիվ մասնակիցը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է. մինչեւ դեկտեմբերի 22-ը կվերապատրաստվի կադաստրի 37 աշխատակից: Ամենապասիվը՝ Տավուշի մարզպետարանն է՝ ընդամենը մեկ մասնակից, եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ երկու մասնակից:
Ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ նախագահ Շուշան Դոյդոյանի, սա դեռ սկիզբն է, ծրագրով նախատեսված է առաջիկա երեք տարում վերապատրաստել մոտ 300 քաղծառայող եւ մոտ 400 համայնքային ծառայող:
Նախքան վերապատրաստումների այս ծրագիրը նախաձեռնելը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» մարզերում է նման դասընթաց-սեմինարներ կազմակերպել, սակայն փորձը ցույց է տվել, որ մի քանի ժամանոց հավաքի արդյունավետությունը այնքան էլ մեծ չէ, առավել ընդունելի է բոլորին մեկտեղելը, համատեղ աշխատանքը, շփումն ու քննարկումները:
«Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են նախարարությունների եւ մարզպետարանների տարբեր վարչությունների՝ բնապահպանության, գյուղատնտեսության, հողաշինության, երեխաների իրավունքների եւ պետական տարբեր կառույցների տարածքային ստորաբաժանումների աշխատողները, որոնք ամենօրյա շփումների մեջ են քաղաքացիների հետ: Այս դասընթացի շնորհիվ նրանք գիտելիքներ եւ հմտություններ ստացան, թե ինչպես ծառայությունները մատուցեն ավելի որակյալ եւ տեղեկատվությունը պատշաճ ձեւով տրամադրեն քաղաքացիներին»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Բոլոր նախարարությունների եւ մարզպետարանների հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերն ու աշխատակիցները «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախաձեռնությամբ տեղեկատվության ազատության ապահովման դասընթացներ անցել են դեռեւս 2008 թվականին: «Ժամանակն է, որ նրանք թարմացված ծրագրով եւս մեկ անգամ վերապատրաստվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել