ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց Լոռու մարզի դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, 2010թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վոլոդյա Ղուկասյանի նախագահությամբ, բավարարել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ Լոռու մարզի դատախազության անգործության, այն է՝ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվել էր օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնել եւ դրա պատճենը ներկայացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը: «Կայացվել է օրինական որոշում, դատավարության ընթացքում նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ՝ ոչ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի, ոչ վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել, եղել է օրինական դատական նիստ»,- տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:
Չի բացառվում, որ Լոռու մարզի դատախազությունը15-օրյա ժամկետում այս վճիռը բողոքարկի ՀՀ վճռաբեկ դատարան: Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար իրավապաշտպան կազմակերպությանն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության 3 աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը: Քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել է Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունը, սակայն, որոշում չէր կայացրել, այլ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել էր գրությամբ:
«Որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լոռու մարզի դատախազությունը պարտավորվելու է կատարել դատարանների կայացրած որոշումները, հակառակ դեպքում՝ այն կկատարվի հարկադիր կարգով»,- եզրափակում է իրավաբանը: