Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿՈՐԵԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

Նոյեմբեր 24,2010 00:00

Երեքշաբթի, օրվա կեսին, հյուսիսկորեական հրետանին գնդակոծել է Դեղին ծովում գտնվող հարավկորեական Յոնպխյոնդո (Իյոբենդո) կղզիները: Միջադեպը տեղի է ունեցել ծովային սահմանի ճիշտ այն հատվածում, որտեղ վերջին շրջանում երկու Կորեաների միջեւ լարվածության ակնհայտ դրսեւորումներ են գրանցվում: Հարավկորեական հրետանին պատասխան կրակ է բացել: Reuters-ի մատուցմամբ, Հարավային Կորեան սկզբում հաղորդել է միջադեպի արդյունքում զոհված՝ մեկ եւ լուրջ վնասվածքներ ստացած երեք ծովայինների մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ եւս մեկ զինծառայող ստացած վնասվածքներից զոհվել է: Հարավկորեական պաշտպանական գերատեսչության տվյալներով, գնդակոծման արդյունքում վիրավորվել է 17 զինծառայող եւ առնվազն երեք տեղացի բնակիչ:
Հարավային Կորեայի կառավարության աղբյուրի մատուցմամբ, այդ երկրի բանակը իրազեկ է տեղի ունեցած միջադեպի մասին եւ պատրաստ է միջադեպի ծավալման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել: Երկրի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության: Սեուլը կործանիչներ է ուղարկել ծովային սահման, իսկ պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը գնահատել է որպես Փխենյանի կողմից «կանխամտածված եւ ծրագրված հարձակում»:
Ըստ որոշ տեղեկությունների, Հյուսիսային Կորեայի կողմից արձակված արկերը հարվածել են կղզում տեղակայված շինություններին, հրդեհվել է 60-70 տուն, կրակն արագորեն տարածվել է կղզու տարածքով, անտառներ են այրվել: Յոնպխյոնդոյում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, բնակիչները տեղափոխվել են ապաստարաններ: Լրատվամիջոցների մատուցմամբ, կղզու վրա արձակվել է ավելի քան 50 արկ, որոնցից մի քանիսն ընկել են հարավկորեական ռազմական հենակետի վրա:
Միջադեպի առնչությամբ Հարավային Կորեայի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, երկրի նախագահի խորհրդականների հանդիպումը տեղի է ունեցել այդ երկրի նախագահների պաշտոնական նստավայրի ստորգետնյա բունկերում: Ըստ նախնական տեղեկությունների, Հարավային Կորեայի ԱԳՆ-ն մտադիր է եղել դիմել ՄԱԿ-ին՝ խնդրելով գնահատական տալ տեղի ունեցած միջադեպին, բայց ավելի ուշ այդ տեղեկությունները հերքվել են:
Սեուլում, նախագահի աշխատակազմում կարծիք են հայտնել, թե գնդակոծությունը հարավում ընթացող զորավարժություններին Հյուսիսային Կորեայի պատասխանն է: Ճիշտ նույն կարծիքն են հայտնել նաեւ արեւմտյան փորձագետները: Հիշեցնենք, որ Սեուլի կողմից իրականացվող «Խոգուկ» լայնամասշտաբ զորավարժություններին մասնակցում է շուրջ 70 հազար զինծառայող: Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ավելի վաղ բողոք էր հայտնել անցկացվող զորավարժությունների առնչությամբ:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը երեքշաբթի օրը հայտարարել է, թե ջանքեր է գործադրում, որպեսզի միջադեպը լուրջ ռազմական հակամարտության չվերածվի: Բայց Սեուլում զգուշացրել են նաեւ, որ եթե Հյուսիսային Կորեան շարունակի սադրանքները՝ Հարավը համապատասխան միջոցներ կձեռնարկի:
Միջազգային հանրությունը խորապես մտահոգված է տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե կարեւոր է Կորեական թերակղզում լարվածության ծավալում թույլ չտալը: Չինաստանը շեշտել է երկու Կորեաների՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը: ԱՄՆ-ն դատապարտել է Փխենյանի կողմից իրականացված գնդակոծությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել