Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"Կիպրոսում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23  տարեկան տղաների եւ աղջիկների առաջնությունները:

Երեկ Լիմասոլի մրցահարթակ մտավ Հայաստանի միանգամից վեց ներկայացուցիչ (մեկ աղջնակ եւ հինգ տղա): Մարզիչներն ու մարզասերները ոսկու ակնկալիքներ ունեին Եվրոպայի փոխչեմպիոն, Սինգապուրի անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանից: Սակայն 17-ամյա մարզիկը տհաճ անակնկալ մատուցեց բոլորին: Նա պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացնելով 101 կիլոգրամը՝ այնուհետեւ երկու անգամ ձախողեց իր պատվիրած հաջորդ՝ 106 կգ քաշը: Դա մրցահարթակ մտած ծանրորդների ցույց տված ամենացածր արդյունքն էր: Հույս կար, որ Սմբատը կորցրածը որոշ չափով ետ կբերի հրում վարժությունում: Սակայն, ցավոք, այստեղ նա լրիվ հուսախաբ արեց՝ բոլոր փորձերը տապալելով պատվիրած մեկնարկային՝ 139 կգ-ում:  Այս խմբում Հունաստանի մարզական դրոշի ներքո հանդես եկող Արմեն Առաքելյանը երկամարտում վաստակած 241 կիլոգրամով ճանաչվեց վեցերորդը:
Այս անհաջողությունն անկասկած հոգեբանական դժվարին կացության մեջ գցեց նույն օրը պայքարի մեջ մտնելու պատրաստվող մեր մյուս մարզիկներին: Եվ այդ արգելքն առաջինը հաղթահարելու էր Ալլա Սամվելյանը (58 կգ, 20 տարեկաններ): Ալլան ընդհանուր առմամբ կատարեց երեք հաջող մոտեցում. պոկումում՝ մեկ (73 կգ), հրումում՝ երկու (102 եւ 107 կգ): Երկամարտում նրա 180 կիլոգրամը 5-րդ ցուցանիշն էր: Սակայն Ալլայի հրում վարժության 107 կգ-ը զիջեց միայն հաղթող դարձած բելառուսցի Նատալիա Կոլասի 111 կգ լավագույն արդյունքին:
Անհաջող սկսված օրվա երեկոյան 23 տարեկանների պայքարում 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը կարողացավ բարձրացնել մարզիչների տրամադրությունը՝ Հայաստանի հաշվարկին բերելով երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Նա սկզբում 125 կիլոգրամով երկրորդը ճանաչվեց պոկում վարժությունում, ապա հրումում դարձավ երրորդ մրցանակակիր (145 կգ) եւ երկամարտի 270 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
Օրվա ավարտին Կիպրոսում պայքարի մեջ ներգրավվեցին մեր հանրապետության եւս երեք ներկայացուցիչներ՝ 69 կգ քաշայիններ Զորիկ Պողոսյանը (20 տարեկաններ) եւ Դավիթ Մուրադյանն ու Վանիկ Ավետիսյանը: Վերջին երկուսն ընդգրկված էին 23 տարեկանների խմբում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել