Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏՈՒՅՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Նոյեմբեր 24,2010 00:00

Կամ արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի

Հայաստանյան «էլիտայի» շրջանակներում ինչե՜ր ասես, որ տեղի չեն ունենում: Հաճախ այնպիսի զավեշտալի իրադարձություններ կարող են պատահել, որ չգիտես՝ զարմանա՞ս, վախենա՞ս, թե՞ ծիծաղես: Օրինակ՝ վերջերս հայ գործարարներից մեկի քրոջ որդին ամուսնալուծվեց: Իհարկե, զարմանալին դա չէ, այլ՝ ամուսնալուծության պատճառը:  Պարզվում է, որ պատճառը կնոջ հետույքի թերզարգացածությունն է եղել, որի պատճառով սկսել են այդ հատվածում այլ գոյացություններ առաջանալ, այ, դա իրոք զարմանալի է: Ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ է, որ զույգը մինչեւ ամուսնանալը ֆիզիկապես միմյանց «ճանաչի», կամ մինչեւ ամուսնանալն անցնի սեքսոլոգիական ստուգում: «Առավոտի» հարզախույզը շուրջ 20 երիտասարդ զույգի շրջանում պարզեց, որ նրանց մեծամասնությունը կողմ է մինչ ամուսնանալը ֆիզիկական «ծանոթությանը», անգամ սեռական հարաբերություններ ունենալուն, սակայն զուգահեռաբար կարծում է, որ ավանդույթներին, այնուամենայնիվ, պետք է հավատարիմ մնալ: Իսկ բժշկի այցելելու գաղափարը նրանցից ոչ բոլորին խելամիտ թվաց:
«Առավոտը» այս խնդիրների մասին զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Սեւադա Հակոբյանի հետ: Նա նշեց. «Հուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից: Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել եւ բուժել: Սա վերաբերում է նաեւ օրգանական եւ խրոնիկական բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին, սերմնահեղուկի հետազոտությունը եւս անհրաժեշտ է, նաեւ օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները եւ բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ»: Պարոն Հակոբյանը մանրամասնեց, թե ինչ ուղղություններով են կատարվում հետազոտությունները. «Սեքսոլոգիական հետազոտության ժամանակ կարող ենք պարզել, թե զույգերից յուրաքանչյուրն ինչպիսի սեռական հնարավորություններ, սպասումներ, զգացումներ ունի: Կինն ունենում է որոշ սեքսոլոգիական թույլատրության շրջանակներ, որոնց մասին ամուսինը առանց հետազոտության գուցե չիմանա, բայց որոշ ժամանակ հետո դրա մասին խոսում են, ինչը բախումների պատճառ է դառնում: Գոյություն ունի նաեւ սեռական կոնստիտուցիայի գաղափար, ինչը վերաբերում է սեռական ակտիվությանը՝ միջին, ուժեղ: Ցանկալի է որոշակիորեն գնահատել սեքսուալության լիմիտի սահմանները, նյարդային համակարգի տիպը, անձի տեսակը, ինչը ամուր, ներդաշնակ ընտանիքի հիմքն է»: Զույգի՝ միմյանց հետ չխոսելու, զգացողությունների մասին չմանրամասնելու պատճառով հաճախ լուրջ խնդիրներ են առաջանում: Օրինակ՝ պարոն Հակոբյանը հիշեց իր պրակտիկայից մի դեպք. «Ինձ մի զույգ էր դիմել, որը տարիներ շարունակ ապրել էր սեռական կյանքով, բայց կինն այդ ընթացքում օրգազմի զգացողություն չէր ունեցել: Նա այդ ընթացքում օրգազմի իմիտացիա էր արել, սակայն տարիներ հետո հոգնել էր կեղծելուց եւ ամուսնուն պատմել այդ մասին: Այդ լսելով՝ ամուսինը դա խաբեություն էր համարել կնոջ կողմից: Այսպիսի դեպքերում ամուսիններին օգնելը դժվար է, քանի որ սեռական խանգարումն արդեն կարծրացած է: Խնդիրներ են առաջանում նաեւ սեռական հարաբերության տեւողության հետ կապված: Նման հարցերը, անշուշտ, կարող են ամուսնալուծության պատճառ դառնալ, քանի որ զույգի սեռական ֆունկցիան կարգավորող լծակի դեր է կատարում: Եթե այդ դաշտում ամեն ինչ հարթ է, ապա ընտանիքը դառնում է միասնական եւ ավելի հեշտ պայքարում որոշ կենցաղային եւ կենսական խնդիրների դեմ»: Ուստի պարոն Հակոբյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս. «Կարեւոր է, որ զույգի ընտրության ժամանակ առկա լինի սիրո գործոնը, հաշվարկային մեխանիզմները բացասական են անդրադառնում ամուսնության վրա: Որոշ ժամանակահատված պետք է մինչամուսնական շփումների համար, որպեսզի զույգերը հասկանան միմյանց հայացքները, մտածելակերպը: Սակայն այդ հարաբերությունները երկար էլ չպիտի ձգվեն, քանի որ այդ դեպքում աղջկա մոտ ձեւափոխվում է մտածողությունը սեռական, ընտանեկան կյանքի մասին, նա բավարարվում է զուտ էրոտիկ քնքշանքներով, ինչը հետո ամուսնական կյանքում վերածվում է վագինիզմի՝ սեռական հարաբերություններից վախի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել