Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում տեղի ունեցած ջրային փառատոնի ժամանակ սարսափելի հրմշտոցի արդյունքում զոհերի թիվը հասել է 375-ի, վնասվածքներ է ստացել 755 մարդ: Reuters-ի փոխանցմամբ, զոհվածներից առնվազն 240-ը կանայք են: Զոհերի թիվը կարող է աճել: Այդ մասին հայտարարել են իշխանությունները՝ նկատի ունենալով այն, որ ոչ բոլոր զոհերի մարմիններն են հայտնաբերվել:
Ողբերգությունը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան, մայրաքաղաքում նշվող եւ ժողովրդի կողմից ամենասիրված փառատոնի՝ անձրեւների սեզոնի ավարտին նվիրված տոնակատարության ժամանակ: Երբ մարդկանց ամբոխը փորձել է կամրջով անցնել Ալմաստի կղզի, որտեղ գտնվող Տոնլեսապ լճում այդ պահին համերգ էր տեղի ունենում, որոշ մարդիկ շնչահեղձությունից եւ հրմշտոցից գիտակցությունը կորցրել են: Ամբոխը խուճապի է մատնվել. ոմանք կարծել են, թե կամուրջը փլվում է եւ սկսել են փախչել՝ բախվել են հանդիպակաց ուղղությամբ եկող մարդկանց բազմությանը: Մարդիկ ոտնատակ են եղել, շատերը փրկվելու հույսով իրենց գետն են նետել եւ խեղդվել են:
Կամբոջայի իշխանությունները հետաքննություն են սկսել: Նոյեմբերի 25-ը երկրում համազգային սուգ է հայտարարվել: