Երեկ այս էին պահանջում ե՛ւ բանտարկությունից վաղաժամկետ պայմանական ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը, ե՛ւ ավելի քան հարյուր մտավորականները:
Սաղաթելյանն
ազատ արձակվեց
Երեկ, օրվա երկրորդ կեսին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ, մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ (Ազատության հրապարակում իշխանությունների վայրագ գործողություններից անմիջապես հետո) կալանավորված եւ 5 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը: ՔԿՀ-ի մուտքի մոտ նրան դիմավորել են նրա հարազատները, զինակից-ընկերները, նախկին քաղբանտարկյալներից ոմանք ու Հայ ազգային կոնգրեսի մեծ թվով ներկայացուցիչներ: Մինչ այդ, սակայն, հենց ՔԿՀ-ում Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, քննել է վաղաժամկետ պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը՝ Մ. Սաղաթելյանին ազատ արձակելու վերաբերյալ, բավարարել է հանձնաժողովի միջնորդությունն ու Սաղաթելյանին ազատ արձակելու որոշում է կայացրել: Այսպիսով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու եւ ապօրինի կերպով սառը զենք կրելու մեջ մեղադրված Սաղաթելյանը բանտարկված մնաց ավելի քան երկուսուկես տարի եւ ազատ արձակվեց, պաշտոնական ձեւակերպմամբ՝ պատժաչափի կեսը կրած լինելու պատճառաբանությամբ: Չլիներ այս պատճառաբանությունը, լինելու էր այլ հիմնավորում, որովհետեւ ՀՀ իշխանություններին՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար միջազգային կառույցների տված ժամանակն ու համբերությունն արդեն սպառվում են: Ու որքան էլ ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունը հայտարարի, թե Սաղաթելյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը նախատեսված է հայաստանյան օրենսդրությամբ, որի համար «պարտադիր նախապայմաններից է հանդիսանում կարգապահական տույժի բացակայությունը», որքան էլ արժանապատվությունը վիրավորվածի տոնայնությամբ պնդի՝ «քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունները, թե իբր դատապարտյալ Մ. Սաղաթելյանն ազատ է արձակվել քաղաքական ինչ-ինչ «ճնշումների» արդյունքում՝ հիմնազուրկ է, քանզի հիշյալ գործընթացը, ինչպես նաեւ մինչ այդ նույնաբնույթ հարցի առնչությամբ կայացված որոշումները բացառապես պայմանավորված են եղել իրավական հստակ կարգավորումներով», այդուհանդերձ, ակնհայտ է՝ այդ հարցում երեւում են ոչ միայն միջազգային կառույցների, այլեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը հետեւողականորեն պնդող հայրենի ընդդիմության «ականջները»: Որ տվյալ դեպքում իշխանությունների բարեգթության, օրենքի պահանջն իրացնելու մասին խոսք լինել չի էլ կարող, պնդեց նաեւ արդեն նախկին քաղբանտարկյալ Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ իշխանությունը, թերեւս, զգացել է, որ ժամանակն է. «Էդ էլ զգացին ոչ թե մարդկայինով, այլ՝ «դրսի» պարտադրանքի արդյունքում»:
Ազատ արձակվելուց անմիջապես հետո Սաղաթելյանը, որը ո՛չ կալանավորման ժամանակ, ո՛չ դատարաններում ու ո՛չ էլ հիմա առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել եւ պատրաստ է շարունակել իր քաղաքական պայքարը արդար եւ ժողովրդավարական Հայաստան կերտելու համար, մեկնեց հայրենի գյուղ Ձորակապ՝ տարեց հորը տեսակցելու համար:
Այսպիսով, անազատության մեջ շարունակում է մնալ դեռ 11 քաղբանտարկյալ:
Նիկոլն էլ
ազատ կարձակվի
Հայաստանում, ի վերջո, գտնվեց շուրջ 100 իսկական մտավորական, որը երկրում քաղբանտարկյալների առկայությունն ու մասնավորապես լրագրողի բանտարկությունը երկրի եւ իր համար որպես քաղաքացու, ամոթալի ու մտավորականի գործն էլ ճշմարտությունն ասելը համարեց: Դա արդեն հուսադրող է ու նշանակում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ:
Երեկ Երեւանում ի պաշտպանություն «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի, Կոնսերվատորիայի դիմացի այգում, Կոմիտասի արձանի մոտ էին հավաքվել Հայաստանի մշակույթի եւ արվեստի գործիչները: Ակցիայի ընթացքում ընդունվեց նաեւ Փաշինյանի ազատ արձակումը պահանջող հայտարարություն, որում ասված է. «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես՝ լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի՝ հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի եւ արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, անկախ նրանից՝ կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել եւ լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը՝ ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների»:
Հայտարարության տակ ստորագրությունները դեռ շարունակվում են, բայց երեկվա դրությամբ դրանք 108-ն էին: Ընդ որում, հայտարարությունը, բացի մեր հասարակությանն արդեն քաջ հայտնի մտավորականներից՝ Օհան Դուրյան, Երվանդ Մանարյան, Վարդուհի Վարդերեսյան, Աշոտ Ադամյան ու այլք, որոնք միշտ են եղել ընդդիմության կողքին եւ մասնակցել նրա նախաձեռնած միջոցառումներին, ստորագրել են մշակույթի եւ արվեստի այնպիսի գործիչներ, որոնք որպես «ընդդիմադիրներ» պիտակավորված չեն ու հանրահավաքային շարժման մասնակից չեն: Հայտարարությունը ստորագրողների թվում են երգահան Ռուբեն Հախվերդյանը, նկարիչ Հակոբ Հակոբյանը, ռեժիսոր Վահե Շահվերդյանը, երաժիշտ Վահան Արծրունին, նկարիչ Սամվել Սեւադան, «Բամբիռ» խմբի երկու ներկայացուցիչները՝ Նարեկ Բարսեղյանն ու Արիկ Գրիգորյանը, «Էմփիռեյ»-ի մենակատար Սարգիս Մանուկյանը, ռեժիսոր Լաերտ Մովսիսյանն ու այլք՝ ուղղակի ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիական գիտակցություն ունեցող մտավորականներ:
Երեկվա բազմամարդ, բայցեւ զուսպ ակցիայի բոլոր մասնակիցներն էին պնդում, որ խնդիրը ոչ միայն կամ ոչ այնքան լրագրող Փաշինյանին պաշտպանելն ու նրա ազատ արձակումը պահանջելն է, որքան իրենց՝ ՀՀ քաղաքացու պատիվն ու իրավունքները պաշտպանելը: Այս մտավորականների համար, ինչպես նրանցից մեկն ասաց՝ «սկզբունքորեն ամոթ է, որ երկրում քաղբանտարկյալներ լինեն՝ անկախ իմ կամ նրանց քաղաքական հայացքներից»:
Հիշեցնենք, որ այս ակցիան հաջորդեց նախորդ շաբաթ՝ ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների կողմից Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման պահանջով համատեղ արված հայտարարությանը: