Տաթեւի բնակիչները վստահ են ճոպանուղու անվտանգության վրա
«Ես մի երկրից եմ, որտեղ շատ-շատ ճոպանուղիներ կան, սակայն մենք չունենք Տաթեւի ճոպանուղու նմանը նույնիսկ մեզ մոտ: Այս ճոպանուղու առավելությունն այն է, որ կարող է մեծապես նպաստել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում»,- ասաց Նորվեգիայի դեսպան Կնուտ Հաուգեն Տաթեւի բնության գրկում՝ ուրցի թեյ խմելիս՝ երկու օր առաջ: Նա տասը տարի առաջ է եղել Տաթեւում եւ նորից լինելով այստեղ՝ տպավորված է «աննկարագրելի փոփոխություններից»: «Սա մեծ ու հզոր կառույց է, որ միացնում է Հալիձորը եւ Տաթեւը»,- ասում է նա՝ նայելով ճոպանուղուն, եւ շարունակում ճաշակել մեղր եւ թեյ:
Տաթեւի ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը բացատրում է, որ մոտ երկու շաբաթ ճոպանուղու աշխատանքների կանգնեցումը պայմանավորված էր ճոպանուղու՝ ամառային ռեժիմից ձմեռայինի անցման աշխատանքների հետ: «Այսօր այն աշխատում է անխափան եւ սպասարկում է թե’ զբոսաշրջիկներին, թե’ Երեւանից եկած հյուրերին եւ թե’ հարեւան վեց համայնքների բնակիչներին»,- ասում է նա: Ըստ կառավարչի՝ օրական այստեղ այցելում է 100-150 ուղեւոր: Տեղի բնակիչները ճոպանուղուց առավոտյան ժամերին օգտվում են անվճար: Ճոպանուղում նկատեցի՝ ուղեւորները վախենում էին, անհանգստանում, Տաթեւի ճոպանուղու կառավարիչն էլ կարծում է. «Դա կախված է բարձրությունից, զարմանքից եւ նրանից, որ ապակե պատերով վագոնիկը երթեւեկում է երեք հարյուր քսան մետր բարձրությամբ՝ անտառների վրայով»: Իսկ տեղի բնակիչները, պարոն Ղազարյանը վստահ է, բացարձակապես չեն վախենում. «Որովհետեւ նրանք ճոպանուղու կառուցման օրից ներկա են եղել եւ նույնիսկ մասնակցել են շինարարական աշխատանքներին, եւ այն հոգատար ու մասնագիտական մոտեցումը, որ տեսել են բնակիչները, երեւի մեզանից ոչ ոք չի տեսել»,- ասում է Տիգրան Ղազարյանը: Ճոպանուղու աշխատանքից ես էլ չվախեցա, դրա ժամանակն էլ չկար: Արծվի թռիչքին համընթաց շարժվում էր այն, մենք էլ վերեւից ըմբոշխնում էինք Սյունյաց անտառների եւ լեռների գեղեցկությունը: Իսկ վերջում երեւի պետք է ներողություն խնդրենք ճոպանուղու աշխատակազմից եւ այն ուղեւորներից, որոնք սպասում էին մի քանի լրագրողների. մենք պարզապես հիանում էինք Տաթեւի վանքով, այնտեղ այնքան բան կա նայելու, իսկ ճոպանուղին աշխատում է հստակ գրաֆիկով եւ առանց այն խախտելու: