Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՍԵՐԺԻՆ՝ ԼԻՍԱԲՈՆ ՉԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 25,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ իր տարածած հայտարարությամբ դատապարտել է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը: Կոնգրեսի դիտարկմամբ, «պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չի դիմանում որեւէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած՝ երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ մատնանշելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից միայն մեկը: ՀՀ ԱԳՆ-ն երբեւէ չի անդրադարձել այդ փաստաթղթերին՝ լուռ կեցվածքով, փաստորեն, համաձայնելով անարդար այդ ձեւակերպման հետ»:
ՀԱԿ-ի հայտարարության համաձայն, փոխանակ օգտագործելու աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ կազմակերպություններից մեկի հարթակը՝ Հայաստանի եւ ԼՂՀ դիրքորոշումը հնչեցնելու, հնարավորության դեպքում աննպաստ ձեւակերպումները փոխելու նպատակով, Սերժ Սարգսյանը որդեգրել է երկչոտ եւ անպատասխանատու կեցվածք, որը հարիր չէ ինքնիշխան պետությանը: «Նման անսկզբունքային քայլով Սերժ Սարգսյանը զրկել է Հայաստանին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության միակողմանի եւ աղավաղված պատկերի ներկայացմանը հակադարձելու հնարավորությունից»,- արձանագրել է ընդդիմադիր միավորումը՝ համոզմունք հայտնելով, որ «լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, Հայաստանը մշտապես պետք է իր գործուն մասնակցությունն ունենա բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին՝ իր ներդրումը բերելով միջազգային խաղաղությանը եւ կայունությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել