Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՏ ՆԱՅԵԼՈՎ՝ ԱՌԱՋ ՉԵՍ ԳՆԱ»

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանն առաջարկում է աշխարհից վերցնել այն, ինչ ժամանակին տվել են հայերը

Երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր կոմպոզիտոր-սիմֆոնիստ, խորհրդային ավանգարդի հիմնադիրներից մեկի՝ Ավետ Տերտերյանի որդին է, Ֆրունզիկ Մկրտչյանի փեսան: Սակայն նրա անձը չի կարեւորվում այս նշանավոր անունների հետ ունեցած հարազատական կապերով: Երաժշտագետը հոր հռչակին, նրա ունեցած թռիչքներին եւ անգամ շռնդալից քննադատություններին չի արժանացել, չի ունեցել հոր երբեմն սկանդալային դարձած բախումները երաժշտական շրջանակներում, այլ հաճախ ինքն իր մեջ պարփակված ապրել է ու ստեղծագործել:
1994թ. ընտանեկան հանգամանքների բերումով հեռացել է Հայաստանից, հանգրվանել Արգենտինայում, ապա՝ Էկվադորում, այնտեղ որոշակիորեն ունենալով ինքնադրսեւորման հնարավորություններ: Տեղի համալսարանում 2003-ից հիմնել է բարձրագույն երաժշտական կրթության մոդելը՝ մագիստրատուրան, որի կայացման համար իրեն են միացել 8 երկրի 16 մասնագետներ: Բոլոնիայի համաձայնագրին միացած այս կրթօջախում երաժշտագետը կարողացել է իրացնել իր մասնագիտական կուտակումներն ու մտորումները: Շուրջ մեկ ամիս է՝ Ռ. Տերտերյանը Հայաստանում է: Եկել է՝ մնալու աղոտ ցանկությամբ, աղոտ, որովհետեւ, ըստ նրա՝ «ինձ անհանգստացնում է էվոլյուցիոն գործընթացների դանդաղ ընթացքը, այն ալարկոտ-վախվորած ռիթմը, որը բնորոշ է դարձել Հայաստանի երաժշտական կյանքին, մասնավորաբար՝ կոմպոզիտորական դպրոցին, ինչը դեռ նիրհում է կարոտախտի ու հիշողության բարձերի վրա»:
Արվեստագետը անցյալի ժառանգությունը չի ժխտում, բայց իրավացիորեն ասում է. «Բավական չէ՞ անընդհատ ետ նայենք, մեծամիտ ու սնապարծ կեցվածքով հաստատենք, որ Կոմիտաս, Խաչատրյան, Տերտերյան… ունենք՝ ոչինչ չանելով շարունակականությունը հաստատելու, նոր զարգացումներ եւ արդիական մտածողություն ձեւավորելու համար»: Ի դեպ, ավագ Տերտերյանը 1960-ականներին ճշմարիտ հեղափոխական դարձավ, ընդդիմացավ քարացած ավանդույթներին, հաստատեց նորը, ազգային երաժշտությունը սինթեզելով եվրոպական մոդեռնին: 1969թ. նրա դեմ ելավ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության «գեներալը». Տիխոն Խրեննիկովը քննադատության ենթարկեց Տերտերյանին, սակայն «Պրավդա» թերթում տպագրված իր ելույթից դուրս թողեց այդ հատվածը, հավանաբար ինքն էլ գիտակցելով, որ Տերտերյանը նոր մտածողություն եւ նոր շարժում է բերում, ավելին՝ ժխտելով կարծրատիպերը, հաստատում է ավանդույթի ուժը: «Օրերս մի առիթով լսեցի ուսանող կոմպոզիտորների երկերը: Զարհուրեցի. մեծ մասը 60-ականների հոգնած մտածողությամբ էին շնչում,- նշեց երաժշտագետը ու կարծես կռահելով սպասվող հարցը՝ մեծանուն Տերտերյանին էլ այդ թվերին չէին հասկանում, շարունակեց,- նրա երաժշտությունը իսկապես համահունչ չէր 20-րդ դարի կեսերին տարածված ժամանակի շնչին: Եթե նա ապրեր, ապա իր մտածելակերպով, որը միշտ առաջ էր ընկնում ոչ թե տարիներով, այլ ավելի ընդգրկուն ժամանակահատվածով, ապա այսօր կարարեր 22-րդ դարի երաժշտություն, դարձյալ մի նոր սկիզբ դնելով»:
Մեր զրուցակիցը ցավով հայտնեց, որ հեշտ է դրսում հայ լինելը, այստե՛ղ է դժվար, դրսում հարգանքով են վերաբերվում քեզ եւ քո մասնագիտությանը: Փաստեց, որ Բուենոս Այրեսի Մխիթարյան դպրոցում սովորում են հիմնականում տեղացիները, այլ ոչ թե հայերը. «Ունենալով նման դպրոց, որը գնահատում են օտարները, ցավալի է, որ տեղաբնակ հայերը, չգիտես ինչու, գերադասում են այլ կրթօջախները… Հայերը շատ են տվել աշխարհին՝ տարբեր ոլորտներում, իսկ հիմա, Հայաստանի անկախանալուց 20 տարի անց, ժամանակն է, որ աշխարհի՛ց վերցնենք, եւ առաջին հերթին դա պետք է իրագործվի մշակույթի ոլորտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել