Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ԲԱՆ ՉԷ»

Նոյեմբեր 24,2010 00:00

Քոլեջների տնօրենները խանդավառված չեն  կրեդիտային համակարգով

Կրեդիտային համակարգի ներդրումը բուհերում բավականին ցավոտ տեղի ունեցավ: Արդյունքում մինչեւ այժմ էլ շատ դասախոսներ եւ կրթության կազմակերպման ղեկավարներ այդպես էլ չհասկացան կրեդիտային համակարգի էությունն ու ներդրման անհրաժեշտությունը: Կրթության բնագավառի պատասխանատուները, համարելով, որ բուհական շրջանակներում այս համակարգի ներդրումը հաջողությամբ ավարտին է հասցված, հիմա էլ որոշել են այն ներդնել միջին մասնագիտական կրթության ոլորտում: Արդեն մշակվել է միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման վերաբերյալ գործողությունների ծրագիր: Այս փաստաթղթում, որը տեղադրված է ԿԳ նախարարության edu.am կայքում, նշված են կրեդիտային համակարգին վերաբերող մի շարք դեկլարատիվ բնույթի հասկացություններ ու սկզբունքներ, որոնք այնքա՜ն հեռու են հայաստանյան միջին մասնագիտական հաստատություններում տիրող իրավիճակից: Ըստ փաստաթղթի՝ կրեդիտային համակարգը գործիք է, որի նպատակն է խթանել ուսումնառություն անցնող մարդկանց շարժունությունը, տարբեր երկրներում ձեռք բերված ուսումնառության արդյունքների կուտակումը, փոխանցումը, վավերացումը, ցկյանս ուսումնառության իրագործումը, որակավորումների թափանցիկությունը, փոխադարձ վստահությունը հայաստանյան եւ եվրոպական կառույցների միջեւ: Սակայն այս ամենի իրագործումը ծիծաղելի է թվում, երբ տեսնում ենք, որ հայաստանյան քոլեջներից շատերն ունեն անբարենպաստ շենքային պայմաններ, որոշ միջին մասնագիտական հաստատություններ ձմռանը դեռ փայտի վառարաններով են տաքացվում: Սակայն Եվրոպայի «ասածն» օրենք է, եւ ՀՀ-ի կրթության պատասխանատուներն էլ, հասկանալի պատճառներով, ստիպված են այն իրագործել սահմանված ժամկետներում, որն այս դեպքում 2012-ն է:
Երեւանի պետական արդյունաբերական քոլեջի տնօրեն Աղասի Սարգսյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Քոլեջներում այժմ ներդրված է մոդուլային համակարգ, որն այնքան էլ արդյունավետ մշակված չէ: Մինչեւ այս համակարգը լիարժեք չգործի, չզգաք դրա արդյունքները, կրեդիտային համակարգի մասին խոսելն անիմաստ է: Մոդուլային համակարգի դեպքում դեռ պետական չափորոշիչները պետք է փոխվեն, թե չէ այժմ գործում են չափորոշիչներ, որոնք գործատուին պետք չեն: Դեռ պետք է լուծվի քոլեջներում դասավանդող կադրերի սերնդափոխության հարցը, կատարվեն վերապատրաստումներ, այս խնդիրների լուծման դեպքում միայն կարելի է մտածել կրեդիտային համակարգի ներդրման մասին: Իսկ դա ժամանակատար գործ է, ինչի համար կպահանջվի 13-14 ուսումնական կիսամյակ»:
Կրեդիտային համակարգի ներդրմամբ խանդավառված չէ նաեւ Երեւանի թեթեւ արդյունաբերական պետական քոլեջի տնօրեն Սերգեյ Քոչարյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում փոխանցեց հետեւյալը. «Կրեդիտային համակարգը նպատակ ունի ուսանողներին հնարավորություն տալ կրթություն ստանալ արտասահմանում: Սակայն, կարծում եմ, հայաստանյան քոլեջներն այսօր ի վիճակի են տալ այնպիսի կրթություն, որը չի զիջում արտասահմանում իրականացվողին»: Անդրադառնալով կրեդիտային համակարգի ներդրման անհրաժեշտությանը, պարոն Քոչարյանը նկատեց. «Իհարկե, դա առանձնապես մի բան չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ քոլեջներում կրթությունը երկու տարով է: Կրեդիտային համակարգի արդյունքները կարելի է տեսնել ավելի երկար ժամանակահատվածում: Բայց մյուս կողմից էլ ինչ արած, եթե Եվրոպան մի բան անում է, մենք էլ դա պիտի կիրառենք, միայն թե դա անենք մարդավարի, ոչ թե հայավարի»:
Բարձրացված խնդիրների մասին զրուցեցինք ԿԳՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանի հետ: Նա տեղեկացրեց, որ կրեդիտային համակարգը նախ կփորձարկվի մի քանի քոլեջներում, այնուհետեւ կտարածվի մյուսների վրա: Սակայն այն հարցը, թե ինչպես են հասցնելու եւ՛ դաշտում եղած խնդիրները հարթել, եւ՛ համակարգը փորձարկել, եւ՛ ներդրնել մինչեւ 2012-ը, այդպես էլ մնում է անպատասխան: Մեր այն դիտարկմանը, թե բուհերում դեռ չենք հասցրել ինչպես հարկն է ներդնել կրեդիտային համակարգը, ի՞նչ անհրաժեշտություն կար հիմա էլ քոլեջների վրա տարածել, պարոն Աբրահամյանը արձագանքեց՝ կրկին հղում անելով եվրոպական փաստաթղթին, թե պիտի ապահովեն շարժունություն, փոխվստահություն եւ այլն: Գործողությունների ծրագրում նշված են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծել մինչ կրեդիտային համակարգի ներդրումը: Օրինակ՝ իշխանությունների ներգրավվածությունը ճանաչման եւ սերտիֆիկացման ընթացակարգերում խիստ ցածր է, չկա ֆինանսական անհրաժեշտ բազա, նորմատիվ ակտեր, համապատասխան աշխատակազմ: Անդրադառնալով այս խնդիրներին՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ նախատեսվում է առաջիկայում մշակել մի շարք նորմատիվ ակտեր. «Ինչ վերաբերում է աշխատակազմին, ապա բոլորին էլ հայտնի է, որ այսօր քոլեջներում աշխատանքը գրավիչ չէ, ինչը կապված է ցածր աշխատավարձի հետ՝ 35-45 հազար դրամ: Այս հարցը պետք է լուծվի արտաբյուջետային միջոցների հաշվին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել