Կոնյակ, գինի, օղի, շամպայն խմելուց, խոզի ազդր, ձկնկիթ ու երշիկեղեն ուտելուց հետո Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, լավ էր երեւում:
Երեւանի շամպայն գինիների գործարանի տնօրենը
նախագահին հավաստիացնում էր, որ իրենք մրցակից չունեն: Նախագահը հետաքրքրվեց, թե խանութում ի՞նչ արժե այդ շամպայնն ու զարմացավ, որ այն 1400 դրամ է:
Իսկ այս տաղավարում Սերժ Սարգսյանը խմեց Իջեւանի
գինիների հաջողության կենացը:
Երեկ «Արմպրոդէքսպո 2010» 10-րդ միջազգային ցուցահանդեսի բացումն էր, որտեղ ներկայացված էին հիմնականում հայրենական արտադրության մսամթերք, ոգելից խմիչքներ, պահածոներ ու քաղցրավենիք: Մինչ ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ արտադրողները շատ հուզված էին, որովհետեւ նախագահ Սերժ Սարգսյանն էր գալու եւ մտածում էին ամեն ինչ անել՝ նրա ուշադրությունն իրենց տաղավարի կողմ գրավելու համար: Հատկապես անհանգիստ էր մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բարի սամարացի» ընկերության նախագահ Հովհաննես Հովակիմյանը: Նա նախագահին ողջունելու համար իր աշխատակիցների հետ տեքստ էր պատրաստում ու անգիր սովորում՝ երկար մտատանջվելով. Սերժ Սարգսյանին ո՞ր բառը ասի՝ իրենց ընկերությունը մեծ առաջընթա՞ց ունի, թե՞ վերելքներ:
Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ շրջում էին տաղավարների մոտով, արտադրողներից գները հարցնում, արտահանման խնդիրներից հետաքրքրվում, համտեսում ու գնում: Հենց այդ քաղաքավարության համտեսի արդյունքում, եթե թվարկենք, թե ինչերից օգտվեց նախագահը, կարելի է ասել, որ ցուցահանդեսից նա պետք է որ լուրջ չհեռանար: Ոգելից խմիչքներից սկզբում նախագահը փորձեց Ծառուկյանների արտադրանքը՝ «Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» «Նոյ» կոնյակը: Այնուհետեւ այցելեց Իջեւանի գինու, կոնյակի գործարանի տաղավար ու այնտեղ մեկ բաժակ «Հին Իջեւան» գինի խմեց, մեկ բաժակ բելառուսական օղի խմեց, հետո կանգ առավ «Կոտայք» գարեջրի տաղավարի մոտ ու լավ էր, որ գոնե այդ ամենին նաեւ գարեջուր ու հայկական «Բարով» եւ «Խերով» օղիները չխառնեց: Երբ Իջեւանի գործարանի ներկայացուցիչներին հարցրինք՝ կարելի՞ էր իրենց հյուրասիրած գինին խառնել այլ խմիչքների հետ, նրանք պատասխանեցին՝ «Բնականաբար՝ ոչ, բայց նա մեր գինին շատ հավանեց, դրա համար էլ մինչեւ վերջ խմեց»:
Նշենք, որ ընթացքում Ս. Սարգսյանը նաեւ «Մարիաննայի» արքայախնձորի կաթնային կոկտեյլ խմեց, համտեսեց «Բեկոն» ընկերության 8 ամսվա հնեցման խոզի ազդրից, «Էլնոր» ընկերության կարագով եւ ձկնկիթով բուտերբրոդ ու հայկական արտադրության ձիթապտուղ կերավ, նաեւ օգտվեց «Բարի սամարացիի» մսամթերքից: «Մեծարգո նախագահն ասաց, որ օգտվում է եւ հավանում է մեր երշիկները, խնդրեց, որ գինը չբարձրացնենք ու միշտ շուկայում մնանք, դուք հասկանո՞ւմ եք դա ինչ գնահատական է»,- մեզ հետ զրույցում ոգեւորված պատմեց արդեն հուզմունքը հաղթահարած Հ. Հովակիմյանը: «Բիոկաթ պլյուս» ընկերության տնօրենը նույնպես շատ էր ուրախացել, ինչ է թե՝ Ս. Սարգսյանը հանձնարարել էր Գերասիմ Ալավերդյանին՝ «Ոռոգման ջրի, այգիների հետ կապված ինչով կարող եք՝ օգնեք»: Ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանի խոսքերով՝ «Եթե նույնիսկ ոչինչ էլ չանեն, նախագահի խոսքերն արդեն ինձ «դուխ» տվեցին»: