Պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկում կատարված ողբերգական դեպքը, որի հետեւանքով 4 ժամկետային զինծառայող զոհվել էր եւ 4-ը՝ վիրավորվել, ցավոք, այս տարի մեր բանակում տեղի ունեցած եզակի դեպքը չէր: ՀՀ ԶՈՒ-ի տարբեր կորպուսներում կատարված դեպքերը եւս առիթ են տալիս մտածելու, որ հայոց բանակում բարոյահոգեբանական վիճակը վատացել է: Դրանից բխում է, որ մարտական պատրաստությունն էլ լրջորեն տուժում է: Սակայն վերջերս անցկացված զորավարժությունը ցույց տվեց, որ ՊԲ-ի ստորաբաժանումները գտնվում են գերազանց պատրաստության մեջ, պրոֆեսիոնալ են եւ պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Աննախադեպ զորավարժության արդյունքներից մեկն էլ այն էր, որ զոհեր չեղան, ինչն այս մասշտաբի զորավարժությունների դեպքում խոսում է ստորաբաժանումների բարձր պատրաստվածության եւ հրամանատարական կազմի արհեստավարժության, օպերատիվ բարդ խնդիրներ կատարելու կարողության մասին:
Չնայած սրան՝ ամռանը Մարտունու զորամասերից մեկում եւ օրերս էլ հարավային զորամասերից մեկում տեղի ունեցածը լրջորեն հարվածում է բանակի հեղինակությանը, նոր հույսեր արթնացնում սահմանից այն կողմ: Վերջին դեպքի կապակցությամբ արցախյան հասարակական կազմակերպություններից մեկը պահանջել էր Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին: Ողջունելով հասարակական ակտիվությունը բանակում կատարվածի հանդեպ, այնուամենայնիվ, վերլուծելով որոշակի փաստեր, գալիս ենք այն եզրակացության, որ տվյալ դեպքում նախարարի ով լինելը չի կանխում հետագա նման դեպքերի կրկնությունը մեր բանակում: Ավելին, ինչպես նշեցինք, պաշտպանության բանակի հրամանատարը գերազանց է հանձնել իր քննությունը, վկան՝ վերջին զորավարժությունները, բանակը պատրաստ է իր առջեւ դրված մարտավարական եւ մարտական խնդիրների կատարմանը:
Ամառվա դեպքի պատճառ էր հանդիսացել ժամկետային զինծառայողը, որը, ինչպես հետագայում պարզեց հայաստանյան մամուլը, ԱՄՆ-ում զենք կրելու իրավունք չէր ունեցել, անհավասարակշիռ հոգեկան վիճակ է ունեցել եւ բանակում հայտնվել է կոռուպցիայի հետեւանքով՝ երեւանյան զինկոմիսարիատներից մեկի անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ըստ վերջին դեպքի որոշ ականատեսների, միջադեպի պատճառը վրեժխնդրությունն է եղել, որին դիմել է ժամկետային զինծառայողը իր մի շարք ժամկետային ծառայակիցների նկատմամբ:
Ցավոք, մեր հասարակության արատներն ամենացայտուն ձեւով են դրսեւորվում բանակում՝ հաշվի առնելով ծառայության արտակարգ պայմանները: Տարբեր բնավորության, տարբեր միջավայրերից եկածների մեկտեղելն էլ բերում է անխուսափելի կոնֆլիկտների, հատկապես, երբ նրանց մեծ մասը ինքնահաստատման փուլում գտնվող 18-20 տարեկան երիտասարդներ են: Ցավոք, մինչ ծառայության գալը նրանք առնչվում են բանակի մասին հասարակության մեջ թափառող ոչ առողջ մոտեցումների ու ստերեոտիպերի, ինչն էլ հիմք է հանդիսանում նախատրամադրվածության: 5-6 տարի առաջ զինծառայողների միջեւ հիմնական կոնֆլիկտներն առաջանում էին բանակում ստորացուցիչ համարվող ոչ մարտական գործունեության հետ կապված (օրինակ՝ զուգարան մաքրելը), սակայն այդ հարցը լուծվեց քաղաքացիական անձանցից հավաքարարների հաստիքներ բացելով: Այսօր բանակում՝ խուսափելու համար օրերս կատարվածի կրկնությունից, կարեւորում եմ հասարակական դաշտի ակտիվությունը: Պաշտպանության նախարարություններին կից տարբեր հասարակական խորհուրդները, բանակի եւ երիտասարդության հարցերով զբաղվող հ/կ-ները պետք է զորամասերում ավելի շատ շփվեն զինծառայողների հետ, լսեն նրանց խնդիրները, կարողանան լուծում տալ դրանց: Քանզի բացասական էներգիայի, բացասական մտադրությունների լիցքաթափման ամենաարդյունավետ տարբերակը շփումն է, վիրավորվածին լսելը: Այլ կերպ՝ բացասականը կուտակվում է եւ վերածվում պայթյունի: