80-ամյա Մկրտիչ Տուլակյանի մասին հայկական մամուլը գրում է առաջին անգամ: Մ. Տուլակյանը Խորհրդային Հայաստանի ճանաչված մտավորականներից էր, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կլառնետահարների խմբի կոնցերտմայստերը, կլառնետի հայկական դպրոցի հիմնադիրը: Սակայն, ցավոք, հայտնի մտավորականի մոտ «Առավոտին» տարել է դատարանների հետ կապված նրա մի պատմությունը:
Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Հր. Քոչարի 6/58 տանն է ապրում Մ. Տուլակյանը: Այդ տունը կառուցվել է 1956թ.-ին: Մ. Տուլակյանն ասում է, որ անհատական շինարարության համար իրեն հատկացվել է այդ տարածքը, որպեսզի նա երկհարկանի տուն կառուցի: 1956թ.-ին Տուլակյանը պետությունից 10 000 ռուբլի վարկ է վերցնում եւ ավարտին հասցնում տան կառուցումը:
Տուլակյանի եղբայրը՝ Խորեն Տուլակյանը, որը ներկայումս ապրում է եղբոր երկհարկանի տան առաջին հարկում, ստանում է 3 սենյականոց բնակարան, այն վաճառում է եւ Պռոշյան փողոցում կառուցում տուն: Նա 25 տարի հետո ժամանակավոր գրանցում է խնդրում եղբորից՝ Մկրտչից: Մեր տրամադրության տակ գտնվող, Արաբկիր համայնքի 10 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ Անահիտ Տաքսիլդարյանի պաշտոնական գրությամբ 1999թ. ապրիլի 11-ին վավերացվել է այն փաստը, որ «Խորեն Տուլակյանի ընտանիքը Պռոշյան փողոցում առանձնատուն կառուցելուց հետո կտեղափոխվի»: Ի դեպ, այդ վավերագրի տակ ստորագրել է նաեւ թաղային կոմիտեի նախագահ Աիդա Նալբանդյանը: Նալբանդյանը, որը ավագանու անդամ է նաեւ, վկայում է, որ Մկրտիչ Տուլակյանը տվել է իր համաձայնությունը, որ իր տան 1-ին հարկում փաստացի բնակվի եղբոր ընտանիքը, պայմանով, որ հետագայում բնակտարածության պահանջներ չներկայացնի. «Ներկա եմ եղել այն խոսակցությանը, որ Խորեն Տուլակյանն ասաց, թե մենք առանց այն էլ Պռոշյան փողոցում կառուցում ենք տուն, կառուցելուց հետո կտեղափոխվենք, այնպես որ՝ հաշվառումը կրում է ժամանակավոր բնույթ»: Պռոշյան փողոցում կառուցած տունը վարձակալեց Բրազիլիայի դեսպանատունը, իսկ Խորեն Տուլակյանի ընտանիքը ոչ միայն մնաց 1-ին հարկում, այլեւ դատարաններում փաստում է, որ տունը ստացել է ոչ թե երաժիշտ եղբայրը, այլ՝ իրենց գերդաստանը, եւ որ տունը կառուցելու համար ֆինանսապես ինքն էլ է մասնակցել՝ ներդնելով 22 ռուսական ոսկի, որը ձեռքը էր բերել՝ լինելով ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն: Նա դատարան էր ներկայացրել 1956թ. մարտի 20-ի թվագրությամբ մի համաձայնագիր, որտեղ հավաստել էր իր ոսկի ներդնելու մասին:
«1956թ. որեւէ մեկը չէր համարձակվի խոստովանել, որ ունի 22 ոսկի (ռուսական), եւ այդ մասին գրեր համաձայնագրում»,- ասում է Մ. Տուլակյանը: Վերջինս դատարան ներկայացրած իր առարկություններում պնդել էր նաեւ. «Սերգո Համբարձումյանը, որը դարձավ աշխարհի չեմպիոն՝ իր տնտեսական եւ սոցիալական խնդիրները հոգում էր քյաբաբ ծախելով, իսկ Խորհրդային միության բազմակի չեմպիոն Ռուբեն Մանուկյանն էլ ավտոտեսուչ էր աշխատում»:
Համաձայնագրի հետ կապված Մ. Տուլակյանը վճռաբեկ դատարան ներկայացրած առարկություններում նշում է, որ կեղծված է հողի հասցեատիրոջ անունը, առանց նոտարի հաստատման ներկայացված համաձայնագրից բացակայում է իր հանգուցյալ կնոջ՝ Մարգարիտա Տուլակյանի ստորագրությունը, որը այդ ժամանակ հավասար իրավունքներ է ունեցել հողամասի նկատմամբ:
Նշենք, որ Մ. Տուլակյանի եւ եղբոր՝ Խորենի հարաբերությունները մինչ այս պատմությունը եղել են հրաշալի, երբեք նրանց միջեւ վեճ չի ծագել: Սակայն Մկրտիչ Տուլակյանը ստիպված էր գնալ եղբոր դեմ, պահանջելով, որպեսզի Խորենը, նրա որդին՝ Տիգրանը եւ հարսը հաշվառումից դուրս հանվեն:
Տեղեկացնենք, որ, ըստ թաղապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի տվյալների՝ «24.03. 99-ից մինչեւ 12.02.08թ. Հր. Քոչարի 6/58 տան սեփականատերը հանդիսացել է Մկրտիչ Տուլակյանը եւ նրա կողմից կատարվել են գույքահարկի վճարումները»: Մ. Տուլակյանը, նոր երեւան եկած հանգամանքների հիմքով, դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան: