Վերջերս Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը GeoProMining ընկերությանը մեղադրեց այն բանում, որ ընկերությունն «անօրինական» ձեւով շահագործում է հանրապետության երկու ոսկեբեր հանքավայրեր՝ Սոթքում եւ Մեղրաձորում: GPM-ի ղեկավարությունն էլ իր հերթին, չընդունելով ՎՊ մեղադրանքները, նրա գործողություններն անվանեց անօրինական, իսկ եզրակացությունները՝ անհիմն:
GeoProMining խումբը վեց լեռնամետալուրգիական ձեռնարկություններ է ղեկավարում Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում: Աշխատողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5000 մարդ: Ընկերության հիմնական բիզնեսը ոսկու, պղնձի, արծաթի, սուրմայի, մոլիբդենի, ցինկի արտադրությունն ու վերամշակումն է: Հայաստանում ընկերությունը տիրապետում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ «GPM Gold» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը եւ Արարատի հանքահարստացման ֆաբրիկան:
Կապված Հայաստանի Վերահսկիչ պալատի մեղադրանքների հետ, «ԱրմԻնֆո» գործակալության հարցերին է պատասխանում GeoProMining Խմբի կորպորատիվ ներդրումների եւ ռազմավարական զարգացման գծով առաջին փոխնախագահ Սերգեյ Իգորի Նոսովը:
– GeoProMining ընկերությունը մետաղների ստացումով է զբաղվում Ռուսաստանում, Հայաստանում եւ Վրաստանում: Ընկերության ակտիվները Հայաստանում շահույթ տալի՞ս են:
– 2010 թվականի առաջին կեսին «Ագարակի ՊՄԿ»-ն աշխատում էր շահույթով եւ տարվա արդյունքներով սպասվում է շահութաբերության աճ: Ինչ վերաբերում է «GPM Gold»-ին, որը զբաղվում է ոսկու ստացումով, ապա առայժմ ընկերությունը գտնվում է վնասաբերությունից դուրս գալու ճանապարհին: Պետք չէ մոռանալ, որ հայկական երկու ձեռնարկություններում էլ տեղի է ունենում արդիականացման գործընթաց, ինչը հետագայում թույլ կտա բարելավել ընկերության բոլոր ֆինանսական ցուցանիշները: Մենք Հայաստանում մտադիր ենք աշխատել շահույթով:
– Ինչո՞ւ ոսկու համաշխարհային գների աննախադեպ աճի պայմաններում այդ ազնիվ մետաղի արտադրությունը Հայաստանում վնասաբեր է, ինչի՞ մասին է խոսվում ՎՊ հաշվետվության մեջ:
– Գիտեք, այդ հարցի պատասխանը բավականին բարդ է եւ ունի իր նախապատմությունը: Սոթքի ոսկեբեր հանքավայրը պարունակում է մի քանի հանքատեսակներ: Պարզության համար ասեմ, որ դրանք բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ օքսիդային եւ սուլֆիդային: Այդ հանքատեսակներից յուրաքանչյուրը մշակվում է տեխնոլոգիական տարբեր մեթոդներով: Հանքավայրը բացելիս, դեռեւս խորհրդային ժամանակներում, ձեռնարկությունը մշակել է օքսիդային հանքանյութը, այդ նույն տեխնոլոգիայով: Դրա համար էլ կառուցվել է Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկան: Սակայն 2004-2005 թվականներից հիմնական հանքատեսակներն արդեն հանվել էին, եւ Արարատի ֆաբրիկան ձեռնամուխ է լինում մնացորդային, կարծր հանքերի մշակմանը, որոնք ստացվում են սելեկտիվ ճանապարհով, ինչպես նաեւ վերամշակում է պոչերը (ոսկու փոքր պարունակությամբ թափոնները, որոնք ստացվում են նախորդ տարիների մշակումից): 2007 թվականի վերջում, GeoProMining ընկերության կողմից Սոթքի հանքավայրի շահագործման իրավունքը հնդկական «Վեդանտա» ընկերությունից ձեռք բերելիս ֆաբրիկան, ինչպես նաեւ հանքը գտնվում էին անաշխատունակ վիճակում, ինչը պայմանավորված էր հիմնականում հանքանյութի պակասով եւ ձեռք բերված ակտիվների նյութական բարձիթողի վիճակով:
Այդ ժամանակ մեր հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի ծանոթանանք գործերի ընթացքին, պահպանենք ու աջակցենք գոյություն ունեցող բանվորական կոլեկտիվը, փակենք նախկին բաժնետերերի, այդ թվում՝ նաեւ աշխատավարձի գծով պարտքերը, ֆաբրիկան եւ հանքը բերենք աշխատանքային վիճակի: Այնուամենայնիվ, գործող ֆաբրիկան արդիականացվեց եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենագագաթնակետային փուլում գործարկվեց, երբ շատ լեռնարդյունաբերական, այդ թվում նաեւ հայկական ձեռնարկություններ կանգնած էին: Մենք երբեք չենք թաքցրել, որ ֆաբրիկայի ներկայիս տեխնոլոգիական հագեցվածությամբ դժվար է վերամշակել Սոթքի հանքավայրի սուլֆիդային հանքերը: Ներկայումս, արտադրությունը շարունակելու համար ստիպված ենք զբաղվել հանքանյութի սելեկտիվ ստացումով, որը շատ քիչ ոսկի է պարունակում: Միայն, ներկայումս չաշխատող, ժամանակակից հարստացնող ֆաբրիկայի գործարկումով մենք կարող ենք վերամշակել դժվարահասանելի սուլֆիդային հանքերը: Ներկայումս ընկերությունն աշխատում է այդ ծրագրի իրականացման ուղղությամբ եւ նախատեսում է 2013 թվականին ավարտել ամենաժամանակակից «Ալբիոն» առաջնակարգ տեխնոլոգիական հնարավորություններով հագեցված ֆաբրիկայի շինարարությունը, որը հիմնված է սուլֆիդային հանքանյութի վերամշակման վրա: Հանքավայրերի վերամշակման տեխնոլոգիական հնարավորությունների մեծացումը, որոնք ներկայումս չեն կիրառվում, հանդիսանում է մեր առանցքային խնդիրը:
Եթե հիշում եք, Սոթքի հանքավայրում սկզբում մենք պլանավորել էինք կառուցել նոր ֆաբրիկա, ինչը թույլ կտար զգալիորեն տնտեսել՝ ստացված հանքանյութը Արարատի վերամշակման ֆաբրիկա տեղափոխելիս: Սակայն, ելնելով տնտեսական որոշակի պահանջներից, որոշում ընդունվեց Արարատի գործող հարստացնող ֆաբրիկայի մոտ կառուցել նոր ֆաբրիկա: Ներկայումս մենք ավարտում ենք նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները եւ շատ ենք շահագրգռված նոր հանքավայրերի գործարկմանն անցնելու մեջ:
– Ի՞նչ հանքավայրեր է ներկայումս մշակում ընկերությունը եւ ինչքանո՞վ են դրանք ոսկով հարուստ: Վերահսկիչ պալատի հաշվետվություններում նշվում է մեկ տոննա հանքանյութի մեջ 6 գրամ ոսկու մասին, արդյո՞ք դա այդպես է:
– Ինչպես նախկինում ասել էի, Սոթքի հանքավայրը շատ հետաքրքիր եւ, միաժամանակ, դժվար իրացվող հանքավայր է: Այն ունի տարբեր հանքային մարմիններ՝ ոսկու միանգամայն տարբեր պարունակությամբ: Օրինակ, կան հանքանյութեր, որոնք մեկ տոննայի մեջ պարունակում են 6-8 գրամ ոսկի, լինում է 2 գրամ, նաեւ՝ 12 գրամ: Այս բոլոր հանքային մարմիններն էլ հանդիսանում են կարծր, որոնց անհնար է մշակել մեր ֆաբրիկայում: Նման հանքանյութի մշակման համար անհրաժեշտ է փոխել ստացման մեթոդը, անցնելով բաց մեթոդից ստորգետնյայի: Սակայն, որպեսզի ֆիզիկապես հնարավոր լինի հասնել հարուստ հանքանյութերին, անհրաժեշտ են ժամանակ եւ լրացուցիչ ներդրումներ: Բնական է, բոլոր այս գործոնները հաշվի են առնվում ապագայի արտադրական եւ գործառնական պլանները նախատեսելիս ու կազմելիս:
Ներկայումս ընկերությունը վերամշակում է շատ փոքր պարունակությամբ օքսիդային ոսկու հանքեր, որը հաճախ հասնում է 1 գրամ/տոննայի, եւ այդ հանքանյութը տեղափոխվում է բավականին հեռու տարածության վրա գտնվող՝ Արարատի հարստացնող ֆաբրիկա, ընդամենը՝ արտադրությունն աշխատանքային վիճակում պահելու եւ աշխատանքային կոլեկտիվի զբաղվածությունն ապահովելու համար:
– Շարունակելով հարցը, կուզենայի իմանալ, ինչպիսի՞ն է Խմբի ֆինանսական ռազմավարությունը: Եթե Հայաստանում ակտիվները վնասաբեր են, ապա ինչպե՞ս է ընկերությունը զարգացման համար վարկեր ներգրավում, եւ ինչպե՞ս է պատրաստվում հետագայում դրանք փակել:
– Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ներգրավել ոսկու հանքանյութի վերամշակման «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման համաշխարհային առաջատարներին եւ սկսել դրա իրականացումը Հայաստանում: Այդ ծրագիրը, անգամ համաշխարհային պրակտիկայի առումով, պետք է գործարկվի անհավանական կարճ ժամկետներում: Լեռնարդյունաբերական GeoProMining ընկերությունը գնաց հանքանյութի վերամշակման տեխնոլոգիայի սկզբունքային փոփոխության ճանապարհով՝ «GPM Gold»: Այս նախագիծն իրականացնելու նպատակով կնքվել են պայմանագրեր եւ ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում Core Process Engineering (Ավստրալիա), Xstrata (Ավստրալիա) ընկերությունների հետ, կապված նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումների հետ, Արարատի ոսկու ֆաբրիկայի վերակառուցման նպատակով, «Ալբիոն» նորագույն համաշխարհային տեխնոլոգիայի կիրառմամբ՝ կարծր հանքանյութերը վերամշակելու համար:
Չէի ուզենա շեշտերը դնել վնասաբերության վրա, քանի որ այսօր ձեռնարկությունը վնասաբեր է, իսկ վաղը, նոր տեխնոլոգիաների ներդրման հաշվին, կսկսի շահույթ ստանալ: Ներկայիս վնասաբերության պատճառը կայանում է կարծր, դժվարահաս հանքանյութի մեջ, որը ներկայումս, պարզապես, տեխնոլոգիապես չի վերամշակվում Արարատի ֆաբրիկայում: Մենք Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում ունենք հանքանյութերի շահագործման հարուստ փորձ եւ մեր շահերից է բխում ձեռնարկությունը շահութաբեր դարձնելը՝ մեծացնելով արտադրությունը եւ տեխնիկական ցուցանիշները:
Երկարաժամկետ գործընկերության համար կարեւորագույն պահ է հանդիսանում նաեւ այն փաստը, որ GeoProMining-ը հանդիսանում է ֆինանսապես կայուն ընկերություն, ինչը հեշտությամբ կարելի է տեսնել տարեկան աուդիտի արդյունքներից, որն անց է կացվում KPMG աուդիտորական ընկերության կողմից: Խմբի ֆինանսական կայունության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ ընկերության կրեդիտորն է հանդիսանում ռուսական ՎՏԲ բանկը: Իսկ ինչ կապված է մեղադրանքների հետ, ապա մենք երբեք էլ չենք ցանկանում ոչ մեկին պատժել, հետապնդել կամ մեղադրել: Մեր ամենալավ պատասխանը դա հանգիստ եւ կայուն աշխատանքն է, արդյունաբերության արդիականացումը եւ զարգացումը ու բանվորների կյանքի բարելավումը, ովքեր ամեն օր աշխատում են Ագարակի լեռնարդյունաբերական կոմբինատում, Սոթքի հանքավայրում եւ Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկայում:
– Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը GeoProMining ընկերությանը մեղադրեց, որ ընկերության բաժնետոմսերի 100% փաթեթը գրավադրված է «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում, հօգուտ «Կարլոու Բի-Վի» ընկերության, որին բանկը տրամադրել է 250 մլն.դոլարի վարկ: Սակայն, այլ տվյալներով, հայկական հանքավայրերում ներդրումներ ընդհանրապես չեն եղել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Արդիականացման, գեոլոգիական հետախուզման, սոցիալական կամ այլ ծրագրերով վարկային կամ սեփական միջոցներ ընդհանրապես ներդրվե՞լ են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ GPM Gold-ում:
– Շնորհակալ եմ, որն այդ հարցը բարձրացրիք: Պրն Զաքարյանին ինչ-որ պատճառներով տրամադրվել են ոչ ճիշտ տեղեկություններ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում ակտիվներ ձեռք բերելու համար նախատեսված դրամական միջոցները տրամադրվել են արտասահմանյան բանկերի վարկերով, ինչպես նաեւ ռուսական ՎՏԲ պետական բանկի կողմից: Ըստ միջազգային բանկային պրակտիկայի, GeoProMining Խմբի բոլոր ակտիվների բաժնետոմսերը գտնվում են բանկային գրավի տակ, ինչի մասին GeoProMining ընկերությունների Խումբը մշտապես տեղեկացրել է Հայաստանի համապատասխան պետական մարմիններին: Ընդ որում, բաժնետոմսերը գրավի տակ են դեռեւս 2007 թվականից: GPM Gold եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ձեռքբերման, պարտքերի փակման, մինորիտար բաժնետերերից բաժնետոմսերի ետգնման, տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերման, GPM Gold ֆաբրիկայի վերազինման, ինչպես նաեւ վերջին երկու տարիների լրացուցիչ կապիտալ ծախսերի համար նախատեսված ներդրումային ընդհանուր գումարն արդեն անցել է 260 մլն ԱՄՆ դոլարից, որտեղ 19.8 մլն դոլարն ուղղվել է Արարատի եւ Ագարակի ֆաբրիկաների գործարկման ուղղությամբ կապիտալ եւ գործառնական ծախսերին: Ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար ծախսվել է նախկին սեփականատերերի պարտքերի, այդ թվում՝ հարկային վճարների գծով պարտքերի փակմանը եւ այլ ներդրումներին: Կարելի է այցելել հանք եւ համոզվել, որ բոլոր ձեռնարկություններում աշխատում է նոր տեխնիկա: Ավելի քան 100 մլն դոլար կծախսվի «Ալբիոն» մետալուրգիական համալիրի շինարարությանը, Արարատի գործարանի վերակառուցմանը եւ Սոթքի հանքավայրի լեռնային աշխատանքներին: Ինչ վերաբերում է ՎՏԲ-Կապիտալից 2010 թ. հունիսին ստացված 250 մլն դոլար վարկին, մենք այն ստացել ենք որպես վերաֆինանսավորում, որպեսզի փակենք բոլոր բանկերի վարկերը եւ աշխատենք միայն մեկի հետ:
– Վերահսկիչ պալատը ընկերությանը մեղադրում է, որ նա չունի Սոթքի եւ Մեղրաձորի ոսկեբեր հանքավայրերի մշակման լիցենզիաներ, արդյո՞ք դա հնարավոր է, ինչպե՞ս եք աշխատել մինչեւ օրս:
– Մենք աշխատել եւ աշխատում ենք լիցենզիոն պայմանագրերով, որոնք կնքվել են 2008 թվականի փետրվարի 29-ին, մինչեւ 2023 թվականը ժամկետով: Կուզենայի Վերահսկիչ պալատի հայտարարությանն ի պատասխան՝ նշել, որ այդ պայմանագրերը վերագրանցման ենթակա չեն, քանի որ կնքվել են 2004 թվականի հուլիսի 1-ից հետո: Մենք չենք կարող աշխատել առանց լիցենզիոն պայմանագրերի ու համաձայնագրերի:
– Մեկ անգամ չէ, որ ընկերությունը հայտարարել է իր սոցիալական պատասխանատվության մասին: Հայաստանում ոսկու ստացումով զբաղված է 600 մարդ: Ինչպիսի՞ն են նրանց աշխատանքային պայմանները, աշխատավարձերը եւ ի՞նչ ձեւով է արտահայտվում այդ սոցիալական պատասխանատվությունը: Լինո՞ւմ են արդյոք աշխատավարձի գծով ուշացումներ:
– Աշխատավարձի գծով ուշացումներ չեն լինում: Ձեռնարկությունների բանվորների աշխատանքային պայմանները ձեռնարկության ժամանակակից իրավիճակի համար օպտիմալ են, աշխատավարձերը մշտապես բարձրանում են: Մարդիկ ունեն մշտական աշխատավարձ եւ հեռանկարներ, ի տարբերություն աշխարհի շատ երկրների նրանց գործընկերների: Կուզենայի հիշեցնել, որ GPM Gold ընկերության ձեռքբերման ժամանակ մեր ընկերությունը վճարեց աշխատավարձի 9-ամսյա պարտքը, իսկ ապա վճարեց նաեւ ամսական աշխատավարձերն այն ժամանակահատվածի համար, երբ ընկերությունը դեռ չէր աշխատում, պարապուրդում էր՝ ընդհուպ մինչեւ գործարկման պահը:
– Ընկերությունը կատարո՞ւմ է արդյոք իր բոլոր պարտավորությունները Հայաստանի պետական բյուջեի հանդեպ, կապված հարկային եւ կոնցեսիոն վճարների հետ:
– Հայաստանի Հանրապետության հանդեպ մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները եւ այդ առումով ոչ մի պրոբլեմ կամ անհասկանալի պահեր չունենք:
– Պետությունը կատարո՞ւմ է արդյոք իր պարտավորություններն ընկերության հանդեպ, կապված ԱԱՀ վերադարձի հետ: Գաղտնիք չէ, որ դա բոլոր արտահանողներին հուզող պրոբլեմն է, մանավանդ լեռնարդյունաբերական ձեռնարկությունների համար:
Ընկերության հանդեպ բոլոր պարտավորությունները կատարվում են ամբողջությամբ:
– Ինչպիսի՞ն է ընկերությունների Խմբի հարաբերությունները Վրաստանում, մի երկրում, որտեղ երկրի իշխանությունները, մեղմ ասած, Ռուսաստանին այնքան էլ չեն սիրում:
– Թե Վրաստանում եւ թե Հայաստանում մեր ընկերության նկատմամբ վերաբերմունքը շատ բարեկամական է: Մենք զարգացնում ենք գործարար շփումներ եւ միասին աշխատում: Մենք կախված չենք այս կամ այն երկրի նկատմամբ քաղաքական փոփոխություններից, ում կողմից էլ որ գա այդ նախաձեռնությունը: Վերջիվերջո, մարդկանց համախմբում են ընդհանուր գործերն ու շահերը, եւ ոչ թե քաղաքական գործիչները:
– Ինչպե՞ս կմեկնաբանեիք հանրապետության ոսկեբեր հանքավայրերի շահագործումը կանգնեցնելու մասին Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի առաջարկը:
– Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Վերահսկիչ պալատի նախագահ պրն Զաքարյանին, եւ շատ եմ ցավում, որ նա օգտվել է չստուգված տեղեկություններից, կամ էլ ինչ-որ մեկը, գիտակցաբար, ապակողմնորոշել է նրան: Սակայն, ցանկացած վիճելի հարց ավելի լավ է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, քանի դեռ այն չի վերածվել հասարակության համար ցավոտ պրոբլեմի: Այստեղ փոխկապակցված են մարդկանց ճակատագրերը, նրանց աշխատանքը, աշխատավարձը, ինչն ուղղակիորեն ազդում է նրանց ընտանիքների, նրանց կյանքի վրա: Կարծում եմ, որ այս հարցի լուծման համար անհրաժեշտ է անկախ եւ օբյեկտիվ դիրքորոշում:
Մենք ուզում ենք շարունակել մեր գործունեությունը, ինչը կլինի մեր լավագույն պատասխանը՝ քան մեղադրանքներին պատասխանելը: Մեր պատասխանը կայուն աշխատանքն է: