ԱԱԾ քննիչ Վլադիմիր Կոթոլյանը նոյեմբերի 6-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ գույքի 1/3-ի բռնագրավմամբ: Նա մեղավոր ճանաչվեց 4000 դոլար կաշառք «ստանալու» համար: Ըստ գործի նյութերի, սակայն, ԱԱԾ քննիչ Վ. Կոթոլյանը եղել է «ԱԱԾ ուշադրության» կենտրոնում դեռ մեկ տարի առաջ…
2009թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մարուքյանի կողմից որոշում է կայացվում Վ. Կոթոլյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ Քրօրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: 2 օր հետո ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թեւանյանը որոշում է կայացնում «նոր» քրեական գործ հարուցելու մասին՝ ՀՀ քրօրի 299 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դա, ըստ էության, «կապվեց» ազատամարտիկ, հայրենիքի դավաճանության հոդվածով մեղադրյալ Գեւորգ Հայրապետյանի եւ ազերի, բայց Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերիի դեմ հարուցված քրեական գործի հետ: Այսինքն, Կոթոլյանին, որը այդ գործով քննչական խմբի անդամ էր, «կասկածում» են «ծառայության բերմամբ հայտնի դարձած պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելու դեպքի համար»:
Նույն այդ նոյեմբերի 19-ին ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի պետ Ս. Բաղդասարյանը «ՀՀ ԱԱԾ ղեկավարության ցուցումով» կալանք տալու կասկածանքով ժ.16.30-ի սահմաններում ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկում թմրամիջոցների իրացմամբ եւ օգտագործմամբ հայտնի, իրավապահների հետ համագործակցող Հովհաննես Գեւորգյանին:
Վերջինս «բերման է ենթարկվում» մինչ քրեական գործ հարուցվելը:
«Ամառային կաշառքի» մասին բացատրություն վերցնելուց հետո ԱԱԾ քննիչ Կոթոլյանի աշխատասենյակը, չհրկիզվող պահարանն են զննում՝ ժ.18.30-19.30-ի սահմաններում, ինչպես նշված է արձանագրության մեջ: Այս ժամերը, իհարկե, վիճարկում են Կոթոլյանի պաշտպանները, քանի որ, ըստ նրանց, զննությունը կատարվել է Կոթոլյանի ձերբակալությունից ժամեր առաջ: Ըստ Կոթոլյանի ձերբակալման արձանագրության, ժ.17.05-ին «Կոթոլյանի ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն, որ նրա մոտ հայտնաբերվել են քրեական գործով արգելված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր»: «Բացահայտ հետքի» հետ կապված ոչինչ չի հայտնաբերվել:
6 ժամ գտնվելով ԱԱԾ շենքում, նույն բովանդակությամբ էլ շարադրվում է Հովհաննես Գեւորգյանի ձերբակալման արձանագրությունը: Կոթոլյանը դեռ «տաք» էր, քանի որ նրան թվում է, թե իր նկատմամբ «ծագած կասկածանքը» կապված է Գեւորգ Հայրապետյանի գործի հետ: Նա ցուցմունք է տալիս այդ կապակցությամբ: Նա անհեթեթ է համարում կասկածանքը ու գրում. «Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեմ հրապարակել, նման բան չի կարող լինել, ուստի որեւէ ցուցմունք չունեմ տալու»: Այդ ժամանակահատվածում «մշակվում» էր Հովհաննես Գեւորգյանը: Նոյեմբերի 21-ին Գեւորգյանը Կոթոլյանի դեմ ցուցմունք է տալիս, թե ամռանը «Մամա միա» սրճարանում 4000 դոլար կաշառք է տվել իր գործը կարճելու համար, իսկ դատարանը ԱԱԾ քննիչին 2 ամսով խափանման միջոց է ընտրում կալանքը: Կալանվում է նաեւ «կաշառատուն» (նրա գործի մանրամասներին տեղյակ եք «Առավոտի» նոյեմբերի 17-ի «Մեկուսարանում կոկաին է տրվել» հրապարկումից):
2009թ. դեկտեմբերի 2-ին Կոթոլյանի գործը ուղարկվում է հատուկ քննչական ծառայություն: Մի դեպքում ոստիկանությունը, պատասխանելով ՀՔԾ-ի հարցմանը, տեղեկացնում է, թե կաշառք տալու գործով հաղորդում չի ստացվել, հետեւաբար ոչ մի գործողություն չի կատարվել, մյուս դեպքում՝ Հովհաննես Գեւորգյանը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում գրում է. «Ես դրա (կաշառքի) մասին հայտնեցի ոստիկանության իրավապահ մարմիններին, կազմվեց օպերատիվ խումբ եւ սկսեցին հետեւել իմ եւ Կոթոլյանի հանդիպումները»: Տեղեկացնենք, որ նման օպերատիվ խումբ չի եղել:
«Պետական գաղտնիք հայտնելու» Կոթոլյանի դեմ կասկածները չեն հաստատվում եւ քրեական հետապնդումը հիշյալ մեղադրանքով դադարեցվում է: Կոթոլյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելու հանգամանքը պիտի արդարացվեր, ուստի կաշառքի մասով գործը այս տարվա փետրվարի 26-ին ուղարկվում է դատարան: ԱԱԾ քննիչը իրեն մեղավոր չի ճանաչում: Չկա հանցակազմ, չկան այնպիսի գործողություններ, որոնք կապացուցեին, որ Գեւորգյանը տվել է կաշառք, չկան վկաներ, ձայնագրություն, իսկ իրավապահների հետ համագործակցող Գեւորգյանի ցուցմունքները մեկը մյուսից տարբեր էին, հակասական: Ի դեպ, Հովհաննես Գեւորգյանի մայրը՝ Բալասան Զաքարյանը ցուցմունք էր տվել, թե՝ «այո, Վլադիմիր Կոթոլյանը սպառնացել է որդուն ձերբակալել, սակայն զանգում էր ոչ թե գումարի համար, այլ՝ որ Հովիկը չէր ներկայանում քննության»: Գործում եղած մի քանի ձայնագրությունները նենգափոխվել են, իբրեւ թե քննիչը կանչել է հանդիպման գումարի համար, մինչդեռ Կոթոլյանի պաշտպանական թիմը պնդում է, որ քննիչը մի քանի անգամ զանգել է Հովհաննես Գեւորգյանին եւ նրա հետ թմրամիջոցի օգտագործման մեջ կասկածվող ընկերուհուն՝ Մարիամին, որպեսզի ներկայանան բաժին: