«Առավոտը» տեղեկացրել է, որ նոյեմբերի 25-ին Բեյրութի Նահատակաց հրապարակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Լիբանան այցելության կապակցությամբ լիբանանահայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Երեկ Թուրքիայի վարչապետն արդեն Լիբանանում էր: Հարյուրավոր հայ երիտասարդներ էին հավաքվել Լիբանանի միջազգային օդակայանի պատվավոր հյուրերի սրահի առջեւ, ուր պետք է բողոքի ցույց անցկացնեն ընդդեմ Էրդողանի այցի: Ինչպես HayNews.am-ին փոխանցել է Լիբանանի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը, Էրդողանին օդանավակայանում դիմավորել է վարչապետ Սաադ Հարիրին, որից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: «Լիբանանի ներքին ապահովական ուժերն անում են ամեն ինչ, որպեսզի հայերի եւ Էրդողանի հեռավորությունը բավական մեծ լինի: Նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց ուշացումով, օդանավակայանն ամբողջովին շրջապատված է ուժային կառույցների ներկայացուցիչներով: Բեյրութի հայաշատ վայրերում փակցված հակաթուրքական պաստառները հանվել են ոստիկանության ուժերով: Ցավոք սրտի, Էրդողանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ Լիբանանի ղեկավարությունը, մասնավորապես՝ սուննի համայնքը, նրան դիտարկում է իբրեւ բարեգործ: Ճիշտ նույն ձեւի էլ շիաները դիտարկում են Իրանի նախագահ Ահմադինեջադին: Մենք մեր այսօրվա ցույցերով եւ վաղվա հուժկու հանրահավաքով մեր պետության ղեկավարությանը փորձելու ենք համոզել, որ Թուրքիո վարած քաղաքականությունը կեղծ է»,- ասել է Ահարոն Շխրտմյանը:
Բեյրութի կենտրոնական՝ Նահատակաց հրապարակում այսօրվա հանրահավաքին պատրաստվում են մասնակցել հազարավոր հայեր: Այն կազմակերպում են Լիբանանի երեք ավանդական՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն եւ Ռամկավար Ազատական կուսակցությունները: ՍԴՀԿ-ից հանրահավաքին ելույթ է ունենալու կուսակցության փոխատենապետ Ալեքսան Քեոշկերյանը, իսկ ՀՅԴ-ից՝ Ավո Կիդանյանը: Հանրահավաքը փակելու է Լիբանանի թեմի սրբազանը:
Իսկ «Ազդակ» պարբերականին հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին տեղեկացրել է, որ նախորդ օրը, ուշ գիշերին, ներքին ապահովության ուժերի հրամանատար Աշրաֆ Րիֆիի հրահանգով Բուրջ Համուդ Անթիլիաս մայրուղու վրա պարզված Էրդողանի այցելությունը դատապարտող պաստառները վերցվել են: Այս կապակցությամբ անմիջապես կապ է հաստատվել ներքին գործերի նախարար Զիադ Բարութի հետ եւ բողոք է հայտնվել՝ նշելով, որ Լիբանանը ժողովրդավար երկիր է, իսկ այդ քայլը հատուկ է միայն բռնատիրական վարչակարգերին: Միաժամանակ պատգամավոր Բագրատունին պահանջել է, որ այդ քայլի հեղինակները պատասխանատվության կանչվեն: