Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Օստրովսկու «Իմաստունը»՝ նորովի

Նոյեմբեր 24,2010 00:00

Կամ՝ պրեմիերա  Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում

\"\"
Գլխավոր դերակատար
Ե. Ենգիբարյանը:

Նոյեմբերի 28-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հադիսականի դատին կհանձնի Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ է երբեմն միամիտ լինում» պիեսի հիման վրա ստեղծված համանուն ներկայացումը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Գրիգորյանը արդեն 4-րդ անգամ է անդրադառնում այս պիեսին: Առաջին բեմադրությունը նա իրականացրել է 1966 թվականին: Վերջին անգամ հայ հանդիսատեսը Ա. Օստրովսկու այս գործը տեսել է 2005 թվականին՝ արդեն իսկ երիտասարդ դերակատարների կատարմամբ: Ինչպես «Առավոտին» հաղորդեց Ռուսական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանը, ով բեմադրության մեջ կներկայանա Մամաեւի կերպարով, հանդիսականին սպասում է լիովին նոր ներկայացում: Թարմացվել են ոչ միայն դեկորները, այլեւ նոր զգեստներ են կարվել դերասանների համար:
Թատերագետների ամենաջերմ խոսքերին արժանացած ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատրյանն այս ներկայացման մեջ այլեւս ներգրավված չէ: Տուրուսինայի դերը վստահված է մի երիտասարդ դերասանուհու:
Ներկայացման գլխավոր դերակատար Երվանդ Ենգիբարյանը, ով հանդես է գալու Գլումովի դերում, առաջնախաղից առաջ մեծ դժվարությամբ փորձեց խոսել իր դերի մասին: Ե. Ենգիբարյանը «Առավոտին» հայտնեց, որ երեք անգամ իրեն առաջարկվել է մարմնավորել Գլումով, սակայն միշտ ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: «Սա ճակատագիր է»,- ասում է դերասանը ու հավելում, որ ամենայն լրջությամբ է պատրաստվում դերին: Գլումովի դերակատարը չցանկացավ խոսել եւ համեմատություններ անցկացնել Գլումովի դերերը նախկինում ստանձնած դերասանների խաղի մասին: 1997 թվականին Գլումովի դերում հանդես է եկել Սլավա Դյաչենկոն, իսկ 2005 թվականին նույն դերը վստահված է եղել Ռուսական թատրոնին կից ստուդիայի սան Հակոբ Ավոյանին:
Ե. Ենգիբարյանը հիշեցրեց, որ ներկայացման հիմնասյուներից են Ֆրեդերիկ Դավթյանը, Իրինա Մարչենկոն, Իրա Հարությունյանը, Աննա Բալանդինան, Արթուր Պետրոսյանը, իսկ երբ բեմում են այդպիսի պրոֆեսիոնալներ, ներկայացումը չի կարող վատը լինել:
ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրա Հարությունյանն էլ հավելեց, որ թեպետ երկրորդ անգամ է հանդես գալիս Մամաեւայի դերում, միեւնույն է, հուզումներ ունի առաջնախաղից առաջ: Վերջին անգամ Ի. Հարությունյանը այս դերում ներկայացել է 2005 թվականին: Դերասանուհին ասում է, եթե նոր հերոսներ են ներմուծվում ցանկացած ներկայացման մեջ, ուրեմն իր համար դա առաջնախաղ է, ոչ թե ներկայացման վերականգնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել