Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երգելու եմ սիրո մասին»

Նոյեմբեր 24,2010 00:00

Երազում է մանկական «Եվրատեսիլ- 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը

«Որպես նվեր ծնողներից եղբայրիկ եմ ուզել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ մանկական «Եվրատեսիլ- 2010»-ի հաղթող, Հայաստանը ներկայացրած 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը: Նա պատմեց Մինսկում եղած ժամանակահատվածում պարապմունքների եւ մասնակիցների համար կազմակերպված զվարճանքների մասին. «Լավ ժամանակ անցկացրի, մտերմացա հասակակիցներիս հետ, ինձ շատ դուր եկան դիսկոտեկները, խաղերը»:
Նա խոստովանեց, որ երգը կատարելիս հուզմունք չի ունեցել. «Ասում էին, որ չհուզվեմ, այս անեմ, այն անեմ, ես էլ չէի հուզվում, չէի շփոթվում: Բեմում ինձ շատ լավ էի զգում: Միայն լարվեցի այն ժամանակ, երբ սպասում էի վերջին պետության միավորին, ըստ որի՝ պետք է որոշվեր իմ տեղը»: Վլադիմիրի պրոդյուսեր Իրա Քոչարյանը դժգոհեց, որ Մինսկում երեխաներին շատ էին զբաղեցնում այլ բաներով. «Նրանց տալիս էին այնպիսի ուտելիքներ, խմիչքներ, որ ելույթից առաջ արգելվում է: Դե, Վլադիմիրն էլ ինչպե՞ս կարող էր չիփս չուտել, բասկետբոլ չխաղալ»:
Լրագրողի հարցին՝ սիրո՞ւմ է կարդալ, եւ ի՞նչ է կարդում, փոքրիկ երգիչը կատակով ասաց. «Գիրք, էլ ի՞նչ պետք է կարդամ, բայց գեղարվեստական գրքեր չեմ սիրում: Պատմական գրքեր եմ սիրում, մեկ-մեկ իմ հայոց պատմության գիրքն եմ կարդում, մեկ էլ առարկաներից մաթեմատիկան եմ սիրում»:
Անդրադառնալով երգին, Վլադիմիրն ասաց. «Բոլորը հարցնում են՝ ո՞ւմ ես նվիրում. բոլորին եմ նվիրում: Չկա այնպիսի մեկը, ում հատուկ նվիրեմ»: Սիրած աղջիկ ունի՞: «Ուրիշ հարց չկա՞»,- ժպտում է տղան: Վլադիմիրն ասում է, որ ինքը աստղ չէ, որովհետեւ աստղերը երկնքում են: Իսկ հաղթանակի մասին էլ նշում է. «Գիտեի, որ հաղթելու եմ: Միակ բարդությունն այն եղավ, որ ստիպված եղա երկրորդ անգամ կատարել երգս»: Հետագայում երգեր է ձայնագրելու, ասում է. «Ինչպես բոլոր հայ երգիչների, այնպես էլ իմ երգերը լինելու են սիրո մասին»:
Վ. Արզումանյանի պրոդյուսերը նշում է, որ տղային ճանաչում է դեռ մանկուց. «Նա այնքան աշխույժ երեխա էր, որ միշտ իր շարժումներից ու ակտիվությունից կամ գլուխդ էր ցավում, կամ ականջդ՝ երգերը լսելիս: Վստահ եմ եղել, որ նա մեծ բեմերի համար է եւ առանց վախենալու հանել եմ մեծ բեմ»:
Մանկական «Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան ներկայացուցչի աջակից «Orange» ընկերության կողմից Վլադիմիրին ու «Hip-hope life» պարային խմբի տղաներին հանձնվեցին նվերներ՝ բջջային հեռախոսներ, իսկ գլխավոր հերոսին iPad համակարգիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել