Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

6-րդ վարչության շները «դեբիլ» են

Նոյեմբեր 24,2010 00:00

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է պետբյուջեից այդքան գումարներ դուրս գրվում իրավապահների «դեբիլ» ու հոտառությունը կորցրած շներին պահելու համար:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացի Ռոման Սարգսյանի հերթական դատավարությունը: Սա, կարելի է ասել, մի դատավարություն է, որտեղ ակնհայտորեն պայքար է գնում 2 գերատեսչությունների՝ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միջեւ: Առաջինը փորձում է, Ռոմանի հարազատների բնորոշմամբ, «հյուսած» գործը ամեն գնով առաջ տանել, երկրորդը՝ ապացուցել, որ Ռոմանն անմեղ է, եւ որ նրա «գլխին թմրանյութի գործ սարքելը» պարզապես նրա եղբորից՝ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա Ս. Սարգսյանից վրեժ լուծելու փորձ է: Նշենք, որ Ռոմանը մեղադրվում է թմրանյութ պահելու եւ տարածելու մեջ: Ռոմանի գործի հիմքում ո՛չ իրեղեն ապացույց, ո՛չ էլ վկաներ կան, որոնք կապացուցեն, որ Ռոմանն իսկապես մեղավոր է: Նախաքննական մարմինը Ռոմանին ձերբակալել է 2 անձի՝ Տիգրան Ղարիբյանի ու Սմբատ Կարա-Պողոսյանի ցուցմունքների հիման վրա, որոնք նույնպես մեղադրվում են թմրանյութեր օգտագործելու եւ տարածելու մեջ: Նրանք իրենց նախաքննական ցուցմունքներում նշել են, որ տասնյակ անգամ Ռոմանից թմրանյութ են ձեռք բերել, սակայն դատարանում թե՛ Տիգրանը եւ թե՛ Սմբատը ասացին, որ իրենք Ռոմանից ոչինչ չեն գնել, թմրանյութի հարցով էլ ընդհանրապես նրա հետ չեն խոսել: Ավելին, Սմբատը նույնիսկ խոստովանեց, որ ինչ էլ որ գրել է՝ 6-րդ վարչության աշխատակիցների ճնշումների ներքո է եղել, իսկ որոշ ցուցմունքներ էլ պարզապես իր կողմից չեն գրված, եւ ձեռագիրն իրեն անծանոթ է, պարզապես իրեն դեմ են տվել, որ դրանց տակ ստորագրի:
Երեկ, ի թիվս այլ անձանց, հարցաքննվեց նաեւ Ռոմանի կինը՝ Սուսաննա Մինասյանը: Նա գործը քննող դատավոր Գագիկ Ավետիսյանին հանգամանալից պատմեց, որ հունվարի 26-ին Ռոմանը տանը քնած է եղել, երբ 6-րդ վարչության աշխատակիցները, ներկայանալով որպես գազի աշխատակիցներ, ներխուժել են իրենց բնակարան եւ տունը խուզարկելուց հետո Ռոմանին տարել: Տիկին Մինասյանը նաեւ հիշեց, թե ինչպես են իրավապահները իր ներկայությամբ մի քանի անգամ նշել, որ «շատ լավ էլ տեղյակ են, թե Ռոմանի եղբայրն ով է, ինչացու է»: Նա նաեւ պատմեց, որ 6-րդ վարչության աշխատակիցներն իրենց հետ վերցրել են ընտանիքի տնտեսած գումարը եւ այն 500 հազար դրամը, որը որպես սպառողական վարկ Ռ. Սարգսյանի կինը վերցրել էր բանկից: Նշենք, որ նախաքննական մարմինը հաշվի չի առել բանկի տրամադրած փաստաթուղթը, եւ ամեն ինչ տարել է այն ուղղությամբ՝ իբրեւ թե այդ գումարը Ռոմանը հավաքել է թմրանյութի վաճառքից: Ի դեպ, Ռոմանի տան խուզարկության ժամանակ իրավապահները ոսկու կշեռք են հայտնաբերել, որի թեւիկներից մեկը կոտրված է եղել: Նրանք իրենց հետ վերցրել են կշեռքի կշռաքարերը միայն, եւ ավելի ուշ, երբ հանձնել են փորձաքննության, հետազոտությունը այդ կշռաքարերի վրա թմրանյութի ալկալոիդներ է հայտնաբերել: Ռոմանի հարազատների կարծիքով, սա, ինչպես եւ մեզի անալիզի նմուշը, նույնպես կեղծած է:
Այս գործով մեղադրող դատախազ Մարատ Հակոբյանը Ս. Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակով են պահել ոսկու կշեռքը, ինչին ի պատասխան՝ տիկին Սուսաննան ասաց, որ շատ տարիներ առաջ իր ամուսինը ոսկու գործ է արել, եւ կշեռքը մինչեւ օրս մնացել է: Դատախազի այն հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞վ կբացատրի կշռաքարերի վրա հայտնաբերված թմրանյութի հետեւանքները, Ս. Մինասյանն ասաց, որ իրենց տանը երբեք թմրանյութ չի եղել, եւ այն ժամանակ, երբ տունը խուզարկել են, անգամ շունը այդ կշեռքը եւ կշռաքարերը մի քանի անգամ հոտոտելով՝ ոչ մի ռեակցիա չի տվել: Ռոմանի կնոջ այս բացատրությունից հետո մեղադրող դատախազը պարզաբանումներ մտցրեց. «Շատ հնարավոր ա, որ էդ շունը դեբիլ լինի կամ հոտառությունը լավ չլինի, որ շունը ռեակցիա չի տվել, էդ չի նշանակում, որ կշռաքարերին թմրանյութի հետքեր չէին կարող լինել»:
Ուսումնասիրելով գործի նյութերը՝ մի պարզ հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է Ռոմանը կոտրված կշեռքով թմրանյութ կշռել, այն դեպքում, երբ նման թանկարժեք  նյութի 1 միլիգրամը հազարներ արժե, իսկ թմրանյութ կշռելու համար, այսպես ասած, ոսկերչական ճշգրտություն է պահանջվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել