Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դոդիկ», «օչկարիկ»

Նոյեմբեր 24,2010 00:00

Ըստ Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի, խելացի մարդկանց հաճախ են պիտակավորում

Նոյեմբերի 11-14-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի ունեցած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 8-րդ առաջնությունում Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը, առաջին տեղում Ուզբեկստանի թիմն է: Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով, աշխարհի առաջնությունում 6-րդ տեղ զբաղեցնելը մեծ արդյունք է, մանավանդ աշխարհի առաջնությանը մասնակցել է 18 երկիր՝ ավելի քան 80 թիմով: Հայաստանը ներկայացել է 3՝ «Պերեզագրուզկա», «ԴԱՖ» եւ «Արսենալ» թիմերով:
Չնայած աշխարհի առաջնությունը 8-րդն է, սակայն Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են 5-րդ անգամ, քանի որ 3 անգամ այն անցկացվել է Ադրբեջանում, որին ՀՀ-ի մասնակցությունը ադրբեջանցի կազմակերպիչների կողմից խիստ արգելվել է:
«Այս տարի աշխարհի առաջնությունում մրցող թիմերից վերջնական փուլ անցած 12 լավագույնների շարքում էր նաեւ Հայաստանը, իսկ այդ շարքում չընդգրկվեցին ոչ Իսրայելի, ոչ Ադրբեջանի թիմերը»,- ասաց Տ. Քոչարյանը: Նա նշեց, որ հայկական թիմերը տարբեր առաջնություններում մասնակցելու խնդիր ունեն. «Օրինակ, այս անգամ մեծ դժվարությամբ կարողացանք հովանավորներ գտնել: Ճիշտ է, արդեն որերորդ անգամ է՝ պետությունից աջակցություն ենք ստանում, բայց այս անգամ միայն թիմերից մեկի եւ երկրորդի մասնակի ֆինանսավորումը կատարվեց»:
Տ. Քոչարյանի խոսքով, ակումբն ունի նաեւ ինտելեկտուալ երիտասարդների՝ խաղերին ներգրավելու խնդիր. «Փաստ է, խելացի մարդկանց չեն սիրում, պիտակավորում են «դոդիկ», «օչկարիկ»…: Դժվարությամբ ենք կարողանում մարդկանց մեջ կոտրել այդ բարդույթը: Հայաստանում կարդացած մարդը վերջին տեղերում է ու չի գնահատվում: Մեր նպատակն է համախմբել խելացի երիտասարդների, ունենալ երկու հայ ներկայացուցիչ Մոսկվայի ակումբում»:
Թե ի՞նչ վարկանիշ ունեն հայկական թիմերը աշխարհի առաջնությունում, Տ. Քոչարյանի հավաստմամբ՝ նրանք աշխարհի լավագույն 30-յակի մեջ են մտնում. «Սկզբից հայերի մասնակցությունը զարմանք էր առաջացրել այս առաջնությունում, բոլորի համար նորություն՝ հայերն էլ կա՞ն: Հետո երբ սկսեցին արդյունքներ ցույց տալ, արդեն որպես մրցակից դիտեցին մեր թիմերին»:
 Տ. Քոչարյանը հայտնեց, որ շուտով նախատեսվում է «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղն անցկացնել հայերեն՝ հայերի համար, քանի որ լեզվական խնդիրներ են նկատվում որոշ մասնակիցների եւ հանդիսատեսի մոտ, իսկ հայերեն՝ այն հասանելի կլինի հայալեզու աշխարհասփյուռ լսարանին: Այդ ենթատեքստում հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համահայկական տարբերակը, որին կմասնակցեն հայեր՝ աշխարհի տարբեր ծայրերից: Բացի այդ՝ Գիտակների հայկական ասոցիացիան 2011թ. առաջին եռամսյակում կանցկացնի խաղի՝ լրատվամիջոցների առաջնություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել