Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դե թող բոլորին էլ պատժի քաղաքապետարանը, է՞»

Նոյեմբեր 24,2010 00:00

«Առավոտի» նոյեմբերի 20-ի համարում տեղ գտած «Համատիրության նախագահը ոտնահարո՞ւմ է բնակիչների իրավունքները» հրապարակմանն արձագանքելով՝ շենքի բնակիչ Աստղիկ Խաչատուրովան մեզ ներկայացրեց մի քանի նկատառումներ. «Հարեւանուհուս եւ իմ ներդրումներով վերջին շրջանում վերանորոգվել է մեր շենքի շքամուտքը՝ առաջինից մինչեւ չորրորդ հարկ (նախորդ հոդվածում արդեն նշել էինք, որ նրանք նույն հարկի բնակիչներ են եւ մուտքի ներսում շինարարություն են սկսել- Ա. Ս.), բոլոր հարկերում տեղադրվել են եվրոպատուհաններ, փոխվել է մուտքի դուռը: Բայց տարօրինակը գիտե՞ք որն է, նշված բոլոր աշխատանքների ժամանակ հարեւանս՝ Լեւոն Գայֆաջյանը, միայն ոգեւորում էր մեզ, չէր բողոքում: Ինչո՞ւ չի բողոքում, որ իրենց բնակարանի կրկնակի դուռը հարթակի վրա է բացվում կամ՝ որ իրենց բնակարանի կողմից քանդել է հիմնական պատը, լուսամուտ բացել, ինչի արդյունքում հիմնական պատերի վրա ճաքեր են առաջացել: Նրանք հորով-մորով արեցին իրենց խախտումները, հետո նոր դարձան արդարության պաշտպաննե՞ր»: Տիկին Խաչատուրովան ընդունեց, որ խախտում էին թույլ տվել, բայց նա նաեւ պատմեց. «Ժամանակին շենքի բոլոր բնակիչներն էլ դռները մի քիչ առաջ են բերել, ինչը, հավատացեք, ոչ ոքի էլ չի խանգարել, որովհետեւ հարթակը բավականին ընդարձակ է: Այդ շարքից էր նաեւ մեր խախտումը»:
Տիկին Խաչատուրովան նաեւ ասաց, որ «Առավոտի» նախորդ հրապարակումից հետո քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ եկան ու անմիջապես գործի անցան. «Նրանք նույնիսկ չսպասեցին հարեւանուհուս, որ արտասահմանից գա ու ներկայացնի կադաստրում գտնվող թույլտվության փաստաթղթերը: Օրինակելի օպերատիվություն, բայց եւ զարմանալի կողմնապահություն՝ ինչո՞ւ նրանք չնկատեցին պարոն Գայֆաջյանի դուրս բացվող դուռը եւ ճաղապատ լուսամուտն ու պատի ճաքը»: Ի պատասխան տիկին Խաչատուրովայի, շենքի նույն հարկի բնակիչ Լեւոն Գայֆաջյանն էլ պատասխանեց. «Պետք լինի կարող եմ պատուհանը փակել, այնպես՝ ինչպես բացել եմ, բայց եթե ես փակեմ, ուրեմն 3-րդ, 4-րդ հարկերի հարեւաններս էլ կրող պատերը պետք է ամրացնեն: Հետո էլ, երբ պատուհան էի բացում, Խաչատուրովան համատիրության նախագահն էր, ու թող այդ ժամանակ արգելեր»:
Ի դեպ, Աստղիկ Խաչատուրովան էլ մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ թե համատիրության նախագահն է, այլ շենքի լիազորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել