Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲՅՈՒՋԵՆ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ Է

Նոյեմբեր 24,2010 00:00

\"\"«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը գտնում է, որ մինչեւ չբարեփոխվի սոցիալական ոլորտին առնչվող
օրենսդրությունը, պետական բյուջեի գումարները հենց այնպես վատնվելու են:

Տիկին Հակոբյանը, որը տարիներ առաջ զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը եւ այսօր էլ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղարն է, սեփական փորձով է համոզվել, որ մեր երկրում, մասնավորապես, սոցիալական ոլորտին առնչվող օրենսդրությունը հակասոցիալական է: Կ. Հակոբյանի կարծիքով, ՀՀ վարչապետը եւ բյուջեի համար պատասխանատու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում, երբ հայտարարում են, որ 2011թ. բյուջեն հստակ սոցիալական ուղղվածության է, այն դեպքում, երբ կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներին առնչվող մի շարք օրենքներ անտրամաբանական են, քանի որ, ըստ տիկին Հակոբյանի՝ «նպատակներն են խարդախ»:
«Արդեն որերորդ տարին է՝ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ բյուջեն սոցիալական ուղղվածության է, ինչը, իմ համոզմամբ, մերկապարանոց հայտարարություն է: Ակնհայտ է, որ բյուջեն կարող է լինել սոցիալական, երբ հենված է սոցիալական ուղղվածության վրա: Մեզ մոտ հիմա մի պարադոքսալ վիճակ է. մի կողմից՝ բյուջեում գումարներն իսկապես ավելացնում են, որոնք պետք է ուղղված լինեն սոցիալական կարիքների բարելավմանը, մյուս կողմից՝ օրենսդրությունը, որն առանց այն էլ սոցիալական չէ, էլ ավելի է դառնում հակասոցիալական»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Կ. Հակոբյանը: Տիկին Հակոբյանը, մատնացույց անելով կրթության եւ առողջապահության ոլորտներում վերջերս փոփոխված օրենսդրությունը, ասաց. «Ընդամենը 2 ամիս առաջ առողջապահության ոլորտի 4 օրենքներում ընդամենը մեկ բառ փոխեցին. անվճար բառի կողքը ավելացրին «կամ՝ արտոնյալ պայմաններ»: Բոլորս գիտենք, թե ինչպես են իրականացվում անվճար կամ արտոնյալ պայմանները: Այսօր պետպատվերի հատկացումները տեսականորեն անվերահսկելի են, բացի այդ, պետպատվերով բուժման մեխանիզմները քաղաքացու համար հնարավորինս բարդացված են, անվճար բուժվելու համար մարդը պետք է ընկնի դռնեդուռ, որպեսզի հազարումի թուղթ հավաքի: Մեկ այլ դեպքում էլ անվճար բուժօգնությունից օգտվելու հնարավորությունը նվազեցնում են, միեւնույն ժամանակ առողջապահության ոլորտին հատկացվող գումարներն ավելացնում են, եւ այդ գումարները մեր աչքի առաջ վերածվում են «համմերների», «ջիփերի» ու ռեստորանների: Այսինքն՝ երբ օրենսդրական այդ հիմքը չկա, այդ բյուջեն հիշեցնում է անտակ տակառի, որքան լցնես, միեւնույն է՝ դատարկ է լինելու: Ավելի լավ կլինի, որ այդ իմիտացիան սոցիալական ուղղվածության չլինի, որպեսզի մենք իրական խնդիրները կարողանանք տեսնել: Այսօր երբ նայում ենք Երեւան քաղաքին, տեսնում ենք՝ շքեղ խանութներ են բացվում, քաղաքը դուրս է գալիս արտաքին խեղճությունից, բայց այդ ամենն ընդամենը շղարշ է եւ վտանգավոր, քանի որ այդ ամենը նման է մի շքեղ հագուստի, որի տակ մարմինը հիվանդ է, հյուծված, ու քայքայվելուց վերքերն ավելի են խորանում: Առողջապահությունը մարդու ապրելու իրավունքն է, եւ ի՞նչ սոցիալական ապահովության մասին կարող է խոսք լինել, եթե մարդու առողջ լինելու այդ նվազագույն իրավունքը պետությունը չի ապահովում»:
Կ. Հակոբյանի խոսքերով, այսօր ձեւավորվել է «օլիգարխիկ բժիշկների մի խումբ», որը ժողովրդին բուժծառայություն է մատուցում շատ բարձր գներով. «Երկրաշարժի տարիներին Հայաստանը մեծ քանակությամբ բուժտեխնիկա է նվեր ստացել, որը պատկանում է ժողովրդին եւ հետագայում էլ պետք է ծառայեր ժողովրդին, սակայն այսօր քաղաքացիները այդ բուժտեխնիկայի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում շատ բարձր գներ վճարել: Առողջապահության բարեգործություններն էլ ուղղակի ֆարս են, սա այն ոլորտն է, որը 100%-ով պետության պարտականությունն է. եթե պետությունը գոնե իր նվազագույն պարտականությունը չի կատարում, պարզապես ֆիկցիա է: Որեւէ զարգացած երկրում առողջապահությունը բարեգործության ոլորտ չի կարող լինել: Սակայն այն, ինչ մեզ մոտ հիմա տեսնում ենք, այն ստորացված վիճակը, որի մեջ դնում են ժողովրդին, ուղղակի անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ ընդհանրապես օրենքով պետք է արգելվի առողջապահության ոլորտում բարեգործությունը, առողջապահությունը պետության պարտականությունն է: Առողջապահության նախարարը հայտարարեց, որ պետպատվերի գումարները նվազել են, ինչո՞ւ են նվազում, ի՞նչ է, մենք այլեւս չունե՞նք այդ սոցիալական խնդիրը»:
Անդրադառնալով կրթության եւ մասնավորապես՝ բարձրագույն կրթության օրենսդրությանը, որը նաեւ անմիջականորեն կապված է հանրակրթության հետ, Կ. Հակոբյանը գտնում է, որ օրենքի այն փոփոխությունը, որով ստեղծվեցին ավագ դպրոցները, իր մեջ, հատկապես մարզերի եւ գյուղերի համար, մեծ վտանգ է պարունակում. «Այսօր մենք լրիվ կտրել ենք գյուղից քաղաք կրթություն ստանալու ճանապարհը, իսկ գյուղը այն արյունատար անոթն է, որով սնվում է քաղաքը. եթե մենք դա կտրում ենք, քաղաքը շուտով կմահանա: Բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք այս տարիների ընթացքում եղան՝ սկսած ավագ դպրոցից, որ 3-4 գյուղեր իրար միացվեն, պարզապես անհասկանալի են, ինչպե՞ս են այդ երեխաները գնալու, ոչ մեքենա ունեն, ոչ ավտոբուս, այսինքն՝ ի սկզբանե մենք չենք տալիս հնարավորություն, իսկ ամբողջ ներուժը հենց գյուղերում է, չէ՞»:
Կ. Հակոբյանի ներկայացմամբ, մեկ տարի առաջ մի հասարակական կազմակերպության հետ ուսումնասիրել են պետպատվերով ուսում ստացող ուսանողների ցանկը եւ պարզել, որ այդ ցանկում ընդգրկված ուսանողների մեծ մասը ապահովված ընտանիքներից է. «Ճիշտ է, դրա անունը պետպատվեր է, բայց դա կոչվում է ուսանողական նպաստ, ու այդ նպաստն այսօր ստանում են նախարարների ու գործարարների երեխաները: Ճիշտ է, նրանք երբեք չեն ասում, որ դա ուսանողական նպաստ է, եւ անունը դնում են, որ լավ սովորելու համար կրթաթոշակ են ստանում, բայց հստակ գրված է, որ պետությունը ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է տրամադրում 1-ին ուստարվա քննությունների եւ ստուգարքների արդյունքներում առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով: Նախ՝ այս ամենը լրիվ կոռուպցիայի բուն է, եւ երկրորդ՝ ի՞նչ կապ ունի ուսանողական նպաստը լավ սովորելու հետ»:
Ինչ վերաբերում է դրամաշնորհներով իրականացվող սոցիալական ծրագրերին, ապա Կ. Հակոբյանը պատմեց, թե ինչպես են իրեն տարիներ առաջ, երբ փոխնախարար է եղել, «մեկուսացրել» Եվրահանձնաժողովի եւ ՀՀ կառավարության նախաձեռնած մի ծրագրից, երբ ընդդիմացել է՝ ծրագրի թերությունների հետ կապված: Նշենք, որ խոսքը այն «խայտառակ» ու աղմկահարույց ծրագրի մասին է, որի տապալման պատճառով մանկատան հարյուրավոր երեխաներ մնացին անտուն: Իսկ գումարների յուրացումների մասին բացահայտումները հանրությանը ներկայացրեց ՀՀ Վերահսկիչ պալատը:
«Երբ այդ ծրագիրը 2003-ին հաստատվում էր, ես փոխնախարար էի եւ մասնակցում էի քննարկումներին: Ի սկզբանե ծրագիրն արդեն շեղվում էր իր բուն նպատակից, եւ ես դրա դեմ պայքարում էի: Իմ պայքարի արդյունքում ինձ մեկուսացրեցին այդ ծրագրից, բայց ես այդ փաստերը եւ թվերը շատ լավ հիշում եմ: Մանկատան երեխաներին բնակարանով ապահովելու հարցը Եվրահանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի շրջանակներում էր իրագործվում, ըստ որի՝ 200-250 երեխա պետք է ապահովվեր բնակարանով: Այդ նպատակի համար Եվրահանձնաժողովը 17 միլիոն եվրո էր փոխանցում պետական բյուջե: Եթե այդ 17 միլիոն եվրոն նպատակային ծախսվեր, այդ 200 հոգու բնակարանի հարցը միանշանակ կլուծվեր: Ընդհանրապես այսպիսի ծրագրեր շատ-շատ են լինում, ահռելի մեծ գումարներ են տրամադրվում դրամաշնորհների ձեւով, որոնց արդյունքը մենք այդպես էլ չենք տեսնում: Կառավարությունը կարող է առողջ լինել եւ արդյունավետ աշխատել, եթե կենտրոնախույս ուժի օրենքը գործում է, եթե յուրաքանչյուր նախարարություն շահագրգիռ նախարարություն է իր ոլորտի համար, յուրաքանչյուրը գիտի իր առաքելությունը եւ պաշտպանում է իր շահերը: Ամբողջ գաղափարախոսությունը սխալ է: Այսքան տարի է՝ խոսում ենք անօթեւանների խնդրից: Մեր երկրում 180 անօթեւան կա, դա ի՞նչ խնդիր է, որ կառավարությունը չի կարողանում լուծել, այն գումարները, որոնք հատկացնում են սոցիալական խնդիրներին, եթե դրա 5%-ն էլ հատկացնեն, անօթեւանների խնդիրը կլուծվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել