Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի իրավաբան, Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում անցած տարվա նոյեմբերին մահացած Սերգեյ Մագնիտսկիի (նկարում) մահվան հետ առնչություն ունեցող ռուս պաշտոնյաների եւ ուժայինների նկատմամբ վիզային պատժամիջոցներ կիրառելու որոշմանը: Հանձնաժողովն այդ որոշման օգտին քվեարկել է միաձայն: Հանձնաժողովի ընդունած բանաձեւում ասված է, թե անհրաժեշտ է կալանք դնել նաեւ այդ անձանց օտարերկրյա բանկային եւ այլ ակտիվների վրա: Խոսքը ընդհանուր առմամբ մոտ 60 ռուս պաշտոնյաների մասին է:
Եվրախորհրդարանի կողմից մատնանշված պաշտոնյաների թվում են ՌԴ ՆԳՆ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Անիչինը, Գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը ՌԴ անվտանգության դաշնային բյուրոյի տնտեսական անվտանգության գերատեսչության ղեկավարի տեղակալ Վիկտոր Վորոնինը, ՌԴ ՆԳՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գլխավոր դատախազության քննիչներ ու աշխատակիցներ, դատավորներ, որոնք մասնակից են եղել կոռուպցիոն այն սխեմային, որը որպես հետեւանք՝ հանգեցրել է Մագնիտսկիի մահվանը:
BBC-ի մատուցմամբ, Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունում շեշտել են, թե ընդունված բանաձեւը մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ԵՄ քաղաքականության միայն մի մասն է: Բանաձեւը Եվրախորհրդարանի լիագումար նիստի հաստատմանն է ներկայացվելու ս.թ. դեկտեմբերին: