Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի կարծիքով՝ հռչակագրում ԼՂ հակամարտությանը վերաբերում է «խաղաղ լուծման» մասը:
ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագիրն ուղղված չէ ընդդեմ Հայաստանի եւ չպետք է դիտարկվի այնպես, թե Ղարաբաղի հակամարտությունում դաշինքը բռնել է Ադրբեջանի կողմը, ասել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մեկնել Լիսաբոն՝ հռչակագրի նախագծում Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման՝ Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումների պահպանման պատճառով: Մասնավորապես՝ տարածքային ամբողջականության սկզբունքը հռչակագրի մեջ նշվում է որպես միակ սկզբունք, որ պաշտպանում է դաշինքը:
Ռոբերտ Սիմոնսը կտրականապես հերքել է այն ենթադրությունը, թե դրանով իսկ դաշինքը հակվում է հակամարտությունում Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը. «Անշուշտ, դա Ադրբեջանի կողմը բռնելու փորձ չէր: Այդ հայտարարությունը կրում է միանգամայն ընդհանուր բնույթ, այն վերաբերում է մի շարք սառեցված հակամարտությունների եւ, առաջին հերթին, Մոլդովայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն»: Նշելով, որ տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը չափազանց կարեւոր է Վրաստանի եւ Մոլդովայի հակամարտությունների համար՝ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության պարագայում հայտարարության իմպերատիվը պետք է փնտրել «խաղաղ լուծում» բառերում: «Մենք ոչ մի դեպքում մտադիր չենք որեւէ մեկի կողմը բռնել, եւ ես այդ հայտարարությունը չէի դիտարկի որպես Լեռնային Ղարաբաղի հարցում անհապաղ որեւէ մեկի կողմը բռնել, կամ չէի ասի, թե մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք միշտ չափազանց չեզոք դիրք ենք բռնում: ՆԱՏՕ-ն չեզոք կերպով սատարում է Մինսկի խմբի գործընթացը, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի Ղարաբաղի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Սիմոնսը: Նա ավելացրել է, թե դաշինքն ընդունում է, որ ինքնորոշումը պակաս կարեւոր սկզբունք չէ, քան մյուս սկզբունքները:
Հարկ չկար, որպեսզի Հայաստանի նախագահը նման նեղ համատեքստում դիտարկեր ՆԱՏՕ-ի հռչակագիրը՝ նաեւ ասել է Ռոբերտ Սիմոնսը. «Ես խոսել եմ ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպանի հետ, նույնիսկ զրուցել եմ հենց նախագահի հետ, երբ Երեւանում էի մոտ 1 ամիս առաջ: Ես նրան ասել եմ, որ չեմ կարծում, թե ինքը հռչակագիրը պետք է դիտարկի նման նեղ համատեքստում, որում, որքան ինձ հայտնի է՝ դիտարկում է Հայաստանի կառավարությունը»:
Կրկնելով, թե դրանով ՆԱՏՕ-ն ոչ մի դեպքում մտադիր չէր Ադրբեջանի կողմը բռնել ղարաբաղյան հակամարտությունում՝ Սիմոնսն ընդգծել է, որ սառեցված հակամարտությունների նկարագրության դաշինքի ձեւակերպումները նորություն չեն. «Եթե դուք նայեք ավելի վաղ արված հայտարարությունների համատեքստին՝ կտեսնեք միայն տարածքային ամբողջականության հիշատակում, «խաղաղ կարգավորման» վկայակոչումը նոր է ներառվել, եւ մենք դրա վրա նույնպես շեշտադրում ենք կատարում»: Նա ավելացրել է, թե ակնկալելով, որ բոլոր հակամարտությունները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով, եւ հաշվի առնելով, որ նշվել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ դաշինքը ներառել է «խաղաղ կարգավորում» ձեւակերպումը. «Ես գիտեմ, թե դա որքան կարեւոր է Հայաստանի կառավարության համար»: Խոսելով այն մասին, որ դաշինքը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, Սիմոնսը նշել է, թե գործընթացը հաշվի է առնում նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: «Իհարկե, ես հարգում եմ Հայաստանի նախագահի որոշումը եւ կիսում նրա մտահոգությունը. ես հասկանում եմ նրա դիրքորոշումը»:
Տարօրինակ է, բայց փաստ՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի այս հարցազրույցում արված որոշ պնդումներ՝ մասնավորապես, թե՝ «չէի ասի, թե մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ հակասում են գագաթաժողովի հռչակագրի 35-րդ կետին. «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ շարունակելու ենք աջակցել այս տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին՝ հաշվի առնելով այդ սկզբունքները»: