Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ

Նոյեմբեր 25,2010 00:00

\"\"2010 թվականի նոյեմբերի 25-ի «Ջուրը կյանք է» խորագրով հեռուստամարաթոնին ընդառաջ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի մարզերում հանգանակություններ է կազմակերպում: Հայրենասիրության մասին ճառող քաղաքական կազմակերպություններն ու օգնելու խոստումներ տվող գործարարները դրամահավաքին չեն մասնակցում:

«Սա միայն դպրոցականների պետությունը չէ»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոռու մարզում կազմակերպված մարաթոնի արդյունքներն ամփոփելիս նշեց մարաթոնի դրամահավաք հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանը: Մարզում դրամահավաքից ստացված 4 318 800 դրամի զգալի մասը հանրակրթության բնագավառի ներդրումն է: Մարզի յոթ բուհերը նույն ակտիվությունը չեն ցուցաբերել: Այսօրվա դրությամբ ներդրում ունեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը՝ 143 հազար, Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանը՝ 250 հազար, Ալավերդու հյուսիսային համալսարանը՝ 25 հազար դրամ: Մյուս 4 բուհերը՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղը, «Մխիթար Գոշ», Ագրարային համալսարանները, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը կանխիկ վճարումներ չեն կատարել: Բացի Վանաձորի պոլիտեխնիկումից եւ Ալավերդու արհեստագործական քոլեջից, Լոռու մյուս միջին մասնագիտական հաստատությունները չկան: «Դպրոցականների մասնակցությունը դաստիարակչական բնույթ ունի, եւ հավաքվող 50, 100 դրամները թեկուզ սիմվոլիկ նշանակություն ունեն, սակայն շատ կարեւոր են դպրոցահասակ երեխաների ենթագիտակցության մեջ հայրենասիրություն ձեւավորելու համար»,- կարծում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:
Հայրենասիրության մասին բոցաշունչ եւ ժամեր ձգվող ելույթներ ունեցող քաղաքական կազմակերպությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությանը չեն մասնակցել, իսկ Լոռու 200 հ/կ-ներից միայն 3-ն է գումար տվել: Այս երեքից երկուսն էլ՝ «Լոռու դպրոց» հիմնադրամն ու «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդութուն» կազմակերպությունը Լոռու մարզպետարանի կազմում են գործում:
Այս տարի ակտիվությամբ աչքի չեն ընկել նաեւ համայնքապետարանները: Լոռու 113 համայնքներից դրամահավաքին մասնակցել է չորսը՝ մարզկենտրոն Վանաձորը, Շամլուղ քաղաքը, Միխայելովկա եւ Բազում գյուղերը:
Աննախադեպ պասիվ են եղել մարզի գործարարները: Դեռեւս հոկտեմբերի 29-ին մարզխորհրդի նիստի ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ահազանգում էր, որ տարեցտարի գործարար աշխարհի ներդրումները պակասում են: Հաշվի առնելով, որ նրանց պասիվությունը մեծամասամբ անիրազեկության արդյունք է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի դրամահավաք հանձնաժողովը 800 գրություն է ուղարկել մարզի գործարարներին, սակայն արդյունքը՝ զրո:
Դրամահավաք հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանը չի թաքցնում իր զարմանքը, որ մեծ եկամուտ ունեցող Թեղուտի, Արմանիսի, Ախթալայի լեռնահարստացուցիչ հանքավայրերը շահագործող ընկերությունները, շուկաները, առեւտրի եւ սպասարկման կետերը, Վանաձորի չորս կարի ֆաբրիկաներն ու կաթնարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կանխիկ ներդրում չեն կատարել: «Պանիրն այսքան թանկացավ, իսկ ձեռնարկության ղեկավարները նույնիսկ մի կիլոգրամ պանրի գումար չեն ցանկանում տրամադրել իրենց երկրի զարգացմանը, միայն պետությունը չէ մեզ պարտք, մենք էլ մեր պարտքն ունենք»,- ասում է Մայիս Խաչատրյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչի համար հասկանալի է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում ընկերությունը կարող է նեղության մեջ լինել, բայց կարելի էր հարցին այլ լուծում տալ. եթե ամեն ընկերության աշխատող 100, 200, 300 դրամ տար՝ էլի բան էր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ծրագրեր է իրականացնում եւ Հայաստանում, եւ Ղարաբաղում, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը համագործակցում են նաեւ մարզերի մակարդակով: Արդեն 3 տարի է՝ բարեկամություն ու համագործակցություն է ձեւավորվել Լոռու մարզի եւ Արցախի Մարտակերտի վարչական շրջանի միջեւ: Լոռեցի գործարարները տեղյակ են Մարտակերտի խնդիրներին: Վերջին անգամ լոռեցիների պատվիրակությունը Մարտակերտում էր  ընդամենը մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 29-31-ը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը լոռեցիներին ասել է, որ այսօր Մարտակերտում կարեւորը ջրամատակարարման ապահովումն էր: Բազմաթիվ համայնքներ դեռեւս ջուր չունեն, տարբեր ծրագրերով բնակավայր հասած ջուրը սպառողին դեռ չի հասնում՝ ներքին ցանցի խնդիր կա: Լոռեցի գործարարները պատրաստակամություն են հայտնել թեկուզ մի գյուղի կամ առանձին թաղամասի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցմանը աջակցել, որ արցախցին իր երկիրը լքելու մասին երբեք չմտածի: Սակայն հիմա, երբ խոսքից գործին անցնելու պատեհ պահն է՝ գործարարները չկան: Իսկ մեծն լոռեցին ասում էր՝ «Գործն է անմահ, լավ իմացեք»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատրյանը դրամահավաքին անկանխիկ՝ փոխանցումով միջոցներ տրամադրած անձանց եւ կազմակերպություններին խնդրում է մինչեւ դեկտեմբերի 1-ը ներկայացնել բանկային մուծումների հայտարարագրերը, իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը որոշել է հիմնադրամի մարաթոնի Լոռու մարզի արդյունքներն ամփոփելուց հետո հրապարակել այն գործարարների անունները, ովքեր կխուսափեն մասնակցել. «Ես չեմ ասում դրսի մեր հայրենակիցների նման մեծ միջոցների են տիրապետում, իրենց շահույթի չափով ենք ներդրում սպասում, սա ազգային տուրքի օր է, եւ բոլորիս բարոյական պարտքն է»,- ասում է Արամ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել