2010 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի կունենա ՀՀ տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման եւ եկամուտների երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հանքային իրավունքի ձեւավորման առաջնահերթություն ստանալու ընդհանուր դասական աճուրդ: Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը աճուրդի մասին հայտարարություն է տարածել: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդում ներկայացված է նաեւ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Հիշեցնենք, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հանքը շահագործելու լիցենզիան կասեցրել է՝ «Սիփան 1» ընկերությանը զրկելով հանքի շահագործման իրավունքից: Ավելի քան մեկ տարի է, ինչ ընկերությունը դատական ատյաններում վիճարկում է նախարարի այդ որոշումը: Դեռ ամիսներ առաջ էր նախարարը հայտարարել, որ հանքով հետաքրքրվողներ կան ու առաջիկայում այն աճուրդի կհանվի: Բայց ուշագրավ է այն փաստը, որ ավելի ուշ պարզվել էր, որ նախարարը նման հայտարարություն ներկայացնելու իրավունք չուներ: Բանն այն է, որ 2009թ. հունիսի 23-ի որոշմամբ, ՀՀ վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյանի գլխավորությամբ, բավարարել էր «Սիփան 1» ՍՊԸ-ի փաստաբան Կարեն Թունյանի միջնորդությունը՝ արգելելով «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերման իրավունքն այլ անձի տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարելը, ինչպես նաեւ այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության, հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը»: Իբրեւ հիմնավորում էլ նշվել էր այն, որ ընթացող դատական գործով հայցվորը, փաստորեն, փորձում է վերականգնել իր իրավունքները, որը ոտնահարել է ՀՀ կառավարությունը՝ Արմեն Մովսիսյանի թիվ 147-ԱԶ հրամանով, եւ այդ ընթացքում այլ գործողությունների ձեռնարկումը կդժվարացնի կամ անհնարն կդարձնի դատական ակտի կատարումը: Հատկանշական է, որ արդեն 2010թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կ. Բաղդասարյանի գլխավորությամբ, հայցվորի ներկայացրած նույն հիմքով միջնորդությունը մերժում է՝ պատճառաբանելով, որ «Հայցվորը չի հիմնավորել, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»:
Իսկ թե ինչու էին մեկ տարի առաջ նույն հարցի վերաբերյալ հայցվորի ներկայացրած նույն հիմքերը բավարարում ՀՀ վարչական դատարանին, իսկ հիմա՝ ոչ, թողնում ենք ընթերցողի դատին՝ տեղեկացնելով միայն, որ «Սիփան 1-ի» հայցն ընդդեմ նախարարության՝ ներկայումս վճռաբեկ դատարանում է: