Հղիների ցույցը նախագահական նստավայրի առաջ
«Դուք սպառնում եք մեր երկրի բնակչության աճին», «Ինչո՞ւ եք դրդում պահանջարկ ունեցող մայրերին լքել Հայաստանը», «Ամո՛թ, բյուջեն լցնում եք հայ մայրերի հաշվին»: Այս պաստառներով երեկ մի քանի տասնյակ երիտասարդ աշխատավոր հղի կանայք նախագահական նստավայրի առաջ բողոքում էին «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հավանություն տվեց այդ օրենքում փոփոխություններ կատարելուն:
«Այս փոփոխությունը ոչ միայն կնպաստի Հայաստանի բնակչության թվի կտրուկ նվազմանը, այլեւ մեծ վտանգ է ներկայացնում հանրապետությանը։ Այսօր այստեղ հավաքված կանայք, որ հիմա կամ ապագայում պատրաստվում են մայր դառնալ, 90-ականների սառը նստարանների վրա մեծացած աղջիկներն են, որոնք անցել են շատ դժվարությունների միջով, բայց դեռ ապրում են Հայաստանում ու իրենց ապագան այս երկրի հետ են կապում: Ու նրանց տարիների աշխատանքի արդյունքը անտեսել ու ասել, թե պետությունը չի կարող աջակցություն ցույց տալ, ճիշտ չէ: Առաջարկում ենք նախագահին օրենքում փոփոխություններ անելու իր ստորագրությունը հետ կանչել, թող ներկայացնեն մեզ, թե ինչո՞ւ է մեր պետությունը այս վտանգավոր ժամանակահատվածում որոշում, որ բնակչության թվի աճ պետք չէ, եթե իշխանությունները մտադիր են ինչ-ինչ մանր խնդիրներ լուծել նոր որոշումներով, ապա ինչքանո՞վ է ճիշտ իրենց մտադրությունները կյանքի կոչել օրենքում հսկայական փոփոխություններ անելով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Facebook սոցիալական ցանցում ձեւավորված՝ «Դադարեցնել մայրության դեմ օրենքի փոփոխությունները» ակցիայի անդամ Մարիամ Դավթյանը:
27-ամյա Դիանա Հովհաննիսյանն էլ մինչեւ վերջին րոպեն սպասում ու հավատում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը փոփոխություններին հավանություն չի տա, բայց հիասթափությունը մեծ էր. «Մի՞թե էլ ուրիշ ձեւ չկար բյուջեն լցնելու, թե՞ խրախուսում են, որ փախչենք էս երկրից: Էդ գումարներն անհրաժեշտ են մայրերին, որպեսզի տարրական պարագաներ գնեն իրենց երեխաների համար: Էլ չգիտենք ինչ անել, մինչեւ վերջ հավատում էինք, որ նախագահը չի ստորագրի այդ որոշման տակ, աբսուրդ են նրանց արածները, որովհետեւ սա չի համընկնում նրա նախընտրական խոստումներին, ոչ էլ երկրի զարգացման ծրագրերին, մնում է թողնենք ու փախչենք էս երկրից»: Երկու երեխաների մայր Արմինե Պողոսյանն էլ ասում էր, որ թեեւ պլանավորել էր երրորդ ու չորրորդ երեխաներ ունենալ, բայց այս որոշումից հետո նման քայլի չի գնա. «Շատ ընտանիքներ նույնիսկ երկրորդ երեխան չեն ցանկանա ունենալ, որովհետեւ պետությունը հասցնում է դրան։ Մեկ այլ խնդիր էլ կա. թող որոշումն ընդունողներն իմանան, որ կադրերի արտահոսքն ավելի կմեծանա, լավ մասնագետները հիմա ավելի մեծ թափով կփախչեն Հայաստանից: Չեմ հասկանում՝ Չինաստանի նման սահմանափակում են շատ երեխաներ ունենա՞լը, թե՞ ուզում են, որ թուրքերը շատանան»: