Այս առաջարկները բազմիցս կրկնվում են «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ տեղական կազմակերպություններից ստացված դիտողություններում:
Ընտրական օրենսդրության վերաբերյալ համաժողովում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խոստացավ, որ առաջիկայում ձեւավորվելիք աշխատանքային խումբը, որում ներգրավված կլինեն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ հաշվի կառնի այն բոլոր առաջարկները, որոնք ստացվել են «Ընտրական օրենսգրքի» նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ:
ԱԺ կայքէջում հրապարակված են 17 կազմակերպությունների կամ անձանց այն առաջարկները եւ դիտողությունները, որոնք ստացվել են հոկտեմբերի 11-ից, երբ ԱԺ կայքէջում տեղադրվեց այդ նախագիծը: Դրանք ներկայացնելու համար նախապես վերջնաժամկետ էր սահմանվել նոյեմբերի 11-ը, սակայն դատելով կայքում թվագրումից՝ բազմաթիվ առաջարկներ ընդունվել են նաեւ սահմանված ժամկետի ավարտից հետո:
Այսուհանդերձ՝ տեղադրված 17 հղումներից գործում են միայն 5-ը՝ մյուսների դեպքում տեղադրված չէ փաստաթուղթ: Այնպես որ՝ առայժմ հնարավոր չէ պարզել, թե ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ ինչ առաջարկներ են ներկայացրել, ասենք, «Դու մենակ չես» հակակոռուպցիոն իրավապաշտպան կազմակերպությունը, «Կին առաջնորդ» ֆորումի համակարգող խորհուրդը, ՀՀ Հանրային խորհրդի Գենդերային եւ ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը եւ այլք: Միայն վերնագիրը կա նաեւ «Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնի» առաջարկներից: Ի դեպ, այդ կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի նոյեմբերի 22-ի հաղորդագրության համաձայն՝ «Մեր առաջարկությունները ընտրական օրենսդրության համաժողովի քննարկմանը չընդգրկելու կապակցությամբ դիմել ենք վերջինիս կազմակերպիչներին, սակայն որեւէ արձագանք չենք ստացել»:
Մի քանի մեջբերումներ անենք այն առաջարկներից, որոնք հասանելի են կայքէջում: 21 հասարակական կազմակերպությունների (դրանց շարքում են «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ն եւ այլն) նոյեմբերի 12-ին ներկայացրած պահանջագրի համաձայն՝ առաջարկվել է ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, տեղամասում քվեարկած ընտրողների ցուցակները պատճենահանել եւ փակցնել ընտրական տեղամասում եւ իրականացնել քվեարկության կազմակերպման ու հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրում:
«Շիրակ» կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի առաջարկներից առանձնացնենք հետեւյալները. «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տալ միայն քվեարկությունը կազմակերպելու եւ անցկացնելու լիազորություններ, քվեարկության արդյունքների ամփոփումը տեղափոխել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ», «Քվեաթերթիկում վերականգնել բոլորին դեմ քվեարկելու համար նախատեսված տողը», «Օրենսգրքում տալ քարոզչական պաստառ հասկացության բացատրությունը՝ արդյոք ընտրություններին մասնակցող կուսակցությունների տարբերանշաններով եւ անվանումներով պաստառները եւ ցուցանակները համարվո՞ւմ են քարոզչական պաստառներ: Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ արդյոք թույլատրվո՞ւմ է նախընտրական շտաբներ բացել, փակցնել ցուցանակներ եւ այլն», «Հատուկ հոդվածով արգելել ընտրությունների օրը ընտրողներին կազմակերպված ձեւով, տրանսպորտային միջոցներով տեղամասեր տեղափոխումը, բացառությամբ այն ընտրողների, ովքեր ունեն ընտրություններին ինքնուրույն մասնակցելու դժվարություններ»: Վերջիններիս՝ ըստ առաջարկի, «տեղամասեր կազմակերպված ձեւով կարող են տեղափոխել միայն ԸԸՀ-ների կողմից նախօրոք կազմված ցուցակների եւ որոշումների հիման վրա»: Եվ «Շիրակ» կենտրոնն էլ է առաջարկել. «Քվեարկությունների ավարտից հետո 15 օրվա ընթացքում ընտրություններին մասնակից ընտրողների ցուցակները տեղադրվում է ԿԸՀ կայքում»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի ներկայացրած առաջարկներից մեկը հետեւյալն է. «Ընտրական գործընթացներում կրթության ոլորտի համայնքային եւ պետական ենթակայության հիմնարկների (մանկապարտեզներ, միջնակարգ, հատուկ, ավագ, մարզական, երաժշտական, արվեստի եւ այլ դպրոցներ, ուսումնարաններ, քոլեջներ, Բուհ-եր) աշխատողների մասնակցությունը պիտի բացառվի: Այդ աշխատակիցները չպիտի ընդգրկվեն որեւէ մակարդակի ընտրական հանձնաժողովում, լինել որեւէ մեկի կամ որեւէ կուսակցության վստահված անձը կամ դիտորդ»: Ըստ նրա՝ պետական եւ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող հիմնարկների աշխատակիցները «իրավունք չունեն իրենց աշխատաժամին մասնակցել թեկնածուների քարոզչական արշավներին: Այդ մասնակցությունը պիտի որակվի որպես վարչական իրավախախտում»: Լեւոն Բարսեղյանը նաեւ նշել է. «Քարոզարշավի շրջանակներում հեռուստատեսային եւ ռադիո քաղաքական գովազդի տեղադրման ժամերը չեն կարող սահմանափակվել»: Նա շատ մանրամասն անդրադարձել է, թե ինչպես պետք է տեսաձայնագրվի քվեարկության ընթացքը: Եվ էլի՝ նշել է. «Քվեարկության ավարտից հետո ամենաուշը 3 օր անց ԿԸՀ-ն հրապարակում է ընտրությանը մասնակցած եւ չմասնակցած բոլոր ընտրողների ցուցակները»: Հատկապես ուշագրավ է հետեւյալ առաջարկը. «Քվեաթերթիկները քվեատուփի մեջ գցելուց առաջ ծրարը կնքելու համար հարկավոր է նախատեսել հատուկ դրոշմ կամ դրոշմակնիք, որը 1 մետր երկարությամբ պողպատյա շղթայով պիտի ամրացված լինի քվեատուփին»:
ՀՀ «Ընտրական օրենսգրքի» նախագծի վերաբերյալ Երեւանի մամուլի ակումբի առաջարկություններից է. «Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ՀՌԱՀ դիտարկման արդյունքները համադրել լրագրողական կազմակերպությունների անցկացրած դիտարկման արդյունքների հետ», «Թաքնված գովազդը պետք է արգելվի ընդհանրապես՝ թե՛ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում եւ թե՛ մինչ այդ, մասնավորապես՝ քարոզչությանը նախորդող ժամանակաշրջանում», «Հստակեցնել «քարոզչությանը նախորդող ժամանակաշրջան» հասկացությունը՝ այն սահմանելով «ընտրություններ հայտարարելու օրվանից մինչեւ նախընտրական քարոզչության սկիզբը»: ԱԺ կայքէջում հասանելի 5-րդ առաջարկը ստացվել է քաղաքացի Հրանտ Միքայելյանից, որն ԱԺ պետաիրավական հանձնաժողովին ռուսերեն դիմել է իբրեւ ընտրական հանձնաժողովի մշակողների. «Добрый день уважаемые разработчики избирательной комиссии, прошу прощения за рускоязычный текст, но это тот случай, когда содержание важнее формы»: Եվ մասնավորապես առաջարկել է խորհրդարան ու «տարատեսակ խորհուրդներ» անցողիկ շեմն իջեցնել 3-4 տոկոս՝ ԱԺ-ում բազմաթիվ կուսակցությունների առկայությունն ապահովելու համար: Ի դեպ՝ անգամ նա է առաջարկել տեսագրել քվեարկության ողջ ընթացքը, եւ դեռ ավելին՝ համացանցում համընթաց հեռարձակում ապահովել բոլոր ընտրատեղամասերից: Ընդ որում՝ ըստ Հրանտ Միքայելյանի, եթե տեսախցիկը չաշխատի՝ քվեարկությունն անվավեր պիտի հայտարարվի, իսկ ընտրական հանձնաժողովների անդամները հեռացվեն աշխատանքից: